Փետրվարի 19-21-ը Քիշնեւում կայացած «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 10-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Ազգային ժողովի պատվիրակության կազմում ընդգրկված են եղել պատգամավորներ թե' կառավարող, թե' ընդդիմադիր խմբակցություններից: Այս մասին ասել է կառույցում ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը մարտի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
Մասնակցելով կառույցի 4 հանձնաժողովների նիստերին` հայկական պատվիրակության անդամները բարձրաձայնել են Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման հարցը:
Վեհաժողովն ընդունել է բանաձեւ, որը կոչ է անում լուծել հումանիտար այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ադրբեջանում պահվող հայ անձանց ազատ արձակումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց ճակատագրերի վերաբերյալ տեղեկատվության պարզաբանումը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրագործումը` միտված տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանմանը:
Վեհաժողովը շեշտում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրումը` տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու նպատակով:
Ասուլիսին մասնակցել է նաեւ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանը:
Մանրամասները` տեսանյութում: