National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
20.10.2023
Նախաձեռնությամբ հստակեցվում է ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողություններ կատարող անձանց շրջանակը
1 / 6

Նախաձեռնությամբ առաջարկվում է հստակեցնել ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողություններ կատարող անձանց շրջանակը, բարձրացնել փաստաթղթերի իսկության ստուգման արդյունավետությունը, կրճատել հավելյալ ծախսերը, համապարփակ կարգավորել հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողություն կատարելու մերժման կարգը. ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Նոտարիատի մասին» եւ «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքներում Կառավարության հեղինակած փոփոխությունները:

Հարցը քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 20-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Ըստ փոխնախարարի՝ «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններով նախատեսվում է վերացնել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրներն ու անհամապատասխանությունները, ճզմիչ կնիքի պարտադիր առկայությունը, ավելացնել «QR» կոդի եւ «e-verify» համակարգի վերաբերյալ դրույթներ:

Նշվել է, որ «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություններով էլ հնարավորություն կընձեռվի խուսափել իրավական ակտերի միջեւ առկա հակասություններից եւ հստակեցնել հյուպատոսական պաշտոնատար անձի, այդ թվում՝ հյուպատոսների եւ փոխհյուպատոսների կողմից մատուցվող նոտարական ծառայությունները:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվել է՝ արդյո՞ք հետախուզվող անձի նկատմամբ նոտարական բոլոր գործողությունների համար է նախատեսվում մերժում եւ որքանո՞վ է կիրառվող սահմանափակումը համաչափ անձի հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից:

Վահան Կոստանյանը նշել է, որ սահմանափակումը գործել է 1996 թվականի օրենքով. «Գործընթացը որոշակիորեն փոխվել է՝ հաշվի առնելով այն, որ մեր հյուպատոսներն էլեկտրոնային հյուպատոսական համակարգի միջոցով հիմա կարողանում են տեղում ստուգել՝ անձը հետախուզման մեջ է գտնվո՞ւմ, թե՝ ոչ»: Անդրադառնալով հետախուզման մեջ գտնվող անձանց տեղում նույնականացնելուն՝ զեկուցողը նշել է, որ «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքով հյուպատոսներն իրավունք չունեն բացի հյուպատոսական ծառայության մատուցումից այլ գործողություններ իրականացնել:

Արծվիկ Մինասյանի խոսքով եթե հետախուզվող անձն իր ոտքով գալիս ու ներկայանում է իրավասու պետության հյուպատոսական ծառայություն իրականացնող մարմին, ապա դրանից ավելի լավ ինֆորմացիոն աղբյուր հնարավոր չէ գտնել. «Մյուս կողմից էլ հնարավորություն կտրվի չսահմանափակել քաղաքացիների սահմանադրական այլ իրավունքների իրացումը»: Արծվիկ Մինասյանն առաջարկել է առաջինից երկրորդ ընթերցում հարցը քննարկել Արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ եւ գտնել ավելի լավ լուծումներ: Առաջարկն ընդունելի է համարել Վահան Կոստանյանը:

Հարակից զեկուցող, պատգամավոր Արփինե Դավոյանը նշել է, որ Արծվիկ Մինասյանի ներկայացրած մտահոգությունն առկա է եղել օրենքում մինչ Կառավարության կողմից նախագծերի փաթեթով հանդես գալը: Պատգամավորը համաձայնել է, որ առաջարկը պետք է քննարկվի համալիր եւ լայն շրջանակների հետ:

Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am