National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
28.02.2023
Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) խորհրդարանական պրակտիկայի եւ ֆելլոուշիփի ծրագրի շրջանավարտներին հանձնվել են վկայականներ
1 / 8

Կարծում եմ` այստեղ ձեռք բերած փորձն ու գիտելիքները ճիշտ մեկնարկ կլինեն հետագա կարիերայի ընթացքում եւ մեծ խթան՝ օրենսդիր մարմնի գործունեությունն առարկայական պատկերացնելու հարցում. նշել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շնորհավորելով Ազգային ժողովրդավարական ինստիտուտի խորհրդարանական պրակտիկայի եւ ֆելլոուշիփի ծրագրի 2022 թվականի շրջանավարտներին:

Խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովրդավարական ինստիտուտին՝ երիտասարդներին հնարավորություն տալու եւ հետեւողական աշխատանքի համար, ինչպես նաեւ Ազգային ժողովի այն պատգամավորներին ու աշխատակիցներին, որոնց ջանքերով երիտասարդներն իրենց համար բացահայտել են Ազգային ժողովը:

«Մշտապես հաճելի է տեսնել պայծառ երիտասարդների, որոնք հետաքրքրվում են իրենց երկրի ապագայով եւ մյուսներին էլ կարողանում են մոտիվացնել: Համենայնդեպս, այստեղ հավաքվածներին դա հաջողվել է, եւ ես ստացված եմ համարում իրականություն դարձած 4-ամյա գաղափարը»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Ծրագրի շրջանավարտներին շնորհավորել է նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը՝ վստահություն հայտնելով, որ նրանցից շատերը թեւակոխում են մասնագիտական գործունեության նոր փուլ: ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը կարեւորել է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը եւ նշել, որ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետ ավանդական դարձած համագործակցության արդյունքում ծրագրի շահառուները շուրջ տասն ամիս մասնագիտական փորձնակություն են անցնում խորհրդարանում:

«Այս համագործակցությունը պարարտ հող է ստեղծում երիտասարդ մասնագետների համար՝ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատանքների ոչ միայն ծանոթացման եւ ուսուցման, այլեւ աշխատանքներին ներգրավման, նաեւ հետագայում՝ լավագույններին աշխատանքային առաջարկություններ անելու տեսանկյունից»,- նշել է Դավիթ Առաքելյանը: Նա տեղեկացրել է, որ այս ամիս մեկնարկել է  Ազգային ժողովրդավարական ինստիտուտի նոր փորձնակների եւ ֆելլոուների ուսումնական գործընթացը:

Տասն ամիս տեւողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից եւ իրականացվում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) ու Ազգային ժողովի համագործակցության արդյունքում:

Վերջին 4 տարիներին ծրագրի մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու եւ ներգրավվելու խորհրդարանական աշխատանքներին: Նրանք աջակցել են խմբակցություններին եւ մշտական հանձնաժողովներին, պատգամավորներին ու ԱԺ աշխատակազմին՝ իրականացնելով հետազոտություններ, օրենսդրական վերլուծություններ, մամուլի մշտադիտարկում: Փորձնակները պատրաստել են նաեւ մամուլի հաղորդագրություններ, օգնել կառավարել սոցիալական հարթակները, ինչպես նաեւ մասնակցել հանձնաժողովների եւ ԱԺ լիագումար նիստերին: Նրանք աջակցել են նաեւ համայնքային հանդիպումների կազմակերպչական աշխատանքներին:

Ծրագիրն օգնել է երիտասարդներին բարելավել իրենց մասնագիտական հմտությունները: Նրանցից շատերն ընդունել են Ազգային ժողովում աշխատելու առաջարկները:

«Կյանքի այս կարեւոր փուլը ձեզ մի շարք հնարավորություններ է ընձեռել կարիերայում մրցունակ եւ հաջողակ լինելու համար: Սիրելի՛ երիտասարդներ, եղեք համարձակ, ստեղծագործ, մասնագիտական դաշտում մշատապես կատարելագործվեք: Այս տասն ամիսներին ստացած ձեր աշխատանքային փորձը թող առաջնորդի ձեզ առավել մեծ բարձունքներ նվաճելու»,- ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ռեբեկա Ուայթը:

Միջոցառման ավարտին ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ռեբեկա Ուայթը ծրագրի շրջանավարտներին հանձնել են վկայականներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am