National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
28.04.2023
«Ագաթ» հասարակական կազմակերպությունն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել կատարած աշխատանքի արդյունքները
1 / 6

Հաշմանդամություն ունեցող կանայք իրենց սեռով եւ հաշմանդամությամբ պայմանավորված՝ առավել խոցելի են. նրանք ավելի հաճախ են ենթարկվում խտրականության եւ բռնության:  Կան խնդիրներ, որոնք լուծման համար անհրաժեշտ են օրենսդրական կարգավորումներ. ասել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Հերիքնազ Տիգրանյանը  «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Ոլորտի խնդիրները բացահայտելու նպատակով հասարակական կազմակերպությունն անցկացրել է  ֆոկուս խմբային հանդիպումներ, որոնց արդյունքների հիման վրա արվել են մի շարք առաջարկություններ: Դրանք ապրիլի 28-ին քննարկվել են հանձնաժողովում:

Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ առաջարկների մի մասը վերաբերում է օրենսդիր մարմնին եւ, մասնավորապես,  աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին: Որոշ խնդիրների, ըստ հանձնաժողովի նախագահի,  պետք է տրվեն օրենսդրական լուծումներ: Նա նշել է, որ կան առաջարկներ, որոնք ուղղված են գործադիրին, ՀԿ-ին եւ ԶԼՄ-ին:

«Ցավոք, մենք ունենք ընտանիքում եւ հասարակությունում բռնություն, հատկապես հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ, որոնք իրենց կարգավիճակով, ըստ էության, կրկնակի զոհ են, որովհետեւ նրանք զրկված են իրենց իրավունքների պաշտպանությունից», -ասել է Հերիքնազ Տիգրանյանը:

«Հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ գենդերային բռնության դեմ պայքար Արեւելյան գործընկերության 6 երկրներում» ծրագիրը, որի շրջանակում իրականացվում են ֆոկուս խմբային հանդիպումներ, կարեւորվում է նրանով, որ հանրությանը եւս մեկ անգամ ուղերձ է հղվում  այն մասին, որ ընտանիքներում հաճախակի են  բռնության դեպքերը:

«Քաղաքացիական հասարակության կողմից այս խնդիրների մասին բարձրաձայնելը  որոշում կայացնողների համար պետք է ազդակ լինի, որ անհրաժեշտ է բավարար ջանքեր գործադրել բռնության ենթարկվող հաշմանդամ կանանց այս երեւույթներից զերծ պահելու համար»,- ասել է հանձնաժողովի նախագահը:  Նա առաջարկել է, մասնավորապես, քրեականացնել ընտանիքում բռնությունը, որպեսզի այն զատվի սովորական բռնություն հասկացությունից:

Անհրաժեշտ են նաեւ որոշ կանոնակարգող մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան դուրս բերել ընտանիքից բռնության ենթարկվածին՝ տեղավորելով նրան ապաստարաններում: Այստեղ, ըստ Հերիքնազ Տիգրանյանի, քաղաքացիական հասարակությունն ակնկալում է նաեւ պետական մարմինների աջակցությունը: «Այս ոլորտում անհրաժեշտ է  քաղաքականության փոփոխություն՝ մեր վարքագիծն ու կանոնակարգերը Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանեցնելու համար»,- ասել է հանձնաժողովի նախագահը:

Ծրագրի փորձագետ Գայանե Գրիգորյանը կարեւորել է տեղական քաղաքացիական հասարակական կազմակերպությունների մասնակցությունը հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ գենդերային բռնությունն արձանագրելու գործում՝ հաղորդակցության, շահերի պաշտպանության եւ բարելավված հավասար հնարավորությունների միջոցով: