National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
18.10.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերին
1 / 2

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հոկտեմբերի 18-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի շարք օրենքների նախագծերի:

«Շուկայի վերահսկողության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել օրենքի կարգավորման առարկան եւ գործողության ոլորտը, համապատասխան հասկացությունները, շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքները, տեսչական մարմնի գործառույթները, իրականացվող վերահսկողության առանձնահատկությունները եւ ձեւերը: Միաժամանակ, նախատեսվում է սահմանել նաեւ շուկայի վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները, ինչպես նաեւ վերահսկողություն իրականացնող անձանց եւ տնտեսավարողների իրավունքները եւ պարտականությունները:

Հիմնական զեկուցող, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո նախագծում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:

Պետրոս Մարտիրոսյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել նաեւ ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է սննդամթերքի ներմուծման փուլում սահմանային պետական վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձարկումների կազմակերպման գործընթացների կանոնակարգման անհրաժեշտությամբ:

Օրինագծով առաջարկվում է լաբորատոր փորձարկումներն իրականացնել ներմուծող կազմակերպությունների կողմից ընտրված լաբորատորիաներում, իսկ փորձարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում ապրանքը տնօրինողը, իր միջոցների հաշվին, պահեստային նմուշը՝ Կառավարության որոշմամբ հաստատված ցանկի համաձայն, կարող է ուղարկել այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա:

Նշվել է, որ առաջին ընթերցումից հետո կատարվել է խմբագրական բնույթի երեք փոփոխություն:

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը քննարկման է ներկայացրել ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը, որով թույլատրելի առավելագույն 3,5 տոննա քաշը գերազանցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով դեպի Տրանսպորտի Նախարարների Եվրոպական Կոնֆերանսի (ՏՆԵԿ) անդամ պետություններ միջպետական բեռնափոխադրումներ (բացառությամբ ոչ առեւտրային փոխադրումների) իրականացնող կազմակերպությունները պետք է ապահովեն Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով նախատեսված գործարար համբավի, ֆինանսական վիճակի եւ փոխադրումների մենեջերի համար սահմանված պահանջները:

Նշվել է, որ միջպետական փոխադրողը պետք է նշանակի փոխադրումների կազմակերպման եւ անվտանգության գծով պատասխանատու անձ (այսուհետ՝ փոխադրումների մենեջեր), որը կարող է լինել նաեւ կազմակերպության ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը:

Փոխադրումների մենեջերը պետք է ունենա մասնագիտական որակավորումը հաստատող վկայական, բացառությամբ բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպություններում անընդմեջ 10 տարվա կառավարման ստաժ ունեցող անձանց: Մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, մասնագիտական որակավորման վկայականի նկարագիրը եւ մասնագիտական որակավորման վկայական տալու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ըստ փոխնախարարի՝ առաջին ընթերցումից հետո Կառավարության ներկայացրած դիտարկումներն ընդունվել են:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը քննարկման է ներկայացրել ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախատեսվում է օրենքի 7-րդ հոդվածի 6.2-րդ մասով սահմանված՝ Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետությունում համապատասխան լիցենզավորող մարմնի թույլտվությամբ օրենքով նախատեսված՝ գործունեության իրականացման վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի/ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի եւ ռադիոակտիվ թափոնների ներմուծումը/արտահանումը դասել վերոնշյալ դրույթով նախատեսված բացառությունների շարքին:

Առաջին ընթերցումից հետո խմբագրական բնույթի մեկ առաջարկ է ներկայացվել, որն էլ ընդունվել է:

Հանձնաժողովականները երկրորդ ընթերցմամբ քննարկել են նույնանուն՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանի՝ առաջին նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ հարկային օրենսգրքի 45-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ չկատարված հարկային պարտավորություններն անհուսալի համարելու վերաբերյալ կանոնակարգումները: Միաժամանակ, օրենսգրքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի գործող խմբագրմամբ սահմանված չկատարված հարկային պարտավորություններն անհուսալի համարելու դեպքերը նախատեսվում են որպես հարկային պարտավորության դադարման հիմքեր, իսկ որպես հարկային պարտավորությունների դադարման հիմք՝ նախատեսվում է հարկային պարտավորությունների կատարման՝ օրենսգրքով եւ վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված վերջնաժամկետից 5 տարի անցնելն անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի, եւ 7 տարի անցնելը՝ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի դեպքերում: Հաշվի առնելով նաեւ, որ չկատարված հարկային պարտավորություններն անհուսալի համարելու օրենսգրքով սահմանված կանոնակարգումներն ուժը կորցրած են ճանաչվում, նախատեսվում է հանել նաեւ անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման եւ հաշվառումից հանելու կարգը Կառավարության կողմից սահմանվելու վերաբերյալ կանոնակարգումը, իսկ այդ կարգի սահմանման լիազորությունը վերապահվում է հարկային մարմնին:

Երկրորդ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել, որ ապահովագրական գործակալները եւ ապահովագրական բրոքերները չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարողներ կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ:

Նշվել է, որ օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը շարադրվում է նոր խմբագրմամբ, ինչի արդյունքում շրջանառության հարկ վճարողներն օրենսգրքի 150-րդ հոդվածի 13-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից ազատվում են միայն գյուղատնտեսական արտադրանքի եւ Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի ձեռքբերման մասով:

Սահմանվում է նաեւ, որ հարկային մարմինը չափագրումներ կարող է իրականացնել նաեւ ապրանքների ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման պահանջների պահպանումը պարզելու նպատակով:

Նշվել է, որ պետք է օրենսգրքի 346-րդ հոդվածում 100 միլիոն դրամի շեմը նվազեցնել՝ սահմանելով 24 մլն դրամ՝ ստեղծելով հնարավորություն շրջանառության հարկ վճարողների նկատմամբ եւս սահմանված դրույթները կիրառելու համար: Միաժամանակ, առաջարկվում է նշված շեմը որոշել ոչ թե հարկային տարվա որեւէ ամսվա տվյալներով, այլ հարկային տարվա ցանկացած ժամանակահատվածի տվյալներով, ինչպես նաեւ այդ շեմը տարածել ոչ միայն իրացման շրջանառության կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով՝ ԱԱՀ-ով հարկման բազայի, այլեւ ՀՀ տարածքում ձեռքբերված ապրանքների արժեքի վրա:

Երկու օրինագծերի վերաբերյալ առաջին ընթերցումից հետո ներկայացվել են խմբագրական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am