National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
11.09.2023
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ մի շարք նախագծեր է քննարկել
1 / 1

Խորհրդարանը սեպտեմբերի 11-ին երկրորդ ընթերցմամբ մի շարք նախագծեր է քննարկել:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով կառուցման փուլում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքում բնակարանի գնման իրավունք ձեռք բերող քաղաքացիների եւ կառուցապատողի միջեւ կարող են համաձայնեցվել բանկում բացված՝ կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի մուտքագրած դրամական միջոցները լրիվ կամ մասնակի՝ հօգուտ գնորդի կամ հօգուտ գնորդի վարկատուի գրավադրման պայմանները՝ որպես շենքի, շինության կառուցման ավարտից հետո անշարժ գույքը սեփականության իրավունքով հանձնելու կառուցապատողի պարտավորության եւ կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի լուծման դեպքում կանխավճարի վերադարձման կառուցապատողի պարտավորության կատարման ապահովման միջոց: Ընդ որում՝ կառուցապատողի եւ գնորդի միջեւ դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով չեն կարող նախատեսվել մինչեւ կառուցվող շենքի, շինության շինարարության ավարտը կամ մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչեւ շենքի, շինության շահագործման թույլտվության ստացումը բանկում բացված՝ կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների կամ դրանց մի մասի գրավի իրավունքի դադարեցում այդ միջոցների 75 տոկոսի նկատմամբ:

 ««Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում առաջինից երկրորդ ընթերցում մի շարք փոփոխություններ են կատարվել, որոնք վերաբերում են ֆիլմարտադրության ոլորտում գումարի վերադարձի սահմանաչափին:

«Օրենքի ընդունումից հետո 6-ամսյա ժամկետում Կառավարությունը կսահմանի ու կհրապարակի այն ապրանքների ու ծառայությունների ցանկն ու դրանց պայմանները, որոնցից օգտվելու դեպքում կինոարտադրողները 10-40 տոկոս գումարի վերադարձ կստանան»,- ասել է հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանն ու հույս հայտնել, որ կարգավորումների արդյունքում կինոարտադրության ոլորտում էական առաջընթաց կապահովվի:

««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ներդնել հաշվառման համարանիշների նոր տեսակ, այն է՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների, որոնց իրացումը կնախատեսվի բացառապես էլեկտրոնային աճուրդի միջոցով: Կառավարությունը սահմանելու է հաշվառման առանձին չափորոշիչները, իսկ ՆԳ նախարարը կսահմանի աճուրդային մեկնարկային գները՝ ըստ չափորոշիչների, ինչպես նաեւ էլեկտրոնային աճուրդի կանոնակարգը: Էլեկտրոնային աճուրդը կազմակերպելու եւ անցկացնելու է Ներքին գործերի նախարարությունը: Օրակարգային հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկներն ընդունվել են առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում. այս մասին հայտնել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները քննարկման է ներկայացրել Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը: Փոփոխությունները պայմանավորված են ոլորտի մի շարք խնդիրների կանոնակարգման, դատավորի թեկնածուի հավակնորդի, դատավորի թեկնածուի, պաշտոնավորող դատավորի բժշկական զննությունների գործընթացը լիարժեք կազմակերպելու, բժշկական զննությունների գործընթացում անհարկի միջնորդավորվածություններից խուսափելու, նաեւ օրենքում կիրառվող հասկացությունները ոլորտային օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Կամրագրվի լիազորող նորմ՝ Կառավարության կողմից բժշկական զննությունների իրականացման կարգը սահմանելու վերաբերյալ:

Ալխաս Ղազարյանը ներկայացրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:

Հիմնական փոփոխությունները նախատեսվում են 94-րդ եւ 95-րդ հոդվածներում, դրանք պայմանավորված են անհատական եւ հանրային պատասխանատվությունը բնության, պատմության եւ մշակույթի հուշարձանների նկատմամբ բարձրացնելու, նաեւ պահպանման կարգերի եւ ռեժիմների խախտումները նվազեցնելու անհրաժեշտությամբ: Նախատեսվում է վարչական տույժերի չափերի բարձրացում:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է Նարեկ Բաբայանը: Կառավարությունը եւս դրական դիրքորոշում է արտահայտել:

Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի եւ Էլինար Վարդանյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է գործող օրենքում առկա անորոշությունները վերացնելու եւ Հանրային հեռարձակողի կառավարման մարմնում, ինչպես նաեւ Կարգավորող պետական մարմնում կին թեկնածուների համար առկա իրավական խոչընդոտները նվազեցնելու անհրաժեշտությամբ: «Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից, 2019-2023 թվականների գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունից: Ցավոք, պետք է նշեմ, որ Գենդերային ճեղքվածքի ինդեքսում Հայաստանը նահանջ է արձանագրել. նախորդ երեք տարիների 98-րդ հորիզոնականից 2021 թվականին 156 երկրների մեջ հայտնվել է 114-րդ հորիզոնականում»,- նշել է Լիլիթ Գալստյանը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ առաջարկելով, որ խորհրդում յուրաքանչյուր սեռի թիվը չպետք է պակաս լինի 3-ից: Ընդունվել են նաեւ Կառավարության կողմից ներկայացված մի շարք առաջարկություններ:

Կառավարության հեղինակած ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ համայնքների բյուջեները կհամալրվեն ֆինանսական միջոցների նոր աղբյուրով, այն է՝ համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցներից 30 տոկոսի չափով մասհանումներով: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի՝ այն թույլ կտա համայնքներին իրականացնել նոր ապակենտրոնացված լիազորություններ, ինչպես նաեւ ավելի մեծ ծավալով կյանքի կոչել բնակչության խմելու եւ ոռոգման ջրի, համայնքային նշանակության ճանապարհների, մանկապարտեզների, ինչպես նաեւ այլ ենթակառուցվածքների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր:

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը կհանդիսանա Կառավարության որդեգրած ֆինանսական ապակենտրոնացման քաղաքականության իրականացմանն ուղղված կարեւոր քայլ: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացվել են միայն խմբագրական փոփոխություններ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկված ««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի  ընդունմամբ ակնկալվում է ապահովել ՀՀ-ԵՄ միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախատեսված Եվրոպական միության օրենսդրությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը մոտարկելու գործընթացի իրականացումը, որը կնպաստի ներպետական օրենսդրության կատարելագործմանը եւ համապատասխան բնագավառների զարգացմանը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրինագիծը բովանդակային փոփոխության չի ենթարկվել:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արուսյակ Ջուլհակյանը:

««Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարությանը վերապահել վճարովի ավտոկայանատեղիների գետնանշման առանձնահատկությունները: Օրենքի նախագծի ընդունման արդյունքում կդյուրացվի համայնքային վճարովի ավտոկայանատեղերի տարբերակիչ գետնանշումների գույնի եւ ձեւի վերաբերյալ փոփոխությունների իրականացման գործընթացը, կբարձրացվի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջացող խնդիրների արագ կարգավորման հնարավորությունը, կապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ավտոկայանատեղերի տարբերակված գունանշումը, ինչպես նաեւ հնարավոր կլինի իրականացնել տարբերակված դրույքաչափերի կիրառման մեխանիզմը՝ ըստ գոտիականության՝ ընդհանուր ավտոկայանատեղիների եւ ծառայողական ավոտկայանատեղիների կազմակերպման համար:

««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվեն սննդի շղթայի փուլերը եւ գործողությունները: Մասնավորապես, առաջարկվել է կենդանիների ոչ սպանդանոցային մորթը թույլատրել որսորդության եւ ձկնորսության ժամանակ՝ արտաքին եւ ներքին գործոնների ազդեցությունից կենդանիների առողջական վիճակի ֆիզիկական եւ ֆունկցիոնալ լուրջ, անվերականգնելի խախտումներով պայմանավորված՝ անասնաբույժի ցուցումով, կենդանիների անկումը բացառելու նպատակով, անձնական սպառման համար (այդ թվում՝ կրոնական եւ այլ ընդունված ծիսակատարությունների), եթե տվյալ կենդանին ենթարկվել է սահմանված հակաանասնահամաճարակային միջոցառումների: Կարգավորումների համաձայն՝ պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք եւ մթերք հայտնաբերելու դեպքում նախատեսվում է կասեցնել ամբողջ խմբաքանակի իրացումը՝ միաժամանակ կայացնելով առգրավման եւ ոչնչացման որոշում:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցվել են 3 կազմակերպությունների պետական սեփանականություն հանդիսացող բաժնետոմսեր: Մասնավորեցումից բյուջետային մուտքերը կազմել են 826 մլն դրամ, որը նախորդ ժամանակահատվածի համեմատ ավելի է 208,76 տոկոսով:

««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից շահույթի բաշխման հաճախականությունն ինքնուրույն որոշելու համար: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ ընկերությունն իրավունք ունի ոչ հաճախ, քան եռամսյակը մեկ անգամ, իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջեւ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը տեղեկացրել է, որ հանրապետությունում ներկայում կա մոտ 30 հազար գործող ՍՊԸ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am