Հայաստանը եւ Չեխիան մշտապես լավ բարեկամներ են եղել, ունեն համագործակցության լավագույն ավանդույթներ ու արժեքներ: Բարձր եմ գնահատում Հայաստանի Ազգային ժողովի եւ Չեխիայի խորհրդարանի միջեւ բարեկամական հարաբերությունների մակարդակը. այս մասին սեպտեմբերի 19-ին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամ, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Կիրակոսյանը Երեւանում գտնվող Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Յանա Կրուտակովայի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ Լիլիթ Կիրակոսյանի՝ երկու երկրների միջեւ առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, վերջին տասնամյակում բավականին ակտիվ է եղել համագործակցությունը երկու երկրների խորհրդարանների միջեւ: Նա փաստել է, որ բարեկամական խումբը պատրաստ է սերտ համագործակցել չեխական կողմի հետ:
ԱԺ պատգամավորն անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին՝ կարեւորելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքումն ու խաղաղության օրակարգի հաստատումը տարածաշրջանում: Պատգամավորը փաստել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը չի պահպանում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչը մեծ վտանգ է տարածաշրջանում խաղաղության հաստատման առումով: Լիլիթ Կիրակոսյանը հիշեցրել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի 120.000 բնակչությանը կանգնեցրել է հումանիտար ճգնաժամի առջեւ:
Չեխական կողմը հետաքրքրվել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ճակատագրով: Ի պատասխան նշվել է, որ Հայաստանն ամեն ինչ անում է, որ հայ ռազմագերիներն օր առաջ վերադառնան հայրենիք:
Յանա Կրուտակովան տեղեկացրել է, որ նախորդ տարի աշնանը Չեխիայում հայկական պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել են գյուղատնտեսությանն ու շրջակա միջավայրին առնչվող բազմաթիվ հարցեր: Նրա հավաստմամբ չեխական կողմն ունի օրենքներ, որոնք կարող են ընդունելի լինել Հայաստանի համար: Չեխ գործընկերն անդրադարձել է երկու օրենսդրական նախաձեռնության, որոնք այս պահին մշակվում են չեխ մասնագետների կողմից. առաջինը ջրային ռեսուրսների, իսկ երկրորդը հողերի որակի պահպանմանը վերաբերող հարցերն են: Նշվել է, որ նախորդ օրը բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչների հետ հանդիպմանն արդեն քննարկվել են երկու ոլորտների վերաբերյալ մի շարք խնդիրներ:
Լիլիթ Կիրակոսյանն այս ոլորտում համագործակցության համատեքստում արժեւորել է Չեխիայի օրենսդրության ուսումնասիրությունը եւ հաջողված փորձի տեղայնացումը:
Կողմերը բարձրացված հարցերն առաջիկայում առավել խորությամբ քննարկելու պատրաստակամություն են հայտնել: