ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը խորհրդարանում հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին ու Համագործակցության ու զարգացման ֆինանսների գծով խորհրդական Արեւիկ Անափիոսյանին:
Քննարկման առանցքում 2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի հրապարակած որոշումն էր, որով դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին՝ մինչեւ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
Կողմերն ընդգծել են, որ Արդարադատության միջազգային դատարանի՝ միջանկյալ միջոցների կիրառման որոշումն ունի պարտադիր ուժ եւ ստեղծում է միջազգային իրավական պարտավորություններ Ադրբեջանի համար:
«Շեշտել ենք, որ չնայած պարտադիր լինելուն՝ Արդարադատության միջազգային դատարանի պահանջը դեռեւս չի իրականացվել Ադրբեջանի կողմից»,- հավելել է պատգամավորը:
Թագուհի Թովմասյանն անդրադարձել է նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հետ համագործակցության զարգացմանը եւ ընդգծել հանձնաժողովի գործունեության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման կարեւորությունը: