Հունիսի 26-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել «Ֆակտոր տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ի Factor Tv-ում փորձաշրջան անցնող լրագրող-ուսանողները: Նրանց հետ հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը:
Փորձնակները հետաքրքրվել են Մարիամ Պողոսյանի՝ որպես խորհրդարանի երիտասարդ պատգամավորի՝ քաղաքականություն մուտք գործելու հարցով: «Իսկապես մեծ պատասխանատվություն է լինել օրենսդիր մարմնի անդամ: Քաղաքականությամբ հետաքրքրվել եմ 2008 թ. մարտի 1-ի ահասարսուռ իրադարձություններից հետո, մինչ պատգամավոր դառնալը մշտապես մասնակից եմ եղել քաղաքական գործընթացներին», - ասել է Մարիամ Պողոսյանը: Նա առանձնացրել է քաղաքական գործչին բնորոշ երեք հատկանիշ՝ զսպվածությունը, սկզբունքայնությունն ու համբերատարությունը:
Երիտասարդները խոսել են Հայաստանում խոսքի ազատության, ապատեղեկատվության տարածման, ԶԼՄ-ների բեւեռացման, անաչառ ու անկողմնակալ տեղեկատվության հաստատման եւ ոլորտի վերահսկողության խնդիրների մասին: Անդրադարձ է եղել նաեւ կրթության ոլորտի բարեփոխումներին, ուսուցիչների կամավոր ատեստավորման հարցին:
Հավելենք, որ «Եվրոպական մեդիահարթակ. հուսալի եւ պրոֆեսիոնալ լրատվամիջոցի կառուցում» ծրագրի շրջանակում երկու տարի անընդմեջ Factor TV-ն BBC Media Action-ի եւ Deutsche Welle Akademie-ի հետ համատեղ իրականացնում է Հայաստանի բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողների գործնական հմտությունների զարգացման եռամսյա փորձաշրջան, ինչին արդեն մասնակցել են շուրջ 30 երիտասարդներ: