Խաղաղությանն ուղղված բանակցությունների շրջանակում Հայաստանը հայտարարել է, որ չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ եւ ճանաչում է վերջինիս տարածքային ամբողջականությունը, սակայն այս հայտարարությունները որոշ շրջանակներ ներկայացնում են հրաժարում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքից. ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն այս հարցի առնչությամբ մեկնաբանություն է խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից:
Վարչապետն առաջարկել է անդրադառնալ այն հայեցակարգին, որով հետապնդվել է ԼՂ հարցը մեր անկախության տարիների ընթացքում: Նիկոլ Փաշինյանն այս հարցում երկու մաս է առանձնացնում՝ մինչ Մադրիդյան սկզբունքները եւ դրանից հետո:
«Եթե Մադրիդյան սկզբունքներից առաջ հայկական կողմերի դիրքորոշումն այն էր, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում երբեւէ չի եղել եւ հիմա էլ չէ, հետեւաբար ապագա կարգավիճակի հարցում պայմանավորվելու կարիք կարող է եւ չլինել, քանի որ ԼՂ-ն արդեն ինքնորոշվել է, ապա Մադրիդյան սկզբունքներով արձանագրվում է, որ ԼՂ կարգավիճակի հարցում պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի Ադրբեջանի հետ: Ընդ որում, այդ սկզբունքների նախագծի հեղինակը, ըստ որոշ եւ հավաստի տեղեկությունների, հենց հայկական կողմն է եղել: Հարց է ծագում` եթե Լեռնային Ղարաբաղը մենք, դուք, իրենք չենք համարում Ադրբեջանի մաս, ինչու պետք է ԼՂ կարգավիճակի հարցը համաձայնեցվի Ադրբեջանի հետ: Այստեղ է, որ ինքնորոշվել նշանակում է լինել մի որեւէ տեղ եւ ինքնորոշման իրավունքի իրականացման այդ տեղից տեղափոխվել այլ տեղ: Մադրիդյան սկզբունքներից առաջ այդ տեղը Խորհրդային Միությունն էր, Մադրիդյան սկզբունքներից հետո՝ Ադրբեջանը՝ հենց Մադրիդյան սկզբունքների շրջանակում»,- ընդգծել է ՀՀ վարչապետը ու հավելել՝ «Թարգմանության դեպքում՝ նշանակում է Լեռնային Ղարաբաղը կա կամ պետք է լինի Ադրբեջանի մաս, որ ինքորոշվի, հակառակ դեպքում ումից է ինքնորոշվում: Սա է այդ քաղաքականության իրական բովանդակությունը: Սա մեր մեծագույն բացթողումն է, որը հենց 2018 թվականից այս ամեն ինչը մեր ժողովրդին չենք բացատրել»:
Մանրամասները՝ տեսանյութում: