Ազգային ժողովն ապրիլի 12-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Նախաձեռնության նպատակն է ստեղծել նպաստավոր միջավայր` ոսկու խտանյութի եւ համաձուլվածքի վերամշակումը կամ զտարկումը ՀՀ-ում իրականացնելու համար:
Զեկուցողի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնությունը լրամշակվել է Կառավարության ներկայացրած երկու խմբագրական առաջարկների հիման վրա. պատգամավորներն առաջարկներ չեն ներկայացրել:
««Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» նախագծի` առաջինից երկրորդ ընթերցում բովանդակային փոփոխություններ չեն կատարվել, միայն եղել են տեխնիկական շտկումներ: Այս մասին տեղեկացրել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Նախաձեռնությամբ փոփոխությունները վերաբերում են նաեւ միջանկյալ կամ հրատապ միջոցներ կիրառելու համար Արդարադատության միջազգային դատարան կամ Եվրոպական դատարան ներկայացուցչի կողմից դիմում ներկայացնելու լիազորությունների սահմանմանը:
«Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններով հստակեցվում է բնագավառում Կառավարության եւ Քաղաքաշինության կոմիտեի լիազորությունների շրջանակը, ինչը հնարավորություն կտա ոլորտում առավել արդյունավետ քաղաքականություն վարել: Ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի` առաջին ընթերցումից հետո նախաձեռնությունը լրամշակվել է պատգամավորների առաջարկների հիման վրա, ինչպես նաեւ` համալրվել ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով:
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արեւիկ Ավոյանը ներկայացրել է ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Նախատեսվում է ապահովել եւ խթանել թվայնացումը եւ թվային փոխակերպումը: Մասնավորապես, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մշակվող, ինչպես նաեւ նոտարների կողմից մշակվող, հաստատվող եւ վավերացվող իրավահաստատող փաստաթղթերը Կադաստրի կոմիտե կներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով:
Կառավարության հեղինակած մեկ այլ նախաձեռնությամբ նախատեսվում է հստակեցնել աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտի պետական քաղաքականության սկզբունքները եւ նպատակները: «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխությունները ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Գործադիրն «Ապրանքային նշանների մասին» օրենքը համապատասխանեցնում է ԵՏՄ պայմանագրի եւ ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին: «Ապրանքային նշանների մասին» օրենքի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունները ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Վահան Քերոբյանի խոսքով Կառավարությունը հետեւողականորեն բարելավում է բիզնես միջավայրը` ազատելով բիզնեսը լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածությունից: Նշվել է, որ ««Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է սահմանին մի շարք ապրանքների գծով հանել ԱԱՀ-ի գանձումը: