«Դուք վաղվա մեր իշխանությունն եք, դուք եք ղեկավարելու մեր երկիրը: Ձեզ հետ հանդիպումները մեզ համար շատ արդյունավետ են: Դրանց արդյունքում քննարկվելիք հարցերի լուծման ուղիներն ավելի ակնհայտ եւ բախտորոշ են դառնում»,- ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը խորհրդարանում փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների հետ հանդիպմանը:
Պատգամավորը կարեւորել է երիտասարդների ներգրավածությունը Հայաստանի քաղաքական կյանքին եւ արդի խնդիրներին: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ ինքը եւ իր գործընկերներն անում են հնարավորը՝ հասնելու համակարգային խնդիրների նվազման եւ անվտանգության ամրապնդման:
Պատգամավորն անդրադարձել է նաեւ Հայաստանի պետական կառավարման համակարգին, խոսել խորհրդարանի վերահսկողական գործառույթի եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործունեության մասին:
Ուսանողները հետաքրքրվել են 44-օրյա պատերազմում հայրենիքի հանդեպ դավաճանություն գործած անձանց ճակատագրի, նրանց գործողությունների դրդապատճառների վերաբերյալ եւ ըստ այդմ` կիրառվելիք պատժատեսակների մասին:
Անդրադարձ է եղել Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային պետությունների քաղաքականության առանձնահատկություններին:
Ուսանողները կարեւոր են համարել, որ նման հանդիպումները կրեն շարունակական բնույթ: Նրանք նշել են, որ պատգամավորների հետ հանդիպումները շատ արդյունավետ են: