National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
26.06.2023
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է մի շարք նախագծեր
1 / 2

Ազգային ժողովը հունիսի 26-ին գումարված արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր:

««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի  ընդունման արդյունքում օրենսդրորեն կհստակեցվի վարչապետի կողմից հանրային պաշտոնի նշանակվող եւ հանրային պաշտոնից ազատվող անձի լիազորությունների ստանձնման եւ դադարման պահը:  Այդ նպատակով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածն առաջարկվում է  լրացնել  28-րդ մասով, ըստ որի՝ «Հանրային պաշտոնում նշանակելու, հանրային պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, եթե այդ որոշումներով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: Վարչապետի որոշումները հրապարակվում են Կառավարության www.e-gov.am կայքէջու»: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը չի փոփոխվել: Օրենքի նախագիծը ներկայացրել է  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

Հաջորդիվ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագիծը, որը նույնպես ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

Զեկուցողի տեղեկացմամբ  նախագծի ընդունումը պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեում  կարգապահական վարույթների իրականացման առավել համապարփակ իրավակարգավորումներ ունենալու անհրաժեշտությամբ:

Օրենքում առկա բացերը լրացնելու նպատակով  նախատեսվում է Հակակոռուպցիոն կոմիտեում ձեւավորել հանձնաժողով, որը բաղկացած է լինելու 8 անդամից: Դրանում ներառվելու են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը` կոմիտեի նախագահի որոշմամբ, Հակակոռուպցիոն կոմիտեի` վիճակահանությամբ ընտրվող մեկ քննիչ, մեկ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայող, ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված մեկ դատախազ, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված մեկ ներկայացուցիչ, մեկ իրավաբան-գիտնական, վարչապետի առաջարկությամբ ներկայացված հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնող մարմնի 2 ներկայացուցիչ:

Հանձնաժողովի անդամները նշանակվելու  են 3 տարի ժամկետով:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը փոփոխության չի ենթարկվել:

««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը: Փաթեթում փոփոխությունների նպատակը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմելու դատավարական կառուցակարգի նախատեսումն է: Զեկուցողի տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում Քաղաքացիական դատավարության օրենսգրքում համապատասխան փոփոխություն իրականացնելու առաջարկ է ներկայացրել պատգամավոր Արփինե Դավոյանը, ինչն ընդունվել է:

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխությունները պայմանավորված են Քրեական ոստիկանության կադրերի մասնագիտական պատրաստվածության բարելավման եւ համալրման անհրաժեշտությամբ: ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանի խոսքով նախաձեռնությամբ Ոստիկանության պարեկային ծառայության, Քրեական ոստիկանության եւ Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների պետերի հաստիքները նախատեսվել են որպես բարձրագույն խմբի պաշտոններ՝ գործող գլխավոր խմբի պաշտոնների փոխարեն: Հստակեցվել են Քրեական ոստիկանության ծառայողների ատեստավորմանը վերաբերվող իրավահարաբերություններ:

Առաջինից երկրորդ ընթերցում պատգամավորները չեն ներկայացրել որեւէ առաջարկ:

ՀՀ ներքին գործերի նախարարության կազմավորմամբ, ինչպես նաեւ Ոստիկանությունում իրականացվող կառուցվածքային ու գործառույթային փոփոխություններով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել լրացումներ եւ փոփոխություններ կատարել«Ոստիկանության մասին» եւ կից օրինագծերի փաթեթում: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանի՝ առաջին ընթերցումից հետո նախաձեռնությունը լրամշակվել է պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի եւ Կառավարության ներկայացրած առաջարկների հիման վրա: Մասնավորապես, «Ոստիկանության մասին» օրենքում կատարվող լրացման արդյունքում համայնքային ոստիկանությունն իրականացնելու է նաեւ Քրեական օրենսգրքով սահմանված պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված դատապարտյալների՝ քրեակատարողական հիմնարկներից պատիժը լրիվ կրելուց ազատված եւ մշտական բնակության վայր չունեցող անձանց հաշվառումը:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման նպատակը ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումն է, ինչպես նաեւ ծխախոտի արտադրանքը առավելագույն մանրածախ գնից բարձր գնով օտարելու դեպքերի համար վարչական տուգանքի սահմանումը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկություններ է ներկայացրել պատգամավոր Արսեն Թորոսյանը: «Երկու առաջարկություն է ներկայացվել, երկուսի էությունն էլ այն է, որ առաջարկվում է ծխախոտի արտադրանքի, այդ թվում՝ տաքացման տեխնոլոգիայով շահագործվող ծխախոտի արտադրանքի պարագայում ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացնել ավելի առաջանցիկ տեմպերով: Առաջարկությունը մանրամասն քննարկել է, սակայն կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ այդ ավելի առաջանցիկ տեմպով դրույքաչափի բարձրացումից՝ հաշվի առնելով այն, որ այդ կտրուկ քաղաքականությունը կարող է ուղեկցվել մի շարք բացասական հետեւանքներով: Ըստ այդմ՝ Կառավարությունն առաջարկում է առաջնորդվել իր կողմից ներկայացված ավելի հավասարակշռված մոտեցումներով»,- պարզաբանել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

««Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ առավել հստակ եւ ճշգրիտ կկանոնակարգվի բուծողի իրավունքները, կստեղծվեն սելեկցիայի եւ սերմնաբուծության զարգացման համար նոր հնարավորություններ: Հայաստան կներմուծվի բարձրարժեք սորտերի լավորակ սերմեր ու տնկանյութ եւ կավելանան բուսաբուծական արտադրանքի ծավալները, կմեծանան ներդրումները, ինչպես նաեւ կընդլայնվեն համագործակցության հնարավորությունները:

««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման նպատակն արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման եւ մեծածախ առեւտրի լիցենզավորման համար դիմած անձանց համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն է:

Ազգային ժողովն օրենքների նախագծերն ընդունել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am