National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
13.06.2023
Խորհրդարանը քննարկել է քրեական ոստիկանությանն անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն ունեցող կադրերի համալրմանն առնչվող օրենսդրական առաջարկը
1 / 4

Գործադիրը լրացումներ եւ փոփոխություններ է առաջարկում «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում: Ոստիկանության համակարգում կլուծարվեն մարզային վարչությունները եւ Երեւանի քաղաքային վարչությունը, կլինի կենտրոնաձիգ կառավարում՝ համապատասխան տարածքային ստորաբաժանումներով: Կենտրոնական ապարատում կստեղծվի քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, իսկ Երեւանում եւ մարզերում՝ գլխավոր վարչության ենթակայությամբ գործող տարածքային ստորաբաժանումներ: Հարցը քննարկվել է ԱԺ հունիսի 13-ի հերթական նիստում:

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ գործընթացը կազմակերպվելու է պարեկային ծառայության օրինակով. բաց մրցույթ է անցկացվելու, եւ թե՛ քաղաքացիները, թե՛ ոստիկանության համակարգի գործող կադրերը կարող են հավասար հիմունքներով մասնակցել մրցույթին: Քրեական ոստիկանի պաշտոնին կարող է հավակնել առնվազն բակալավրի որակավորում ունեցող անձը: Վերջինս ՆԳՆ ուսումնական հաստատությունում պետք է ստանա քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն, որից հետո կարող է հավակնել քրեական ոստիկանության տարածքային բաժիններում պաշտոնի նշանակման: «Սա լինելու է մեկանգամյա կիրառման գործընթաց՝ որպես նախնական մասնագիտական կրթական ուղղություն, քանի որ հետագայում ոստիկանության համակարգում շարժը պատկերացնում ենք առկա կադրերի տրամաբանության մեջ: Նախատեսում ենք ոստիկանական համակարգ մուտք գործելու համար բազային կուրս, որից հետո փուլային տարբերակով անձը կարող է կարիերայի աճ ունենալ»,- ասել է փոխնախարարը:

Ոստիկանության համակարգում քրեական, համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունների, պարեկային ծառայության գլխավոր վարչության պետերը եւ ոստիկանական գվարդիայի ղեկավարն ի պաշտոնե կլինեն ոստիկանության պետի տեղակալներ:

Խոսելով ատեստավորման գործընթացից՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ նախնական մասնագիտական կրթական գործընթացին մասնակցած եւ պաշտոնի նշանակված քաղաքացիներն ու ծառայողները կհամարվեն ատեստավորումն անցած, այսինքն՝ կստանան հավելավճարի տարբերակով աշխատավարձ, ինչպես համակարգի՝ ատեստացիա անցած մյուս ոստիկանները:

Պատգամավորներ Գեղամ Նազարյանի ու Արսեն Թորոսյանի հարցերին անդրադառնալով՝ փոխնախարարը մանրամասնել է քրեական ոստիկանի եւ քրեական ոստիկանության գործառույթները: Նշվել է, որ քրեական ոստիկանության հիմնական աշխատանքն օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումն է: «Մենք ակնկալում ենք, որ քրեական ոստիկանությունը կկենտրոնանա ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների վրա ավելի արհեստավարժ օպերատիվ աշխատանքի տեսանկյունից, իսկ համայնքային ոստիկանությունը կկենտրոնանա ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործություններով օպերատիվ աշխատանքի վրա»,- հավելել է Արփինե Սարգսյանը: Այժմ մարզային եւ Երեւանի մակարդակով խառը մոդել է գործում. Երեւանի քաղաքային  ու մարզային վարչություններում թե՛ համայնքային, թե՛ քրեական ոստիկանությունն անելիք ունի: «Ցանկանում ենք հստակ տարանջատել գործառույթները, որ յուրաքանչյուր ուղղություն իմանա իր ֆունկցիոնալ բազան եւ ապահովվի թափանցիկություն եւ հաշվետվողականություն»,- պարզաբանել է զեկուցողը: Նա հավելել է, որ մարզային մակարդակում ակնկալվում է մի քանի մասնագիտացումներ ունենալ՝ թմրամիջոցների դեմ պայքարի, մարդու դեմ ուղղված հանցագործությունների գծով, որոնք առավել տարածված են ու բնորոշ են ամբողջ հանրապետությանը:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը կադրերի համալրման գործընթացին վերաբերող օրենսդրական փոփոխությանն առաջարկել է դրական վերաբերմունք արտահայտել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am