Համաձայնագիրը վավերացնելու նպատակն է երկու պետությունների համապատասխան տարածքների միջեւ օդային հաղորդակցություններ հաստատելը եւ նման հաղորդակցությունների հետ կապված միջազգային համագործակցությունը հնարավորինս խթանելը:
««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի ԱԺ մարտի 1-ի նիստում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Նրա խոսքով համաձայնագրի վավերացումը կնպաստի երկկողմ կանոնավոր թռիչքների ապահովմանը, կխթանի երկկողմ տնտեսական կապերի ակտիվացումը: Կանոնավոր չվերթների իրականացումը խիստ դրականորեն կանդրադառնա սիրիահայ համայնքի` դեպի Հայաստան շարժի, ինչպես նաեւ միջպետական, խորհրդարանական եւ այլ պատվիրակությունների փոխայցելությունների վրա: Համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի մայիսի 14-ին:
Արմեն Սիմոնյանը հայտնել է, որ այսօր Հայաստանի եւ Սիրիայի միջեւ ավիափոխադրություն իրականացվում է շաբաթական մեկ անգամ:
Համաձայնագրի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հովիկ Աղազարյանը: