Համաձայնագրի նպատակը Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խթանումն է: Ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը` ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Համաձայնագրի կիրարկմամբ նախատեսվում է նպաստել տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ փոխգործակցության ընդլայնմանը, ներառյալ` սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման եւ դրանց համատեղ դիմակայման, տեղեկատվական անվտանգության ապահովման նպատակով վստահության ամրապնդման միջոցառումների համաձայնեցման ու իրականացման, օրենսդրական դաշտի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, ոլորտը կարգավորող իրավական դաշտի զարգացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործունեության համակարգման, ինչպես նաեւ կարողությունների զարգացման ուղղություններով:
Համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի ապրիլի 19-ին:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հետաքրքրվել է` մինչեւ այսօր ինչպե՞ս է ՌԴ-ի հետ իրականացվել համագործակցությունը վերոնշյալ ոլորտներում, արդյո՞ք 30 տարիների ընթացքում ձեւավորված իրավապայմանագրային բազան չի կարգավորել այդ հարցերը: Փոխնախարարը նշել է, որ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին համաձայնագրում, որը կնքվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին, նման կետեր ներառված չեն եղել: Նախկինում որոշ կետեր քննարկվել են աշխատանքային կարգով, իսկ այժմ` տարբեր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այս դարում, անհրաժեշտություն է առաջացել այս հարցերը համակարգել եւ ունենալ փաստաթուղթ, որով կարող ենք առաջնորդվել:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը: