National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
21.06.2023
Քննարկվել է Հայաստանի եւ ՎԶՄԲ-ի միջեւ վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը
1 / 7

Նախատեսվում է 92,300,000 եվրո արժողությամբ վարկ վերցնել: Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետեւաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարեւոր նշանակություն ունի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից: Այս մասին ասել է Ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը` ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Հարցը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 21-ի արտահերթ նիստում:

Ըստ զեկուցողի` բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողություններով սահմանված` մի շարք ոլորտներում միջոցառումների եւ բարեփոխումների իրականացումը:

Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ ծրագիրը, մասնավորապես, ներառում է 3 ուղղությամբ բարեփոխումների իրականացում` կլիմայի փոփոխության մեղմացման եւ հարմարվողականության խթանում, շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում ու հավասարության ամրապնդում եւ մարդկային կապիտալի զարգացման խթանում, հակակոռուպցիոն շրջանակի եւ արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում:

Փոխնախարարը նշել է, որ վարկի տարեկան տոկոսադրույքը լինելու է ֆիքսվող 6-ամսյա EURIBOR (ֆիքսվում է վարկի ամբողջ գումարի համար` 90 մլն եվրո գումարից ավել ներկայացված միանվագ մասհանման հայտի դեպքում) + լողացող սպրեդ (թարմացվում է ՎԶՄԲ-ի կողմից եռամսյակային կտրվածքով): Մայր գումարի մարումը սկսվելու է 2028թ. հունիսի 15-ից եւ տեւելու է մինչեւ 2041թ. հունիսի 15-ը` վարկի գումարի 3.57% հավասարաչափ չափաբաժիններով. վերջին մարումը կլինի 2041թ. դեկտեմբերի 15-ին` վարկի 3.61%-ի չափով: Պարտավորության վճարը կազմելու է տարեկան 0.25% դրույքաչափ, որը կհաշվարկվի վարկի չմասհանված գումարի նկատմամբ համաձայնագրի ստորագրումից 60 օր հետո:

 «Վարկային համաձայնագիրը վավերացնելու համար պատշաճ հիմնավորումներ են պետք, որոնք ներառված չեն նախագծում»,- նշել է Գեւորգ Պապոյանն ու պնդել, որ Էդուարդ Հակոբյանը ներկայացնի վարկի ծախսային մասն ապահովող ուղղությունները:

«Վարկային միջոցներն ուղղվելու են ԱԺ-ում ընդունված օրենքների ու Կառավարության որոշումների իրականացմանը», - ասել է փոխնախարարն ու վստահեցրել, որ հնարավորություն է առաջացել Համաշխարհային բանկի էքսպերտային բազան օգտագործել ծրագրերի իրականացման համար:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ հաշվարկների հիման վրա է 92,3 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր կնքվում, ինչին ի պատասխան փոխնախարարը նշել է, որ վարկի չափը որոշվել է` ելնելով խոշոր հաշվարկներից:

«Ընթացիկ ծախս սպասարկելու համար նման վարկեր վերցնելու կարիք չկա, ծախսերի շրջանակի շուրջ տրամաբանություն է պետք դնել, բայց նման վարկերի շնորհիվ հեշտությամբ ու արագ կարողանում ենք կապիտալ ծախսերն իրականացնել: Ծրագրային եղանակով ծախսերն իրականացնելիս որոշակի խնդիրներ են առաջանում, ժամանակը երկարում է»,- ասել է հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը: Հանձնաժողովի նախագահը վստահեցրել է, որ նախագծով կապիտալ ծախսեր են սպասարկվելու. «Եթե համաձայնագիրը չվավերացվի, որոշակի կապիտալ ծախսեր կթերակատարվեն»,- ասել է Գեւորգ Պապոյանը:

 Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հեղինակի` Գեւորգ Պապոյանի առաջարկով հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am