National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.9.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
19.09.2023
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը քննարկելու հարցով արտահերթ նիստ էր հրավիրել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը
1 / 16

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 19-ին հրավիրել է արտահերթ նիստ՝ կապված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ այսօր Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետ:

Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտնել է, որ Ադրբեջանն այսօր՝ ժամը 13:00-ից հետո լայնածավալ ագրեսիայի է սկսել ենթարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, ինչի առնչությամբ հրավիրվել է հանձնաժողովի արտահերթ նիստ: Այդ նպատակով հրավիրվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:

Փոխնախարարը ներկայացրել է ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է. «Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծել է հերթական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել էթնիկ զտումների իր քաղաքականությունը: Առաջնորդվելով անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանը բացահայտորեն ստանձնել է ագրեսիայի պատասխանատվությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, սկսում է «հակաահաբեկչական միջոցառումներ», որի վերաբերյալ, ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության, տեղեկացվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ինչպես նաեւ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը:

Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան եւ զանգվածային ոճրագործությունը, որը ճիշտ երեք տարի առաջ՝ 2020թ. սեպտեմբերին, ԼՂ դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ուժի կիրառման շարունակությունն է: «Ռազմական օբյեկտների ոչնչացման» սին պատրվակով Ադրբեջանի կողմից հրետակոծության են ենթարկվում քաղաքացիական բնակավայրեր, Ստեփանակերտ քաղաքը, այլ քաղաքներ ու գյուղեր:

Հայկական կողմը բազմիցս ահազանգել է, որ ԼՂ դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունները, ռազմատենչ անթաքույց հռետորաբանությունը, ԼՂ բնակչությանը «ահաբեկիչներ» որակելու բացարձակապես կեղծ եւ դատապարտելի քարոզչությունը հետապնդում են մեկ նպատակ՝ ուժի կիրառման միջոցով ԼՂ-ի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկել, զրկել իր հայրենիքում ազատ եւ արժանապատիվ ապրելու ու արարելու իրավունքից: Նույն նպատակն են հետապնդել 2022թ. դեկտեմբերից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը եւ ԼՂ լիակատար շրջափակումը: Հարձակմանը նախորդել է այդ թվում Ադրբեջանի ԱԳՆ կողմից կեղծ տեղեկատվության տարածում ականապատման եւ դիվերսիոն գործողությունների մասին, ինչը վկայում է հարձակման պլանավորման եւ տեղեկատվական դաշտի ապահովման մասին: Կրկին հայտարարում ենք, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված չեն ՀՀ զինված ուժեր եւ ռազմական տեխնիկա, ականապատման եւ դիվերսիոն գործողությունների մասին բոլոր լուրերը կեղծ են եւ շինծու:

Կոչ ենք անում միջազգային գործընկերներին, միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման համար առաջնային պարտավորություն ունեցող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմին՝ ձեռնարկել հստակ եւ աներկբա քայլեր Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով»:

Մնացական Սաֆարյանը հայտնել է, որ այսօր՝ ժամը 16:00-ին, հանդիպում է  կայացել  Հայաստանում հավատարմագրված  դիվանագիտական կորպուսի դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների  ղեկավարների հետ, որի մասին տեղեկատվություն կտրվի, ներկայացվել է ընդհանուր իրավիճակը, ձեռնարկվել եւ շարունակվում են աշխատանքները բոլոր ուղղություններով՝ ներգրավելով բոլոր դեսպանությունների եւ առաքելությունների ներկայացուցիչներին: Տեղի են ունենում նաեւ առանձին հանդիպումներ դեսպանների հետ՝  ներկայացնելու համար իրավիճակն ու ձեռնարկելու  քայլեր՝ Ադրբեջանի ագրեսիան կանգնեցնելու նպատակով:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գնահատմամբ ակնհայտ է, որ Ադրբեջանն այս գործողությամբ ցանկանում է ավարտին հասցնել էթնիկ զտման իր քաղաքականությունը: «Սա նաեւ սադրանք է այն ընկալմանը, որ պետք է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը քննարկվեն Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ: Ըստ էության, Ադրբեջանը հարձակվում է այս խոսույթի եւ այս օրակարգի վրա ու ցանկանում էթնիկ զտման քաղաքականությունն ավարտին հասցնել: Սրա վկայությունն է նաեւ այն, որ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներից հնչում են բնակչության համար մարդասիրական միջանցք բացվելու վերաբերյալ մտքեր»,- ասել է հանձնաժողովի նախագահը: Նա չափազանց տարակուսելի եւ անընդունելի է համարել այն հանգամանքը, որ Ադրբեջանն իր պաշտոնական հաղորդագրություններում նշում է ՀՀ ԶՈՒ-ի մասնակցության մասին: «Սա նպատակ ունի սլաքներն ուղղելու Հայաստանի վրա եւ ագրեսիա նախապատրաստելու նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Այս առնչությամբ ես կոչ եմ անում հանրությանը պահպանել հանդարտություն եւ չտրվել սադրանքներին, որովհետեւ ներսում եւս բազմաթիվ են սադրանքները, որոնք այս խոսույթին են ծառայում»,- նշել է Սարգիս Խանդանյանը:

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ իրավիճակի հետ կապված տարակուսանք է հարուցում Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն պնդումը, որ ռուս խաղաղապահ զորակազմը տեղեկացվել է հարձակման մասին, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացնում: «Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների պատասխանատվության ներքո է, եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը, ըստ էության, ռուս խաղաղապահներն են: Եւ եթե տեղեկացվել են նախապես, ապա ի՞նչ գործողություններ են ձեռնարկվել»,- նշել է Սարգիս Խանդանյանը՝ հույս հայտնելով, որ այս հարցին կպատասխանեն ռուս գործընկերները: Նա տարակուսանք է հայտնել, որ այսօրվա հայտարարության մեջ ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանին եւ Ադրբեջանին է կոչ անում դադարացնել լարվածությունը, էսկալացիան: «Ո՞րն է Հայաստանի մասնակցությունն այստեղ: Բոլորը գիտեն, որ Հայաստանը չունի ռազմական ներկայություն Լեռնային Ղարաբաղում, եւ Ադրբեջանը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա»,- ասել է Սարգիս Խանդանյանը՝ հավելելով, որ խորհրդարանական մակարդակում պետք է ակտիվ աշխատանք տանել գործընկերների, տարբեր խորհրդարանական հարթակների, պատգամավորների հետ եւ բարձրացնել իրազեկվածությունը:

Նիստին մասնակցող պատգամավորներն անընդունելի են համարել ադրբեջանական հերթական ագրեսիան եւ նշել, որ իրենց իրավասությունների շրջանակում արդեն դիմել են միջազգային գործընկերներին: Նշվել է, որ առաջիկայում եւս իրենց գործընկերներին կտեղեկացնեն իրավիճակի վերաբերյալ՝ ակնկալելով հասցեական դիրքորոշում եւ գործուն քայլեր: Անդրադարձ է եղել Ադրբեջանի հանցավոր գործողություններին, կարեւորվել է ԼՂ մեր հայրենակիցների  իրավունքների եւ անվտանգության պաշտպանությունը: Օրենսդիրները փաստել են, որ Ղարաբաղում տեղի ունեցողն էթնիկ զտման ապացույց է:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն անդրադարձել է թեմայի առնչությամբ միջազգային գործընկերների հայտարարություններին եւ կոչերին: «Ուրախ եմ, որ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն արդեն արձագանքել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակին, ափսոսանք հայտնել ու հասցեական Ադրբեջանին կոչ արել դադարեցնել ռազմական գործողությունը: Ժոզեպ Բորելը եւս մեկ անգամ ասել է, որ ռազմական էսկալացիան չպետք է որպես պատրվակ օգտագործվի տեղի բնակչության հարկադիր ելքի համար», - նշել է պատգամավորը:

Միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանը բացառապես հանցավոր վարքագիծ է դրսեւորում, այն որեւէ բացատրություն չունի. ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: Պատգամավորը կոչ է արել դադարեցնել ցանկացած խոսակցություն, որը կոչված է ոչ թե ԼՂ բնակչության իրավունքների եւ անվտանգության պաշտպանությանը, այլ ուղղված է հայկական պետականությունը թուլացնելուն եւ տարատեսակ մանր դիվիդենտներ ստանալուն:

ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, նշելով, որ մարտական գործողություններն ուղեկցվում են հիբրիդային պատերազմի բաղադրիչներով եւ ներկայացնելով կոնկրետ օրինակներ, կոչ է արել առաջնորդվել ՀՀ իշխանությունների ներկայացրած տեղեկատվությամբ, ուղղորդվել ՀՀ ԱԳՆ տված գործողությունների ուղեցույցով:

ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի համոզմամբ էլ այսօր, առավել քան երբեւէ, պետք է մտածենք ՀՀ ինքնիշխանության մասին, որովհետեւ միայն այդկերպ կարող ենք ապահովել մեր ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը հիշատակել է 32 տարի առաջ իրականացված «Օղակ» գործողության մասին՝ նշելով, որ Շահումյանում, Գետաշենում տեղի ունեցածը նույն ուղերձն ուներ. այնտեղ տեղակայված ահաբեկչական խմբավորումները պետք է չեզոքացվեն:

Հաջորդելով Ասպրամ Կրպեյանի ելույթին՝ ՔՊ խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը նշել է. «Քանի որ խոսվեց «Օղակ» գործողության մասին, վերադառնամ իմ հարցին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի այսօրվա հայտարարության մասին: Վերջինս մեղադրել է հայկական կողմին, դժվար է ասել՝ ՀՀ-ի՞ն, թե՝ ԼՂ-ին: Ասել է՝ իրավիճակը սրվել է այն պատճառով, որ գրավոր պայմանավորվածությունները չեն կատարվում: Ինչո՞ւմ է մեզ մեղադրում ՌԴ-ն, ո՞ր պայմանավորվածությունն է, որը չի կատարվել, արդյո՞ք ես ճիշտ եմ հասկանում, որ ՌԴ-ն արդարացնո՞ւմ է Ադրբեջանի գործողությունները»:

Նա հիշեցրել է, որ ինն ամսից ավելի է ԼՂ-ն շրջափակված է,  Լաչինի միջանցքը փակ է, ինչն արվել է, առնվազն, ռուս գործընկերների թողտվությամբ: «Խնդրում եմ ՌԴ դեսպանից հետաքրքրվել, հասկանալ՝ ունե՞նք ԼՂ բնակիչների ապահովումը ստանձնած ռուս խաղաղապահներ, գործուն ներկայություն մենք ակնկալե՞նք, թե՝ ոչ: Հասկանանք՝ մենք կարո՞ղ ենք մեր դաշնակիցների վրա հույս դնել, թե՝ ոչ»,- նշել է Արուսյակ Ջուլհակյանը:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Ասպրամ Կրպեյանն ու Գառնիկ Դանիելյանը քննադատել են ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում:

Եզրափակիչ ելույթում ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը նշել է, որ ՀՀ-ն բազմիցս հայտնել է իր վերաբերմունքն ու գնահատականը ՌԴ խաղաղապահ զորախմբի հետ կապված՝ նշելով, որ այդ գործողությունները չեն համապատասխանում ստանձնած պարտավորություններին:


19.09.2023
Սարգիս Խանդանյանն ընդունել է Էրազմուս+ վերապատրաստման դասընթացի միջազգային մասնակիցներին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է Կոպերնիկուս Բեռլին հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Երիտասարդները գործելիս` խաղաղաշինության, հակամարտությունների կարգավորման եւ աշխատանքի տեղավորման հմտությունների խթանում» ծրագ...

19.09.2023
Արտահերթ նիստ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի թեմայով արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

19.09.2023
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում կկայանա արտահերթ նիստ
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 16:30-ին, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ տեղի կունենա՝ կապված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետ: ...

19.09.2023
Հակոբ Արշակյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Յանա Կրուտակովայի գլխավորած պատվիրակությանը: «Հայաստանը մեծապես արժեւորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումն ինչպես երկկողմ,...

19.09.2023
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են չեխ գործընկերների հետ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 19-ին հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Յանա Կրուտակովայի գլխավորած պատվիրակության անդա...

19.09.2023
Հայաստանի եւ Չեխիայի միջեւ առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն. Լիլիթ Կիրակոսյան
Հայաստանը եւ Չեխիան մշտապես լավ բարեկամներ են եղել, ունեն համագործակցության լավագույն ավանդույթներ ու արժեքներ: Բարձր եմ գնահատում Հայաստանի Ազգային ժողովի եւ Չեխիայի խորհրդարանի միջեւ բարեկամական հարաբերությունների մակարդակը. այս մասին սեպտեմբերի 19-ին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ա...

19.09.2023
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Յանա Կրուտակովայի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի ուղեկցութ...

19.09.2023
Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների գլոբալ համաժողովում Հասմիկ Հակոբյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Վիետնամում՝ Հանոյում, անցկացվող Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 9-րդ գլոբալ համաժողովին մասնակցել է աշխարհի 179 երկիր: Կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը խորհրդարանականներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը: «Մենք՝ որպես երիտասարդ խորհրդար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am