National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
03.10.2023
Խորհրդարանը քննարկել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը
1 / 4

Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին քննարկել է «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» օրենքի նախագիծը:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ այս պահի դրությամբ 123 պետություն անդամակցում է Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը: Հայաստանը Հռոմի կանոնադրությունը ստորագրել է դեռեւս 1999 թվականի հոկտեմբերի 1-ին, որից հետո վավերացման գործընթացը կասեցվել էր, քանի որ Սահմանադրական դատարանը 2004 թվականին կանոնադրությունում ամրագրված որոշ պարտավորություններ համարել էր Սահմանադրությանը հակասող:

Զեկուցողը ներկայացրել է հարցի նախապատմությունը` հիշեցնելով, որ կանոնադրության վավերացման քննարկումները վերստին սկսվել են մեկ տարի առաջ, երբ ՀՀ ինքիշխան  տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվեց լայնածավալ ագրեսիա, որի ընթացքում կատարվեցին պատերազմական ծանրագույն հանցագործություններ նաեւ ՀՀ սուվերեն տարածքում: Այդ պահից սկսած վերստին սկսվել են քննարկումները կանոնադրության վավերացման եւ իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու հարցի վերաբերյալ: Արդյունքում` 1990 թվականին ընդունված Հռոմի կանոնադրության վավերացման եւ իրավազորության ճանաչման նախագիծը Կառավարության կողմից հավանության արժանացավ 2022 թվականի դեկտեմբերի 29-ին, որից հետո այն ներկայացվեց Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը 2023 թվականի մարտի 24-ին կայացրեց որոշում, որում նշվում է, որ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանում են կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները: ՍԴ-ին ներկայացվել էին ե'ւ վավերացման  ենթակա, ե'ւ իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու նախագծերը:

«Միջազգային քրեական դատարանն իր իրավազորության առարկայի շրջանակում քննություն է իրականացնում ծանրագույն միջազգային հանցագործությունների վերաբերյալ եւ դատարանի նպատակն է պատասխանատվության ենթարկել ծանրագույն միջազգային հանցագործություններ կատարած անձանց: Խոսքը վերաբերում է պատերազմական հանցագործություններին, մարդկության դեմ ուղղված հանցագործություններին, ցեղասպանությանը: Կանոնադրությունում կան նաեւ նոր փոփոխություններ, որոնցից մեկը Կամպալայում տեղի ունեցած համաժողովում իրականացված փոփոխությունն է, որը կատարվել է 2010 թվականին եւ որով ավելացվել է ագրեսիայի հանցագործությունը նշված հանցագործությունների շարքին»,- ասել է Եղիշե Կիրակոսյանը: Նրա խոսքով այս պահին վավերացման է ներկայացվել նախագծի` առանց Կամպալայի փոփոխության տարբերակը: Զեկուցողը հնարավոր է համարել հետագայում Կամպալայի փոփոխության վավերացումը:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը կարծիք եւ հույս է հայտնել, որ փաստաթղթի վավերացումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ տարածքում վերոնշյալ հանցագործությունները կանխարգելելու եւ բացառելու տեսանկյունից:

Զեկուցողին հարցեր են ուղղել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է, թե հետխորհրդային երկրներից որոնք են վավերացրել փաստաթուղթը: Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրել է, որ այն վավերացրել է երկու երկիր: Վրաստանը Հռոմի կանոնադրությունը վավերացրել է 2004 թվականին, իսկ Տաջիկստանը, որը ե'ւ ՀԱՊԿ, ե'ւ ԱՊՀ անդամ պետություն է, 2002 թվականին:

Բաբկեն Թունյանը հարցրել է, թե ինչ է Հայաստանին տալու փաստաթղթի վավերացումը: Հիմնական զեկուցողը պարզաբանել է, որ Հռոմի կանոնադրության վավերացումը սահմանում է դատարանի իրավազորությունը Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ: Այն որոշակիորեն երաշխիք է տալու, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած ծանրագույն հանցագործություն ենթակա կլինի Միջազգային քրեական դատարանի իրավազորությանը, եւ այն անձանց համար, որոնք մտադրություն ունեն կատարելու նման հանցագործություն, սա առնվազն կանխարգելիչ ազդեցություն կունենա: «Կարծում եմ, որ դա պակաս հիմնավորում չէ, որպեսզի վավերացման հարցը քննարկենք: Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի սուվերեն տարածքում այսօր էլ դեռ գտնվում են Ադրբեջանի զինված ստորաբաժանումներ. կանոնադրության վավերացումը վերստին հիմնավորվում է այս տրամաբանությամբ»,- ասել է զեկուցողը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի դիտարկմամբ այս հարցն արդեն 20 տարի է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում է: «Փաստաթղթի բովանդակությունը, բնույթը, արմատներն այնպիսին են, որ կարծես թե Հայաստանը պետք է լիներ առաջին երկիրը, որ պետք է վավերացներ այն: Այն իր արմատներով գնում-հասնում է 1915 թվականի մայիսի 24, երբ Անտանտի պետությունները` Ռուսական կայսրությունը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, առաջին անգամ օգտագործեցին «մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ» եզրույթը` Հայոց ցեղասպանությունը մեղադրելու համար: Այս փաստաթուղթն է առաջին անգամ պատմության մեջ ամրագրում կոնսոլիդացված տեսքով, թե որոնք են մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները: Այս հարցով ՄԱԿ-ը սկսել է զբաղվել 1946-47 թվականներին: Ստատուտը որեւիցե բովանդակային քրեական արարք չի նախատեսում: Այն պարզապես ամրագրում է այն բոլոր արարքները, որոնք աշխարհի գրեթե բոլոր պետությունների օրենսդրության մեջ ամրագրված են. ցեղասպանություն, ռազմական հանցագործություններ, մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ»,- ասել է հանձնաժողովի նախագահը` պարզաբանելով, թե ինչու է հարցը քննարկվում այս պահին: «Այն հանգամանքը, որ ՀՀ տարածքում է գտնվում էթնիկ զտման` մարդկայնության դեմ ուղղված հանցագործության արդյունքում բռնի տեղահանված անձերի ստվար խումբ, հիմք է տալիս, որ Հայաստանը Միջազգային քրեական դատարանում կարող է պնդել, որ վերջինս ունի իրավազորություն այս արարքի նկատմամբ»:

Նախագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովի նիստում` արժանանալով դրական եզրակացության:

Պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցության դրդապատճառներին:

Խորհրդարանը 60 կողմ, 22 դեմ ձայնով ընդունել է օրենքի նախագիծը:  ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները դեմ են քվեարկել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am