National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
25.04.2023
Համաձայնագրով նախատեսվում է իրականացնել «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շուրջ 32 կմ երկարությամբ ճանապարհի շինարարություն, որի աշխատանքները կսկսվեն առաջիկայում
1 / 4

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 25-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ ««Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի թիվ 4 լրացուցիչ համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի` համաձայնագրով նախատեսվում է իրականացնել «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շուրջ 32 կմ երկարությամբ ճանապարհի շինարարություն (Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի մուտք), որի ընդհանուր արժեքը գնահատվում է 236.681.000 ԱՄՆ դոլար, այդ թվում` Եվրասիական զարգացման բանկի կողմի 150.000.000 ԱՄՆ դոլարի չափով վարկային միջոցները եւ ՀՀ համաֆինանսավորումը` մոտ 86,7 մլն դոլարի չափով:

Նշվել է, որ Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի ապրիլի 14-ին ստորագրված ««Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» նախագծի ֆինանասավորման համար Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի թիվ 4 լրացուցիչ համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի նոյեմբերի 17-ին:

Ըստ փոխնախարարի` ծրագրի նպատակն է վերոնշյալ ճանապարհահատվածի թողունակության բարձրացումն ու վթարայնության նվազեցումը:

Քրիստինե Ղալեչյանի հավաստմամբ լրացուցիչ համաձայնագրով նախատեսվում է վարկային միջոցների հասանելիության ժամկետի երկարաձգում եւ Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունն իրականացնելու համար ֆինանսական միջոցների ավելացում:

Փոխնախարարը փաստել է, որ այս տարի կսկսվեն շինարարական աշխատանքները: Ըստ նրա` երեք տարի է նախատեսված շինաշխատանքների համար:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ Կառավարության քաղաքականությունը եւ մեր երկրի նպատակադրումը` դառնալ Հյուսիս-հարավ միջանցքի մաս, Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով-Բուլղարիա-Հունաստան մեծ առեւտրային ուղու մաս դառնալու համար անհրաժեշտություն է ունենալ ժամանակակից, զարգացած ենթակառուցվածքներ, ինչի իրականացմանն ուղղված են համաձայնագրով նախատեսված լրացուցիչ ծախսերը:

Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am