National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
03.10.2023
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Սնանկության դատարանի եւ Վարչական դատարանի դատավորների համար 60 տոկոս հավելում կսահմանվի. Լեւոն Բալյան
1 / 3

Նախագծի ընդունումը պայմանավորված է առաջին ատյանի դատարանների դատավորներին տրվող վարձատրության համակարգի վերանայման անհրաժեշտությամբ եւ բխում է դատավորների անկախությունը երաշխավորելու, ինչպես նաեւ առաջին ատյանի դատարանների դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու նպատակով համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների համար գրավչություն ապահովելու անհրաժեշտությամբ: Այս մասին ԱԺ լիագումար նիստի ընթացքում ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը`  առաջին ընթերցմամբ խորհրդարանականներին ներկայացնելով ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Դատավորների` «կարմիր նշակետը» հատող գերծանրաբեռնվածությունը եւ այդ ծանրաբեռնվածության ու դատավորների ներկայիս վարձատրության անհամապատասխանությունը ցայտուն է: Ընդ որում, վիճակագրության արդյունքներով քննվող դատական գործերի քանակով եռաստիճան դատական համակարգում ծանրաբեռնվածության ամենամեծ բեռը կրում են հենց առաջին ատյանի դատարանների դատավորները: Արդյունքում` դատական համակարգում արդեն իսկ նկատվում են իրական ռիսկեր համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից առաջին ատյանի դատարանների դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու ցանկության եւ շահագրգռվածության բացակայության մասով»,- նկատել է Արդարադատության փոխնախարարը:

Ըստ զեկուցողի` պետք է նկատի ունենալ, որ օրենքում նախկինում կատարված փոփոխությունների արդյունքում հավելում է սահմանվել Հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար, այնուհետեւ վերանայվել են նաեւ Վճռաբեկ դատարանի եւ Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության չափերը: Որպես նշված փոփոխությունների տրամաբանական շարունակություն` անհրաժեշտ է վերանայել նաեւ դատական համակարգում ծանրաբեռնվածության մեծ բեռ կրող առաջին ատյանի դատարանների դատավորների վարձատրության չափը, ինչի համատեքստում նախագծով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ին 60 տոկոս հավելում սահմանել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Սնանկության դատարանի եւ Վարչական դատարանի դատավորների համար` ապահովելով դատավորի բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխանող վարձատրությունը:

Նախագծին վերաբերող հարցով է հանդես եկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, ով զեկուցողից հետաքրքրվել է` քանի՞ դատավոր է լինելու նախագծի շահառու եւ բյուջեի վրա որքա՞ն հավելյալ ծախս է ենթադրում  նախագծի ընդունումը:

«Օրենքի գործողությունը տարածվելու է 206 դատավորի նկատմամբ. նրանք կազմում են դատական համակարգի ավելի քան 66 տոկոսը: Մոտավոր հաշվարկով նախագիծը բյուջեի վրա 1 մլրդ 400 մլն դրամի ծանրաբեռնվածություն է առաջացնելու»,- հարցին ի պատասխան նշել է գերատեսչության ներկայացուցիչը:

Նախագծի հարակից զեկույցը ներկայացրել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը: Պատգամավորը հայտնել է, որ այն քննարկվել է դեռեւս տարեսկզբին` դատաիրավական բարեփոխումների շրջանակում:

«2022-2026 թվականների ռազմավարության շրջանակում բարձրացվել են Հակակոռուպցիոն դատարանի, Վերաքննիչ դատարանի եւ Վճռաբեկ դատարանի դատավորների աշխատավարձերը: Փոփոխությունն ապահովելու է որակյալ կադրերի ներգրավում առաջին ատյանի դատարանների ատյանում: Առաջին ատյանի յուրաքանչյուր դատավոր տարեկան 2000 դատական գործ է քննում»,- նշել է պատգամավորն ու հավելել, որ հանձնաժողովն առաջին ընթերցմամբ նախագծին տվել է դրական եզրակացություն:

«Առաջին ատյանի դատավորների եկամուտների ավելացումը դատաիրավական բարեփոխումների մեր փոփոխություններից մեկն է, որը եւս պետք է ուղղված լինի դատական համակարգի առողջացմանը: Գործող աշխատավարձերի պարագայում կադրերի անընդհատ հոսունություն ենք ունենում: Նման ծանրաբեռնվածության, բարձր պատասխանատվություն պահանջող աշխատանքի ու ցածր վարրձրատրության դեպքում դատավորները նախընտրում են գնալ մասնավոր ոլորտ, ունենալ բարձր եկամուտ ու քիչ ծանրաբեռնվածություն: Կադրային հոսունությունը կանգնեցնելու ու լավ մասնագետներին համակարգ ներագրավելու համար կարեւոր է, որ արժանապատիվ վարձատրություն ապահովենք»,- մտքերի փոխանակության ընթացքում ասել է Արուսյակ Ջուլհակյանն ու կոչ արել գործընկերներին դրական քվեի արժանացնել օրենքի նախագիծը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am