Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը փետրվարի 23-ին ընդունել է Գերմանական տնտեսական թիմի գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչիին եւ թիմի Հայաստանի ծրագրերի պատասխանատու Դմիտրի Չերվյակովին:
Ողջունելով հյուրերին՝ Բաբկեն Թունյանն արժեւորել է մեր երկրում Գերմանական տնտեսական թիմի գործունեությունը, որը խորհրդատվական աջակցություն է տրամադրում ՀՀ կառավարությանը:
Անցյալ տարի Բաբկեն Թունյանի մասնակցությամբ հայ խորհրդարանականները թիմի ներկայացուցիչների հետ Բեռլինում կայացած հանդիպման ընթացքում նաեւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ համագործակցելու պայմանավորվածություն են ձեռք բերել՝ նպատակ ունենալով մի շարք հարցերի վերաբերյալ ներկայացնելու խորհրդատվություն եւ ուսումնասիրություն:
Գերմանական տնտեսական թիմի ներկայացուցիչները Բաբկեն Թունյանին են ներկայացրել տնտեսական իրադրության վերաբերյալ իրենց կատարած վերլուծությունները:
Կողմերը քննարկել են հետագա անելիքներին, համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր, վերահաստատել փոխգործակցության անհրաժեշտությունը:
Հանդիպմանը ներկա են եղել ԳԴՀ փոխդեսպան Էրիկ Թինտրուպը եւ Գերմանական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը: