National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
13.06.2023
Նախատեսվում է վերանայել ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը
1 / 4

Նախագծերի նպատակն ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումն է. ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ԱԺ հունիսի 13-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Ըստ նախագծերի հիմնավորման՝ խնդիրն այն է, որ 2020 թվականի հունվարի 1-ից գործող՝ չորս տարիների համար սահմանված ակցիզային հարկերի դրույքաչափերը յուրաքանչյուր տարի վերանայելու ժամանակահատվածը լրանում է 2023 թվականի դեկտեմբերի 31-ին:

2019 թվականին այդ պահին առկա ցուցանիշների հիման վրա սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը 2020 թվականից ի վեր չեն վերանայվել, մինչդեռ ապրանքների գներն էականորեն փոխվել են:

Փաթեթով առաջարկվում է մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընդգրկվող ժամանակահատվածի համար կրկին սահմանել ակցիզային հարկի դրույքաչափեր: Առաջարկվում է ծխախոտային արտադրանքի դրույքաչափերը յուրաքանչյուր տարի բարձրացնել 10 տոկոսով, թունդ ալկոհոլային խմիչքների դրույքաչափերը՝ կրկին 10 տոկոս դրույքաչափով, իսկ մյուս ապրանքներինը՝ 3 տոկոսի փոխարեն 8 տոկոս ճշգրտման գործակցով, քանի որ վերջին շրջանում կատարված դիտարկումները ցույց են տվել, որ միջին գնաճը 3 տոկոսից ավելի է:

Արման Պողոսյանը նաեւ տեղեկացրել է, որ հանձնաժողովում տեղի ունեցած  քննարկումների ընթացքում մի կարեւոր առաջարկ է եղել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի կողմից՝ այն իմաստով, որ պետք է անպայման մտածել մրգային եւ հատապտղային օղիների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերն այլ հումքով, մասնավորապես, ցորենի հումքով պատրաստվող օղիների համար նախատեսված ակցիզային հարկի դրույքաչափերին մոտարկելու մասին: Փոխնախարարը նշել է, որ պատգամավորի դիտարկումն իր արտացոլումն է գտել փաթեթում, ինչի արդյունքում առաջարկվում է  վերոնշյալ դրույքաչափերը հավասարեցնել:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հովիկ Աղազարյանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով գործընկերոջ՝ Արսեն Թորոսյանի այն դիտարկմանը, թե անհրաժեշտ է բարձրացնել ծխախոտի եւ ոգելից խմիչքների գները, քանի որ դրանց կանոնավոր օգտագործումը դեռահասների կողմից նպաստավոր գործոն է՝ ավելի ծանր կախվածություն ունեցող այլ միջոցներ օգտագործելուն ավելի արագ անցնելու համար: Այս առնչությամբ Բաբկեն Թունյանը նշել է, որ ծխելու դեմ պայքարին կարող էր նպաստել, օրինակ, ծխախոտի գնի կտրուկ բարձրացումը. «Եթե, օրինակ, 1000 դրամանոց ծխախոտը դառնար 5000 դրամ, այդ դեպքում գուցե մարդը կարող է մտածեր՝ ծխե՞լ, թե՝ չծխել»,- ասել է նա՝ նշելով, որ այս տեսակետը հնչել է նաեւ հանձնաժողովում: Պատգամավորը նշել է, որ դեմ չէ ծխելու կրճատմանը, սակայն  պետք է կշռադատված  քայլեր անել, որոնք հասարակության կողմից արդարացիորեն չընկալվեն որպես քայլեր, որոնց  նպատակը բնակչությունից լրացուցիչ գումար հավաքելն է:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am