National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
08.06.2006
ՍԾՏՀ ԽՎ 27-րդ լիագումար նիստը ավարտեց իր աշխատանքները

Հունիսի 8-ին շարունակվեցին ՍԾՏՀ ԽՎ 27-րդ լիագումար նիստի աշխատանքները: Քննարկումները ծավալվեցին մշակութային, կրթական եւ սոցիալական հի մնախնդիրների շուրջ: «Մշակույթների երկխոսությունը` որպես ազգերի միջեւ վստահություն ստեղծելու միջոց» զեկույցը ներկայացրեց ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ էկոլոգիական ու մշակույթի, կրթության, սոցիալական հարցերի հանձնաժողովների անդամ, Հունաստանի պատվիրակության ներկայացուցիչ Ֆիլիպոս Ցալիդիսը: Նրա հավաստմամբ` մշակույթը մարդկային կյանքի հիմնական գործոն է եւ սոցիալական գործունեության հիմնարար չափորոշիչ: 2005 թվ. հոկտեմբերի 5-ին Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է հայտարարել 2008 թ. «Մշակույթների միջեւ երկխոսության եվրոպական տարի»` նշելով, որ մշակույթների միջեւ երկխոսությունը կարող է նպաստել միության ռազմավարական նախապատվությունների իրականացմանը: Մշակույթների միջեւ երկխոսությունը շարունակական գործընթաց է, որտեղ մասնակիցները պատրաստ են փոխանցել իրենց սեփական աշխարհայացքը այլ հեռանկարների ինտեգրման ճանապարհով: Պարոն Ցալիդիսի հավաստմամբ` միջմշակութային երկխոսությունը մեծ ներուժ ունի միջազգային, ազգային եւ տեղական մակարդակներում հակամարտությունների կանխարգելման, սոցիալական, տնտեսական եւ քաղաքական խնդիրների լուծման համար` փորձի փոխանակման եւանհրաժեշտ միջոցների համատեղ ընդունման օգնությամբ: Գլոբալացվող աշխարհում փոխվել է մշակութային հասարակության պատկերի շրջանակները, ուստի կարեւոր է, որ հասարակությունը կարողանա հարմարվել մշակութային փոփոխություններին` ներառելով արժեքների, նորմերի եւ երիտասարդ սերնդի ձգտումների տարբերությունները: Համաձայն զեկույցի` ՍԾՏՀ ԽՎ անդամ-պետություններին առաջարկվում է գնահատել իրենց ընդհանուր ժառանգությունը եւ արժեքները` կրոնի, լեզուների եւ մշակութային շրջանակներում: Նկատի ունենալով ՍԾՏՀ ԽՎ անդամ-պետությունների մշակութային եւ պատմական հարուստ ժառանգությունը` Ֆիլիպոս Ցալիդիսը նշեց, որ տուրիզմի զարգացումը դարձել է ՍԾՏՀ երկրների համագործակցության հեռանկարներից մեկը: Միջմշակութային երկխոսությունը դիտարկվում է մշակութային եւ գիտական շրջանակների կարեւոր առաքելություն:

Զեկույցի հանձնարարականը ներկայացրեց ՍԾՏՀ ԽՎ մշակույթի, կրթության, սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Բադալյանը: Նա նշեց, որ ՍԾՏՀ ԽՎ-ն գիտակցում է մշակույթների երկխոսության նշանակությունը` որպես Սեւծովյան տարածաշրջանի ժողովուրդների միջեւ վստահության ամրապնդման միջոց: Տեղեկացվեց, որ հանձնաժողովը կարեւորում է գիտության զարգացման գործում կրթության, հոգեւոր արժեքների եւ էթնիկ համակարգերի դերը ու գիտակցում տուրիզմի զարգացման նշանակությունը, ընդգծում է ԶԼՄ-ների ազդեցությունը` որպես ինտելեկտուալ բաղադրիչ: Հանձնաժողովը ողջունում է Եվրամիության ընդլայնման գործընթացը` գիտակցելով ՍԾՏՀ անդամ-պետությունների համար Եվրամիության ինտեգրման առավելությունը` պահպանելով իր մշակութային, կրթական եւ սոցիալական ինքնատիպությունը: ՍԾՏՀ ԽՎ-ն հանձնարարում է ՍԾՏՀ անդամ-պետությունների խորհրդարաններին ու կառավարություններին ճանաչել, որ անդամ-պետությունների մշակութային երկխոսությունը կնպաստի նրանց ընդհանուր արժեքների տարբերակմանը, նկատի ունենալ, որ կրթությունը նպաստում է ա յլ մշակույթների եւ քաղաքակրթությունների յուրացմանը, երաշխավորել հասարակության բոլոր շերտերի համահավասարություն ու մասնակցություն մշակութային կյանքին, «Մշակույթների միջեւ երկխոսության եվրոպական տարի» ծրագրի շրջանակներում հետեւել Եվրամիության փորձին եւ վերանայել ՍԾՏՀ երկրների մշակութային հանձնաժողովի ստեղծման հարցը:

ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղար Ալեքսեյ Կուդրյավցեւն անդրադարձավ ՍԾՏՀ ԽՎ անդամ-երկրների մարդու իրավունքների պաշտպանների` 2006 թ. ապրիլի 26-27-ին Ստամբուլում կայացածհամաժողովի արդյունքներին` նշելով, որ հանդիպման նպատակն էր արագացնել ՄԻՊ ինստիտուտի ստեղծումը այն երկրներում, ուր վերջինս բացակայում է: ՍԾՏՀ ԽՎ անդամ-պետությունների օմբուդսմենների հայտարարության մեջ նշվում է, որ զարգացող աշխարհում հասարակությունը պահանջում է պետական կառավարման առավել բազմազան եւ որակյալ կառույցներ, ուստի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտների դերը եւ գործառույթները ձեռք են բերում մեծ նշանակություն, որն առավել հրատապ է անցումային շրջանում գտնվող երկրների համար: Ժողովրդավարությունը քաղաքացու հիմնական իրավունքն է, որն իրականացվում է ազատության ու անկախության պայմաններում: Օմբուդսմենը կապող օղակ է քաղաքա ցիական հասարակության եւ պետական մարմինների միջեւ: Հայտարարությունում ՍԾՏՀ ԽՎ անդամ-երկրների օմբուդսմենները ողջունում են Եվրամիության, Եվրախորհրդի եւ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում ՄԻՊ ազգային ինստիտուտների ամրապնդումը:

Հաստատման ներկայացվեց 2005 թ. ֆինանսական տարվա աուդիտորական հաշվետվությունը, որը պատրաստել էՍԾՏՀ ԽՎ բյուջետային-աուդիտորական հանձնաժողովը: Հանձնաժողովը` Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Սագանելիձեի նախագահությամբ, ուսումնասիրել է միջազգային քարտուղարության 2005 թ. բյուջեի կատարման ընթացքը: Եկամուտները հավաքագրվել են անդամ-պետությունների անդամավճարներից.ստացվել է992 հազար ԱՄՆ դոլար,141 հազար դոլար էլ բյուջե է մուտքագրվել նախորդ տարիների պարտքերի վերադարձից: Ծախսերը հաշվետու տարվա ընթացքումկազմել են907 հազար դոլար, թեեւ ՍԾՏՀ ԽՎ բյուջեով հաստատված այս ցուցանիշը992 հազար դոլար է եղել: Արձանագրվել էտնտեսում: Ծախսերը նախատեսվածից բարձր են եղել պաշտոնական պատվիրակությունների եւ արարողակարգի համար նախատեսված դեպքերում: Սա պայմանավորված էմիջազգային միջոցառումների մեծ թվով: 2005 թ. Թուրքիայում արձանագրված` 9,8 տոկոս գնաճի պայմաններում եւս որոշ ծախսերի մակարդակը գերազանցել է նախա նշված մակարդակը (քարտուղարությունը տեղակայված է Թուրքիայում): Հանձնաժողովը արձանագրել է հաշվետվության մեջ, որ թե 2004 թ. եւ թե 2005 թ. հաջողվել է ՍԾՏՀ ԽՎ պահուստային ֆոնդը կրճատելու վտանգավորմիտումը կանխել: Պահուստային ֆոնդը 2005 թ. ընթացքումավելացել է 510 հազար դոլարով: 2005 թ. հատկանշական է եղել նրանով, որՀայաստանը կատարել էԽՎ առջեւ ստանձնած ֆինանսական պարտավորությունները` մարելով պարտքերն ամբողջությամբ:Վրաստանը եւ Ալբանիան պարտքերը մարել են մասնակի:2005 թ. տարեվերջի տվյալներով,ՍԾՏՀ ԽՎ բյուջեի նկատմամբ պարտքիգումարը կազմել է 271 հազար դոլար:Նախորդ տարիներին կուտակած պարտքերի հետ միասին այդ թիվը կազում է 342 հազար դոլար: Ուսումնասիրությունների արդյունքում չեն հայտնաբերվել ֆինանսականթերացումներ: Հանձնաժողովը հաշվետվության մեջ եզրակացրել է, որ միջազգային քարտուղարությունն իրականացրել է ներքին աուդիտ` պահպանելով ֆինանսական կանոնները:

Գլխավոր ասամբլեայի որոշմամբ,այսուհետեւ բյուջետավորման գործընթացը կիրանացվիեվր ոյով` 2007 թ. բյուջեի նախագիծը կազմվել է եվրոպական արտարժույթով:Նախատեսվում էթռչնագրիպի համաճարակը կանխելու թեմայով միջխորհրդարանական հանդիպում անցկացնել. առաջարկվում է այդ նպատակով ՍԾՏՀ ԽՎ պահուստային ֆոնդից գումար հատկացնել:

Օրակարգային մյուս հարցը ՍԾՏՀ ԽՎ փոխնախագահի ընտրությունն էր: Ուկրաինայի պատվիրակության առաջարկով մեկ տարի ժամկետով ՍԾՏՀ ԽՎ փոխնախագահ ընտրվեց Իվան Բուկեւը:

ՀՀ ԱԺ նախագահ, ՍԾՏՀ ԽՎ նախագահ Տիգրան Թորոսյանը հավարտ վեհաժողովի ելույթում նշեց.

«Ամփոփելով աշխատանքի արդյունքները` նշենք, որ ընդհանուր առմամբ այն արդյունավետ էր եւ ուղղված էր մեր առաջ դրված անհետաձգելի խնդիրների լուծմանը: Ուզում եմ նշել վեհաժողովի անդամների ակտիվ մասնակցությունը նիստին, նրանց կառուցողական դիրքորոշումները քննարկվող խնդիրների նկատմամբ, ընդհանուր խնդիրների լուծման համար հետագա համագործակցության պատրաստակամությունը: Նիստի արդյունքները եւս մեկ անգամ հաստատեցին Վեհաժողովի անդամների հավատարմությունը ՍԾՏՀ ստեղծման Հռչակագրին, որի նպատակը Սեւծովյան տարածաշրջանը խաղաղության, բարեկեցության ու կայունության տարածք դարձնելն է:

Հարկ է նաեւ նշել, որ չնայած մեր կազմակերպության որոշակի ձեռքբերումներին, դեռ կան բազում չլուծված խնդիրներ, որոնք կարող ենք լուծել միայն համատեղ հետեւողական ու նպատակասլաց աշխատանքի շնորհիվ:

Վստահ եմ, որ հետագայում էլ ՍԾՏՀ-ի գործունեությունն ուղղված կլինի տարածաշրջանում հաստատուն տնտեսական կապերի ստեղծմանը, մեր երկրների ժողովուրդների բարեկեցության բարձրացմանը:

Անցած վեց ամիսներին Հայաստանը պատիվ ուներ նախագահող երկիրը լինել մի վեհաժողովի, որը հետզհետե միջազգային ասպարեզում առավել մեծ հեղինակություն է վայելում: Ես ցանկանում եմ անկեղծորեն շնորհակալ լինել Վեհաժողովի, բյուրոյի, մշտական հանձնաժողովի բոլոր անդամներին արդյունավետ աշխատանքի, համագործակցության եւ աջակցության համար` վեհաժողովի գործունեության այս շրջանում:

Բոլոր մասնակիցների անունից ուզում եմ բարձր գնահատական տալ ՍԾՏՀ միջազգային քարտուղարության եւ ԱԺ աշխատակազմի աշխատակիցներին, որ նախապատրաստեցին վեհաժողովի այս նիստը եւ մեծապես նպաստեցին հաջող աշխատանքին:

Վեհաժողովի ն ախագահությունը փոխանցեով Ադրբեջանի Հանրապետության Միլլի մեջլիսի անդամներին` շնորհավորում եմ նրանց եւ հաջողություններ եմ մաղթում: Վստահ եմ, որ մեր կազմակերպությունը նոր նախագահի ղեկավարությամբ հետայսու էլ կհետեւի հաստատված բարի ավանդույթներին եւ իր գործունեության մեջ առավել մեծ հաջողությունների կհասնի:

Վերստին շնորհակալություն եմ հայտնում վեհաժողովի բոլոր մասնակիցներին եւ մաղթում եմ հաջողություններ ՍԾՏՀ-ի աշխատանքներում ու ազգային խորհրդարաններում` ի բարեկեցություն մեր ժողովուրդների»:

Նստաշրջանի չորրորդ նիստում ռոտացիոն կարգով ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը փոխանցվեց Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսին:

Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի ուղերձը բարձրաձայնեց ՍԾՏՀ ԽՎ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Ասաֆ Հաջիեւը.

«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ խորհրդարանին լավ պայմանների ապահովման համար:

Առիթից օգտվելով` շնորհավորում եմ իմ գործընկեր Տիգրան Թորոսյանին` ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու համար` մաղթելով նրան հաջողություններ աշխատանքում:

Վերջին տարիներին Սեւծովյան ավազանը ձեռք է բերում կարեւոր նշանակություն ոչ միայն մեր տարածաշրջանի զարգացման, այլ ամբողջ Եվրասիա մայրցամաքի համար:

Մենք ձեզ հետ պետք է անցնենք համագործակցության երկար ճանապարհ, քննարկենք տնտեսության, արդյունաբերության եւ մշակութային ոլորտի հարցեր, որոնց լուծումը կնպաստի Սեւծովյան տարածաշրջանի զարգացմանը եւ փոխըմբռնմանը:

Մեր տարածաշրջանի համար կարեւոր են անվտանգության հարցերը, որոնցից կախված է տարածաշրջանի զարգացումը: Սեւծովյան ավազանի էթնիկ հակամարտությունները արգելակում են տարածաշրջանի զարգացումը, արտացոլվում են հոգեւոր կյանքում եւ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք դրանց արագ լուծման համար: Մեր պատմական առաքելությունն է այդ կոնֆլիկտների հաղթահարումը: Պատմությամբ է մեզ վիճակված հարեւաններ լինել եւ ապրել խաղաղության մեջ, որը չունի եւ չի կարող այլընտրանք ունենալ»:

Պարոն Հաջիեւը տեղեկացրեց նաեւ, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը կասպիական նավթն արդեն հասցրել է համաշխարհային շուկաներ եւ այդ նավթամուղի գործունեությունը կարող է նպաստել ամբողջ տարածաշրջանի զարգացմանը: Ըստ նրա` տարածաշրջանի կարեւոր խնդիրներիռաջին Միլլի մեջլիսի նախագահը 2006-ի նոյեմբերին ՍԾՏՀ ԽՎ անդամներին հրավիրելով Ադրբեջան` հավաստիացնում է, որ Ադրբեջանը պատվով ու պատասխանատվությամբ կկատարի ՍԾՏՀ նախագահող երկրի պարտականությունները:

Հավարտ նստաշրջանի` տեղի ունեցավ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի եւ ԽՎ աշխատանքներին մասնակցող ազգային պատվիրակությունների ղեկավարների ամփոփիչ մամլո ասուլիս:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ տարածաշրջանում կան հակամարտություններ, բայց ՍԾՏՀ ԽՎ աշխատանքի հիմքը պետք է լինեն ընդհանուր արժեքները եւ հույս հայտնեց, որ թե ԽՎ շրջանակներում աշխատանքը, թե պատվիրակությունների ղեկավարներըկնպաստեն տարածաշրջանային խնդիրների, հակամարտությունների լուծմանը:

«ՀՀ»-ի` «Պատվիրակությունների ղեկավարներն ինչպե՞ս են վերաբերում Թուրքիայի եւ Ադրբեջանի` Հայաստանը տարածաշրջանային տնտեսական ծրագրերից դուրս մղելու փորձերին, օրինակ` Թբիլիսի-Բաքու-Ջեյհան նավթամուղի գործարկմանը» հարցին ի պատասխան` Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Ասա ֆ Հաջիեւը նշեց. «Կա հակամարտություն, եւ մենք նախեւառաջ պետք է մտածենք` ինչպես կարգավորել այն: Երբ կլուծվի հակամարտությունը, իսկ ես վստահ եմ, որ կլուծվի, մեր երկրներում խաղաղություն կլինի: Խաղաղություն պետք է լինի, որովհետեւ դրան այլընտրանք չկա: Կարծում եմ` այդ ժամանակ մենք համատեղ նախագծեր էլ կունենանք: Նախ` պետք է լուծվեն հակամարտությունները: Օրեր առաջ կայացել է մեր նախագահների հանդիպումը, եւ դուք եւս պետք է ձեր հարցերով նպաստեք հակամարտության կարգավորմանը: Եթե ամեն ինչ հիմնված լինի նեղացածության վրա, թե դուք սա արեցիք, այն արեցիք, մենք ոչ մի լավ բանի չենք հասնի: Եւ լրագրողները, եւ խորհրդարանականները պետք է նպաստեն, որ երկու երկրների նախագահ ների երկխոսությունը դրական արդյունք տա: Եւ հայ, եւ ադրբեջանցի ժողովուրդն արժանի է խաղաղության»:

Հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը նկատեց, որ Հայաստանն իսկապես տարածաշրջանային մի շարք նախագծերիցդուրս է մնում, եւ դա շատ ցավալի է. «Այն քայլերը, որ մենք այսօր կատարում ենք այս բնագավառում, իրենց ազդեցությունն են ունենալու տեւական ժամանակ: Ես համոզված եմ, որ մեր տարածաշրջանի լուրջ խնդիրների լուծման կարեւորագույն հնարավորություններից մեկը փոխշահավետ տնտեսական համագործակցությունն է: Տնտեսական քաղաքականությունը, որ իրականացնում են մեր հարեւանները, ոչ թե նպաստում է առկա խնդիրների լուծմանը, այլ դրանք տանում է դեպի փակուղի: Այն երկրները, ովքեր դուրս են մղում Հայաստանը տարածաշրջանային տնտեսական համագործակցությունից, պետքէ հասկանան, որ ցանում են չարի սերմեր, որի պտուղները քաղելու են մեր սերունդները»:

Հունաստանի պատվիրակության ղեկավար Նիկոլաս Ցիարցիոնիսը կարեւորեց տարածաշրջանի ժողովուրդների համագործակցությունը, անկեղծ երկխոսությունը. «Համագործակցությունը պետք է լինի ի շահ մեծամասնության, ոչ թե ինչ-որմասնավոր շահերի»:

Լրագրողներն անդրադարձան նաեւ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցման խնդրին:

Գագիկ Մինասյանը հիշեցրեց, որ ՍԾՏՀ ԽՎ նախորդ նիստում այդ հարցը քննարկվել է: Համապատասխան զեկույցի ու հանձնարարականի մեջ ամրագրվել է ՍԾՏՀ ԽՎ պաշտոնական տեսակետը, այն է` տարածաշրջանում իրականացվող ծրագրերը պետք է հաշվի առնեն ոչ միայն տարածաշրջանի շահերը, այլեւ տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի շահերը: Դրա լավագույն դրսեւորումը պետք է համարել Կարս-Գյումրի երկաթուղային հաղորդակցության վերականգնումը:

«Ոչ ոք դեմ չի արտահայտվում այդ երկաթգծի վերականգնմանը, բայց ոչ ոք չի կարող խանգարել Թուրքիային եւ Վրաստանին, եթե նրանք ուզում են ուղիղ երկաթուղային կապ ունենալ: Դրանում զարմանալի բան չկա, եւ դա լիովին համապատասխանում է ՍԾՏՀ կանոնադրությանը եւ տարածաշրջանի երկրների շահերին»,-ասաց Վրաստանի պատվիրակության ղեկավար Զուրաբ Դավիթաշվիլին:

Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Զասոխովն անդրադարձավ երկու տեսակետի, այն է` հարկավոր է նախ կենտրոնանալ հակամա րտությունների լուծման վրա, նոր միայն խոսել համագործակցության մասին, երկրորդ` լուծել խնդիրները, որոնք միավորում են տարածաշրջանի երկրներին: «Ես ուզում եմ շեշտել, որ օրերս ծավալված քննարկումների ընթացքում որդեգրվել էր հանդուրժողականության քաղաքականություն, զսպվածություն: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձում խիստ կարեւոր արձանագրում կար: Նա հաստատում էր, եւ դա ճիշտ է, որսոցիալ-տնտեսական համատեղ ծրագրերը, տրանսպորտային եւ այլ հարցերը, այդ ուղղությամբ արդյունավետ առաջընթացը կնպաստի հակամարտությունների կարգավորմանը: Ես ուզում եմ ընդգծել, որ դա ՍԾՏՀ ԽՎ ամենակարեւոր արդյունքն է»:

Անդրադարձ եղավ նաեւ նախօրեին լրագրողների հետ զրույցում ադրբեջանական պատվիրակության անդամ Մուսա Գուլիեւի հայտարարությանը, որ եթե ԼՂ հարցն առաջիկա 1-2 տարում չլուծվի, պատերազմ կլինի:

Ադրբեջա նի պատվիրակության ղեկավար Ասաֆ Հաջիեւը նշեց. «Ադրբե ջանը կարծում է, որ դեռ հարցի խաղաղ կարգավորման բոլոր հնարավորությունները սպառված չեն: Երբ սպառված լինեն, նոր իրավիճակ կստեղծվի եւ հարկ կլինի հակամարտության լուծման նոր մեթոդներ փնտրել, իսկ այս բառերը մեկնաբանել այնպես, թե պատերազմ կսկսվի, կարծում եմ` այնքան էլ կոռեկտ չէ»:

«Մենք հիանալի գիտենք` ինչ է պատերազմը, ինչ է բերում այն ժողովուրդներին: Կարծում եմ` ոչ ոք լրջորեն չի կարող մտածել, որ նման հարցերը կարող են լուծվել պատերազմի միջոցով: Մենք միջազգային հանրության անդամ ենք. չկա որեւէ միջազգային կազմակերպություն, որն ասի` պատերազմը հակամարտությունների կամ ինչ-ինչ խնդիրների լուծման հնարավորություն է: Հակառակը` բոլորը բազմիցս հայտարարել են, եւ վստահ եմ` հայտարարելու են, որ հակամարտությունների խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, ուստի կարծում եմ` եթե որեւէ տեղ ինչ-որ մեկը խոսում է ապագա պատերազմի մասին, դա քարոզչական նշանակություն ունի»,- ասաց խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը:

Նա հույս հայտնեց, որ Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ երբեք պատերազմ չի լինի,որ կողմերը հիշումենղարաբաղյան պատ երազմից ստացած դասերը. «Ես ցավում եմ, որ եւ հարցերը հնչեցին հակասությունների ու խնդիրների ոլորտից, եւ պատասխանները: Կարծում էի` մենք ավելի շատ կխոսենք այն մասին, թե ինչն է միավորում մեզ, այլ բան է` դա շա՞տ է, թե՞` քիչ: Եթե անգամ դա շատ քիչ է, հարկավոր է խոսել այդ մասին, ընդլայնել մեր ժողովուրդների եւ երկրների միջեւ սահմանները, եւ միայն այդ ճանապարհով կհասնենք հակամարտությունների լուծմանը եւ տարածաշրջանում, եւ Եվրոպայում, եւ աշխարհում»:

ՍԾՏՀ ԽՎ 27-րդ լիագումար նիստը ավարտեց իր աշխատանքները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am