ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ապրիլի 12-ին հյուրընկալել են Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության մարդու իրավունքների, արդարադատության եւ իրավական համագործակցության ստանդարտների սահմանման վարչության ղեկավար Նիկոլա-Դանիելե Կանջեմիին եւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին:
Ողջունելով ներկաներին` Հայկ Մամիջանյանն անդրադարձել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, տեղի հայերի խնդիրներին, ինչպես նաեւ կարեւորել է Եվրոպայի խորհրդի ու ՀՀ խորհրդարանի համատեղ աշխատանքն ու մեր երկրում կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների եւ էթիկական սկզբունքների եվրոպական ստանդարտների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը:
Խմբակցության ղեկավարը, խոսելով արցախցիների անվտանգային խնդրից, վստահություն է հայտնել, որ անվտանգության երաշխիք կարող է լինել բացառապես կարգավիճակի խնդրի լուծումը` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:
Հայկ Մամիջանյանն ու Թագուհի Թովմասյանը վերահաստատել են կենսաբժշկության ու մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության պատրաստակամությունը եւ ի թիվս այլ հարցերի` խոսել նաեւ Հայաստանի ներքաղաքական խնդիրներից եւ համապատասխան հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունից: