««Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է «բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացությունում ներառել նաեւ ՀՀ փոխվարչապետների հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետների գլխավորած պատվիրակությունները՝ հաշվի առնելով շատ երկրներում, այդ թվում՝ մեր երկրում, փոխվարչապետների գործառութային եւ արարողակարգային ավելի մեծ դերակատարում ունենալու եւ այցերը պատշաճ մակարդակով եւ օպերատիվ կազմակերպելու հանգամանքը. ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 6-ի նիստում ներկայացնելով հարցը:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի հավաստմամբ նախատեսվել է փոխվարչապետի հրավերով Հայաստան ժամանող հյուրերի ֆինանսավորման ձեւաչափը, ինչպես նաեւ սահմանվել, որ բարձրաստիճան պատվիրակությունների՝ ՀՀ այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվության հիման վրա՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի՝ վարչապետի որոշմամբ:
Ըստ փոխնախարարի՝ լիազորող նորմ է սահմանվել ՀՀ վարչապետի համար այն միջազգային կազմակերպությունների եւ այլ միջազգային կառույցների ցանկը սահմանելու մասին որոշման ընդունման նպատակով, որոնց բարձրաստիճան պատվիրակությունները ՀՀ են ժամանում ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ փոխվարչապետների եւ Արտաքին գործերի նախարարի հրավերով:
Մնացական Սաֆարյանը նշել է, որ միջազգային կազմակերպությունների ցանկին ավելացվել է «եւ այլ միջազգային կառույցներ» եզրույթը, որպեսզի Եվրոպական միությունը դուրս չմնա այդ ցանկից: Չնայած Եվրոպական միությունը միջազգային կազմակերպություն չէ, սակայն լիովին վայելում է «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թ. կոնվենցիայով» նախատեսված բոլոր արտոնությունները, քանի որ կոնվենցիայի մշակման պահին միությունը ներկայիս կառուցվածքային առանձնահատկությունները չուներ:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Լենա Նազարյանը մատնանշել է մի շարք դրույթներ, որոնք հստակեցման կարիք ունեն: Դրանք կշտկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
Օրինագիծը ստացել է դրական եզրակացություն: