Մայիսի 29-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց.
-Ես նախ ուզում եմ ասել` դուք գիտեք, որ համաձայն ԱԺ կանոնակարգի` ես ներկայացրել էի իմ հրաժարականը եւ այսօր` հինգ օր անց, ես այն պետք է վերահաստատեմ:
Վերահաստատում եմ իմ հրաժարականը 5-օրյա ժամկետում. քանի որ ԱԺ նիստ չկա, ես դա անում եմ հրապարակային, լրագրողների ներկայությամբ, եւ համաձայն ԱԺ կանոնակարգի` ես վայր եմ դնում ԱԺ նախագահի իմ լիազորությունները:
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել խորհրդարանում հավատարմագրված բոլոր լրագրողներին` որպես ԱԺ նախագահ համատեղ աշխատելու համար: Դուք գիտեք, որ ես հանդիպել եմ ԱԺ աշխատակազմի հետ, հանդիպել եմ ԱԺ պատգամավորների հետ, ելույթ եմ ունեցել Ազգային ժողովում, լրագրողների հետ չէինք հանդիպել: Ես` որպես ԱԺ նախագահ, ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել երեք տարիների համատեղ աշխատանքի համար, շնորհակալություն նաեւ նրանց, ովքեր իմ մասին գրել են ամենասուր ու քննադատական հոդվածները, որովհետեւ քննադատությունն էլ է օգնում առաջ գնալու: Շնորհակալություն բոլոր այն լրագրողներին, ովքեր ինձ ճիշտ են հասկացել, իմ քաղաքական գործունեությունը, եւ ես նրանց համարում եմ ոչ միայն լրագրողներ, այլեւ ընկերներ ինձ, եւ ես վստահ եմ, որ մենք մեր ընկերությունը կշարունակենք նաեւ ապագայում: Ուզում եմ հեռանալ բարությամբ, ոչ թե չարությամբ, ուստի գերադասում եմ այսօր հարցերին չպատասխանել, որովհետեւ բոլոր հարցերին բազմիցս պատասխանվել է, նոր ասելիք չկա:
Կուսակցության հետագա քաղաքական կուրսի մասին հրապարակային բազմիցս գնահատականներ հնչել են, կլինի նաեւ ՕԵԿ-ի արտահերթ համագումարը, որտեղ մենք կհնչեցնենք արդեն վաղվա քաղաքական գործունեությանն առնչվողավելի կանոնակարգված, հստակեցված դիրքորոշումներ` չնայած մեր հրապարակային դիրքորոշումները բոլորին հայտնի են: Ես կարծում եմ, որ շատ բան չկա ավելացնելու այն ասվածին, որ ասել ենք, ուղղակի մենք կճշգրտենք, կհստակեցնենք մեր գործունեության եւ մարտավարությունը, եւ ռազմավարությունը: Կարող եմ ասել, որ ՕԵԿ-ը լինելու է սկզբունքային իր դիրքորոշումների մեջ, վճռական իր գործողությունների մեջ: Մենք պայքարելու ենք այն Հայաստանի ստեղծման համար, որը մենք փայփայում ենք մեր երազների մեջ, այն Հայաստանի ստեղծման համար, որտեղից մարդիկ չեն փախչի, այլ մարդիկ կգան, եւ հայրենադարձությունը կլինի ոչ թե սոսկ երազ, այլ` իրականություն: Ես կարծում եմ, որ մեր համատեղ աշխատանքը բոլոր խումբ-խմբակցություննե րի հետ, այլ քաղաքական ուժերի հետ միտված է լինելու հենց այն Հայաստանի ստեղծմանը, որը կարեւորելու է ապագան, որովհետեւ մեզ համար ապագայի առաջընթացի իրական հույսը շատ ավելի կարեւոր է, քան շատերի համար ոչինչ չտվող ներկան կամ ապրած անցյալի անցանկալի հիշողությունները, իսկ լավ ապագայի համար, լավ Հայաստան ստեղծելու համար ամեն մի քաղաքական կազմակերպություն ունի իր տեսլականը, իր պատկերացումները, մենք էլ ունենք մեր ճանապարհը, ճշմարտության մեր ճանապարհը եւ այդ ճանապարհով գնալու ենք առաջ:
Բոլոր լրագրողներին ուզում եմ նվիրել գրիչներ, որպեսզի բարի լուրեր գրեք, լավ հոդվածներ գրեք, լավ հեռուստատեսային եւ ռադիոռեպորտաժներ գրեք, որոնց մեջ լիքը սեր եւ բարությունն կլինի, ոչ թե չարություն ու նախանձ: Այն ալբոմները, որ ձեզ նվիրում ենք, ուզում եմ լավ նկարներ լինեն ԱԺ-ից եւ հուշեր պահեք խորհրդարանից: Բոլորիդ ջերմորեն շնորհակալություն եմ հայտնում, բոլոր լրագրողներին, ովքեր երեք տարի ինձ հետ հարաբերվել են իբրեւ ԱԺ նախագահ: Այսուհետ էլ մենք կշարունակենք մեր համատեղ աշխատանքը: Բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում եւ ցանկանում եմ ամենայն բարիք: Շնորհակալություն: