ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը հունիսի 8-ին հանդիպել է «Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սաների, մարզիչի եւ ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի քարտուղարի հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:
Արմեն Խաչատրյանը, ողջունելով հարազատ քաղաքից ժամանած հյուրերին, հիմնականում անդրադարձել է Գորիսի մարզական կյանքին, առկա խնդիրներին: Նրա հավաստմամբ ընդհանրապես սպորտի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի: Շեշտադրվել է ֆիզիկական պատրաստվածության անհրաժեշտությունը, քանի որ այդ նույն մարզիկներն են մեկ-երկու տարի անց համալրում մեր բանակի շարքերը:
Կարեւորվել է նոր, ժամանակակից մարզադահլիճների եւ մարզասրահների կառուցումը, որտեղ կմարզվեն մեր ապագա չեմպիոնները: Հանձնաժողովի փոխնախագահն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք կլուծվեն մոտ ապագայում:
Սիսակ Գաբրիելյանն ընդհանուր գծերով ներկայացրել է հանրապետության մարզաշխարհի իրավիճակը, կարեւորել ԿԳՄՍ նախարարության հետ գործակցությունը, ինչի արդյունքում լուծվում են մարզական կյանքում ծագած խնդիրները:
Նշենք, որ հանրապետությունում գործում է շուրջ 70 մանկապատանեկան մարզադպրոց: Կառավարության որոշմամբ մարզագույքով են համալրվել բոլոր մարզերի մանկապատանեկան մարզադպրոցները, այդ թվում` Գորիսինը: Պետական բյուջեից 2022 թվականին մարզական գույքի ապահովման ծրագրին հատկացվել է ավելի քան 280 մլն դրամ:
Սիսակ Գաբրիելյանի հավաստմամբ եկող տարի ԿԳՄՍ բնագավառին նախատեսվում է հատկացնել աննախադեպ` շուրջ մեկ միլիարդ դոլար գումար:
Նա ընդգծել է, որ Կառավարությունն անվտանգության եւ կրթության համար (որում ներառնված է սպորտը) գումար չի խնայում:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ մարզիչների ատեստավորմանը: Նշվել է, որ ամեն ինչ արվում է ատեստավորման ընթացքում հնարավոր կոռուպցիայից զերծ մնալու համար:
Հանդիպմանը քննարկվել են ոլորտին առնչվող այլ հարցեր եւս: