Առաջարկվում է լրացնել «արտադրական կանեփի գործընթաց» եզրույթի բովանդակությունը՝ ամրագրելով, որ արտադրական կանեփի բույսերի չորացումը նույնպես արտադրական կանեփի գործընթաց է: Օրենքի նախագծով առաջարկվում է նաեւ Կառավարության համար սահմանել լիազորող նորմ՝ արտադրական կանեփի փաթեթավորման, պահեստավորման, տեղափոխման, ոչնչացման վերաբերյալ պահանջները սահմանելու մասին:
Այս եւ առաջարկվող մյուս փոփոխությունների մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ապրիլի 12-ին առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Ըստ հիմնավորման՝ առաջարկվող իրավակարգավորումների անհրաժեշտությունը պայմանավորված է անձանց իրավունքների, օրինական շահերի, բարքերի եւ առողջության պաշտպանության, պետության պաշտպանության եւ անվտանգության ապահովմամբ: Գործող օրենքով արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման, մեծածախ առեւտրի գործունեության իրականացման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում առկա է բիզնես ծրագիր ներկայացնելու պահանջ, որի վերաբերյալ որեւէ օբյեկտիվ գնահատական տալ հնարավոր չէ: Հայտերի եւ կից փաստաթղթերի վերաբերյալ անհրաժեշտ են մասնագիտական կարծիքներ, ուստի առաջարկվում է օրենքով ամրագրել պետական մարմիններից հայտերի եւ կից փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական դիրքորոշումներ ստանալու հնարավորություն: Նախագծով հանվում է քվոտաների խախտման դեպքում լիցենզիայի դադարեցման հիմքը, լիցենզավորված անձին քվոտաները վերանայելու հնարավորություն է տրվում:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը փոխնախարարից հետաքրքրվել է թմրամիջոցների ապօրինի վաճառքով, որը տեղի է ունենում հատկապես տելեգրամյան ալիքներով: Ըստ պատգամավորի ստացած լուրերի՝ թմրամիջոցների վաճառք տեղի է ունենում նաեւ դպրոցներում: Պատգամավորը հետաքրքրվել է թմրամիջոցների դեմ պայքարով:
Լենա Նանուշյանը նշել, է, որ վերջին շրջանում բուժհաստատությունների միջոցով նկատելի է, որ ոչ միայն ավելացել է թմրամիջոցներ օգտագործողների թիվը, այլեւ նկատելի է, որ վերջին տարիներին առավել շատացել են թմրամիջոց օգտագործող երիտասարդները, նրանց թվում կան նաեւ երիտասարդ կանայք: Օգտագործվում են հիմնականում սինթետիկ հոգեխթանիչներ: «Վստահեցնում եմ, որ իրավապահ մարմիններն այդ ուղղությամբ աշխատում են, վերջերս վարչապետի գլխավորությամբ քննարկում էր կազմակերպվել Կառավարությունում, ստացվել են հանձնարարականներ, մասնավորապես, իրազեկումը բարձրացնելու ուղղությամբ: Այժմ նման եւ այլ աշխատանքներ ենք իրականացնում»,- ասել է Լենա Նանուշյանը:
Արձագանքելով՝ Սոնա Ղազարյանն առաջարկել է աշխատել դպրոցների հետ՝ երեխաներին առավել պատկերավոր ներկայացնելով, թե թմրամիջոցներ օգտագործելու հետեւանքով ինչպես կխեղաթյուրվի նրանց կյանքի որակը եւ ինչպիսի անդառնալի հետեւանքներ կլինեն: Լենա Նանուշյանը հայտնել է, որ անցած երկու տարիների ընթացքում ավագ դպրոցներում նման մի քանի հանդիպումներ եղել են, եւ դրանք շարունակելի են: Փոխնախարարը կարեւորել է նաեւ ծնողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը, քանի որ նրանք հաճախ չեն տարբերում, թե արդյոք երեխաները գտնվում են հոգեխթանիչների ազդեցության տակ, թե՞ ոչ:
Լենա Նանուշյանը հայտնել է, որ հոգեխթանիչների օգտագործումը շատ հաճախ հանգեցնում է հոգեկան առողջության հետ կապված խնդիրների:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փաթեթին դրական եզրակացություն է տվել: