National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
01.03.2023
Հայ-մեքսիկական հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ կա. Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ-ում Մեքսիկայի նորանշանակ դեսպանին
1 / 9

Մենք բարձր ենք գնահատում հայ-մեքսիկական հարաբերությունները: Մենք բարեկամ ժողովուրդներ ենք, եւ Հայաստանը շահագրգռված է խորացնելու համագործակցությունը Մեքսիկայի հետ: Այս մասին ասել է Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Գուրգեն Արսենյանը Հայաստանում Մեքսիկայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասի հետ հանդիպման ընթացքում:

Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 1-ին, որին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Տաթեւիկ Գասպարյանը, Թագուհի Ղազարյանը եւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ բարեկամական խմբի ղեկավարը շնորհավորել է նրան Հայաստանում Մեքսիկայի արտակարգ եւ լիազոր դեսպանի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքների արդյունքում կարձանագրվի արդյունավետ փախգործակցություն:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել Մեքսիկան Հայաստանում: Նա նշել է, որ հայ-մեքսիկական հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ է տեսնում:

Բարեկամական խմբի անդամները կարեւորել են միջխորհրդարանական համագործակցությունը՝ նշելով, որ խորհրդարանական բարեկամական խմբի գործունեությունը նոր երանգներ կհաղորդի հայ-մեքսիկական հարաբերություններին:

Գուրգեն Արսենյանը գոհունակությամբ փաստել է, որ 2023 թվականի հունվարին, երբ Հայաստան էր այցելել Մեքսիկայի բարեկամական խմբի պատվիրակությունը, մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել, ձեռք են բերվել որոշ պայմանավորվածություններ: Նա հույս է հայտնել, որ այս ձեւաչափով համագործակցությունը շարունակական կլինի:

Արթուր Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Մեքսիկայի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու համար՝ նշելով, որ նման ոճրագործությունների ճանաչումը եւ դատապարտումը կարեւոր է դրանց հետագա կանխարգելման համար: Ներկայացնելով իրավիճակը Հայաստանում եւ Արցախում՝ պատգամավորը նշել է, որ ակնկալում է նաեւ Մեքսիկայի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում. այն է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշման բովանդակային բանակցություններին:

Թագուհի Ղազարյանը նշել է, որ գիտության, կրթության եւ մշակույթի բնագավառում առկա են համագործակցության մի քանի օրակարգեր, որոնք քննարկվել եւ հստակեցվել Մեքսիկայի բարեկամական խմբի պատվիրակության Հայաստան կատարած այցի ժամանակ: Նա հույս է հայտնել, որ քննարկված ծրագրերը կյանքի կկոչվեն նաեւ դեսպանի աջակցությամբ ու մասնակցությամբ:

Դեսպանը հայ-մեքսիկական հարաբերությունները զարգացնելու գործում համատեղ աշխատելու պատրաստակամություն է հայտնել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am