Հունիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինին եւ լրատվամիջոցների ազատության գծով ԵԱՀԿ ներկայացուցիչ Միկլոշ Խորոշտիին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին զանգվածային լրատվության միջոցներին առնչվող օրենքներին ու օրինագծերին վերաբերող խնդիրներ: ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ տեղեկատվության ազատության մասին, զանգվածային լրատվամիջոցների մասին եւ հեռուստատեսության ու ռադիոյի մասին երեք օրենքներն են հիմնականում կանոնակարգում զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը: ԵԽ եւ ԵԱՀԿ փորձագետների գնահատմամբ` այդ օրենքները համապատասխանում են միջազգային չափանիշներին: Առաջիկայում այս ոլորտում սպասվող օրենսդրական աշխատանքը ներառելու է սահմանադրական փոփոխությունների արտացոլումը հայաստանյան օրենքներում: Պարոն Թորոսյանը նաեւ նշեց, որ թեեւ ցանկացած օրենք կարելի է անվերջ բարելավել, բայց կյանքում եղած իրողությունները օրենքների թերությունների հետ չեն կապված: Նախ` պետք է ճշտել, թե որն է լրատվամիջոցների առաքելությունը. լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը իրենց դերը տեսնում են որպես կուսակցությունների դերի արտացոլում` մի մասը իշխանական, մի մասը` ընդդիմադիր, մինչդեռ զանգվածային լրատվամիջոցները պիտի հասարակությանն անաչառ ներկայացնեն իրադարձությունները: Լրատվամիջոցները պետք է լինեն ազատ եւ անաչառ` այս խնդրի լուծումը ուղղակիորեն կապված է բազմակուսակցական համակարգի ու քաղաքացիական հասարակության կայացման հետ: Բացի այդ` ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց լրագրողների մասնագիտացումը եւ համապատասխան գիտելիքների առկայությունը այն որորտում, որին վերաբերող հարցերը լուսաբանվում են:
Պարոն Միկլոշ Խորոշտին, նշելով, որ հետխորհրդային տարածքում տեղեկատվության ազատության մասին հայկական օրենքը լավագույնն է, իր համաձայնությունն արտահայտելով ներկայացված մոտեցումներին, կարեւորեց թափանցիկության եւ բազմակարծության ապահովումը, լրատվամիջոցների աշխատանքի համար հավասար պայմանների ստեղծումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր: