Գործող կարգավորումներն առաջացնում են կամավոր եւ օրինական աշխատանքի տարանջատման, կամավորություն իրականացնողների ու կամավորական կազմակերպությունների երաշխիքների բացակայության, օտարերկրյա կամավորական աշխատանքներ իրականացնողների ներգրավման խնդիրներ. նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 16-ի նիստում քննարկվել է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Ըստ փոխնախարարի՝ հիմնական օրենքում ամրագրվում են կամավոր եւ օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված աշխատանքները, կամավոր աշխատանքի սուբյեկտները, կամավոր աշխատանքի հետ կապված սահմանափակումներն ու առանձնահատկությունները, կամավորի եւ կազմակերպության միջեւ հարաբերությունների պայմանագրային կարգավորումները:
Ռուբեն Սարգսյանի հավաստմամբ օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կամավոր աշխատանքի ամբողջական օրենսդրական կարգավորմամբ, այդ թվում՝ միասնական իրավական կարգավորումների սահմանմամբ ու առկա իրավական հիմքերի ներդաշնակեցմամբ, ինչն իրավական հիմքեր կստեղծի կազմակերպությունների կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ինստիտուտի զարգացման համար:
Համաձայն ներկայացվող նախագծի՝ կամավոր է համարվում այն քաղաքացին, որը կամավոր աշխատանք է իրականացնում եւ ունի պայմանագիր: Տարիքային ե՛ւ վերին, ե՛ւ ներքին շեմը չունի սահմանափակումներ, սակայն մինչեւ 16 տարեկան, հաշմանդամություն ունեցող, մինչեւ երկու տարեկան երեխա խնամող անձինք կամավորական աշխատանքում կներգրավվեն օրենքով սահմանված սահմանափակումներին ու առանձնահատկություններին համապատասխան: Փաթեթը ներառում է նաեւ առողջության եւ անվտանգության պահպանման, ապահովագրության երաշխիքներ:
Կամավորին կամավորական աշխատանքին ներգրավվելու հնարավորություն ունեն հանրային իշխանությունների մարմինները, այդ թվում՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունները, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այլ իրավաբանական անձինք կամ հիմնարկները եւ հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող՝ շահույթ ստանալու նպատակ հետապնդող իրավաբանական անձինք:
Կամավորական չեն համարվում ընտանեկան կամ ազգակցական հարաբերությունների հիման վրա օգնություն ցուցաբերելու նպատակով կատարվող աշխատանքները, իսկ պետական պաշտպանության ոլորտում կամավորությունը կարգավորվում է առանձին օրենքով:
Փաթեթը միտված է նպաստելու կամավորական ինստիտուտի կայունացմանը, ինչպես նաեւ կրթություն եւ աշխատաշուկա կապի, որակյալ աշխատուժի, քաղաքացիական ակտիվ հասարակության ձեւավորմանը եւ այլն: Այն նաեւ հնարավորություն կտա նոր գիտելիքներ եւ մասնագիտական փորձ ձեռք բերել:
Հիմնական զեկուցողի խոսքով վերոնշյալ փոփոխությունները գրավչություն կապահովեն կամավորական աշխատանքի նկատմամբ:
Ռուբեն Սարգսյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերին, որոնք առնչվել են փրկարարական աշխատանքներին կամավորի մասնակցությանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմաններ ապահովելուն, գործատու-կամավոր գործակցությանը, կամավորի կատարած ծախսերի փոխհատուցմանը եւ այլն:
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ առաջարկություններին կանդրադառնան առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, իսկ առաջիկայում Կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ կկազմակերպվի աշխատանքային քննարկում:
Հերիքնազ Տիգրանյանը բարձր է գնահատել համատեղ մշակված փաթեթը եւ ընդգծել կամավոր աշխատանքի ոլորտի օրենսդրորեն կարգավորման անհրաժեշտությունը:
Օրենքի նախագծի փաթեթը կենթարկվի լրամշակման՝ երկրորդ ընթերցման ներկայացնելու նպատակով:
Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: