Առաջարկվում է հստակեցնել մաքսային ծառայողների կողմից անձանց վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերը` դրանք դարձնելով գործնականում ավելի կիրառելի, առավել մոտարկելով վարչական ձերբակալման ենթարկելու վարույթային նպատակներին: Միեւնույն ժամանակ, սահմանվում է մաքսային հսկողության գոտիներում վարքագծի կանոնների ընդունման Կառավարության լիազորությունը, ինչպես նաեւ վերջիններիս չպահպանելը` որպես մաքսային կանոնների խախտում: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Մասնավորապես, գործող կարգավորմամբ անձը կարող է վարչական ձերբակալման ենթարկվել 3 օրով. նախագծով առաջարկվում է այդ սահմանաչափը դարձնել 6 ժամ:
Նախագծերի ընդունման արդյունքում Կառավարությունը երկամսյա ժամկետում պետք է սահմանի մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր կանոնները:
Արթուր Մանուկյանը տեղեկացրել է, որ նախաձեռնությունը բխում է միջազգային փորձից. նման կարգավորումներ գործում են ԵԱՏՄ երկրներում, ինչպես նաեւ Վրաստանում:
Գրեթե ամբողջությամբ ընդունվել են ԱԺ աշխատակազմի համապատասխան վարչությունների առաջարկները:
Հանձնաժողովը նախաձեռնությանը դրական եզրակացություն է տվել: