National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
26.06.2023
Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները հնարավորություն կունենան շարունակելու ուսուցչական գործունեությունը
1 / 3

12 տարի առաջ «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը սահմանել է պահանջ, որպեսզի ուսուցիչները պարտադիր ունենան բարձրագույն կրթություն: Տրվել է որոշակի ժամանակահատված, որպեսզի  ուսուցիչները բարձրագույն կրթություն ստանան: Շատ ուսուցիչներ օգտվել են այդ հնարավորությունից:  Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավելի քան 1300 ուսուցիչներ չեն ստացել բարձրագույն կրթություն, եւ այսօր դպրոցներում դասավանդում են` ունենալով միջին մասնագիտական կրթություն. այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հունիսի 26-ին գումարված ԱԺ  արտահերթ նստաշրջանում` ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ:

«Այս անձինք այլեւս չեն կարողանալու աշխատել դպրոցներում` սկսած այս տարվա օգոստոսի 20-ից»,-ասել է նախարարը եւ հավելել, որ առաջարկվում է այդ ուսուցիչներին հնարավորություն տալ, որպեսզի նրանք կարողանան մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին: Եթե կամավոր ատեստավորման արդյունքում տվյալ ուսուցիչը հավաքի 60 տոկոս եւ ավելի, ապա նրան հնարավորություն կտրվի շարունակելու ուսուցչական աշխատանքը: Նախարարի խոսքով  շատ ուսուցիչներ չեն կարողացել բարձրագույն կրթություն ստանալ` ելնելով նաեւ օբյեկտիվ պատճառներից:

Նախագծով առաջարկվում են նաեւ այլ փոփոխություններ, որոնք միտված են ոլորտում իրականացվող բարեփոխումների ամրապնդմանը:

Մասնավորապես, առաջարկվում է ընդլայնել ուսուցիչների գործուղման հնարավորությունը, ինչպես նաեւ սահմանել, որ մանկավարժի որակավորում ստանալու ծրագրով սովորող ուսանողներն իրենց կրթության վերջին տարում հնարավորություն կունենան դասավանդելու գյուղական դպրոցներում: Խոսքն այն գյուղական համայնքների մասին է, որտեղ ԿԳՄՍ նախարարությունը նպատակահարմար կհամարի ուղարկել ուսանողին:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը հետաքրքրվել է` միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները կամավոր ատեստավորումը հաջողությամբ հաղթահարելու դեպքում   հնարավորություն կունենան միայն շարունակելո՞ւ աշխատանքը, թե՞ նաեւ աշխատավարձի ավելացում է նախատեսվում: Նախարարը պարզաբանել է, որ կամավոր ատեստավորումը  հաջողությամբ հաղթահարած այդ ուսուցիչների պարագայում նույնպես գործելու է խրախուսման նույն քաղաքականությունը: «Այսինքն` 70 տոկոս եւ ավելի հավաքելու պարագայում նրանց դրույքաչափը կդառնա 200 հազար դրամ, եւ այնուհետեւ, կախված արդյունքից, 30-50 տոկոս հավելավճար կգործի: Կապ չունի, որեւէ կերպ, որ ուսուցիչները միջին մասնագիտական կրթություն ունեն»,-ասել է նա: Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, որ կամավոր ատեստավորումը համարվում է հաղթահարված, եթե հավաքվել է 60 տոկոս, իսկ խրախուսման քաղաքականությունն սկսում է գործել առնվազն 70 տոկոս հավաքելու դեպքում:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ  հետաքրքրվել  է, թե ի՞նչ է լինելու, եթե այդ  ուսուցիչները չկարողանան հաղթահարել կամավոր ատեստավորումը, ինչպե՞ս են լրացվելու այդ թափուր հաստիքները:

 Ի պատասխան  նախարարը հայտնել է, որ եղել են  մոտ 700 ուսուցիչներ, որոնք դիմել էին կամավոր ատեստավորում անցնելու, սակայն հաջողություն չեն  գրանցել: Այդ ուսուցիչների համար նախատեսվել են վերապատրաստումներ, ինչից հետո նրանք աշնանը  կրկին ատեստավորում կանցնեն: Նշվել է, որ այս փուլում 650 ուսուցիչ արդեն  վերապատրաստվել է: Նախարարի խոսքով նախարարության նպատակը որակյալ ուսուցիչներ ունենալն է:

Ազգային ժողովն օրենքի նախագիծն ընդունել է առաջին ընթերցմամբ:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am