National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
23.10.2023
Քննարկվել են երեխայի նկատմամբ ալիմենտային պարտավորությունների կատարման իրավական կարգավորումներն ու օրենսդրական բացերը
1 / 6

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կանանց հզորացման ծրագրերի ղեկավար Լաուրա Սիմոնյանի, Ազգային ժողովրդավարության ինստիտուտի «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի շրջանավարտ, «Հանուն իրավահավասարության» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մանուշ Մարալչյանի եւ Գենդերային հարցերով իրավաբան-փորձագետ Ստելլա Չանդիրյանի հետ:

Հյուրերը ներկայացրել են «Հայաստանում երեխայի նկատմամբ ալիմենտային պարտավորությունների կատարման իրավական կարգավորումների եւ գործնական հիմնախնդիրների վերաբերյալ» հայեցակարգը: Նշվել է, որ ներպետական օրենսդրությամբ ամրագրված են երեխայի ապրուստը հոգալու ծնողների պարտականությունները, ալիմենտ վճարելու, բռնագանձելու կարգն ու պայմանները: Գործնականում  բազմաթիվ են դեպքերը, երբ առկա է ալիմենտի վճարման մասին դատական ակտը, սակայն կա այդ դատական ակտի կատարման անհնարինություն: Նշվել է, որ հարցի առնչությամբ պետական պաշտոնական վիճակագրություն առկա չէ: Ալիմենտային պարտավորությունների չարամտորեն չկատարումը ենթակա է քրեական պատասխանատվության, սակայն այդ լուծմամբ, ըստ բանախոսների, չի վերանում այն խնդիրը, որ երեխան զրկվում է ալիմենտից: Հայեցակարգով առաջարկվում է ստեղծել ալիմենտային ֆոնդ: Պետությունն այդ ֆոնդից ալիմենտ է վճարելու այն ծնողին, ում հետ բնակվում է երեխան` հետագայում մյուս ծնողից բռնագանձելու պայմանով:

Հերիքնազ Տիգրանյանը որոշումների ընդունման հիմքում կարեւորել է հստակ վերլուծության եւ  վիճակագրության առկայությունը, որն օրենսդրին կներկայացնի անաչառ գնահատված իրավիճակը եւ կհիմնավորի օրենսդրական կարգավորման նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը: Հանձնաժողովի նախագահն անհրաժեշտ է համարել ՀԿ-ների փորձագիտական ներուժի արդյունավետ օգտագործումը՝ նշելով, որ վերջիններիս հետազոտությունները կարող են օրենսդրական նախաձեռնության հիմք հանդիսանալ: «Բոլոր ձեւակերպումների հիմքում երեխայի լավագույն շահը պետք է լինի»,- արձանագրել է նա:

Հերիքնազ Տիգրանյանը հայեցակարգն իր գլխավորած հանձնաժողովի անդամների, իրավասու մյուս հանձնաժողովների ու Կառավարության գործընկերների հետ քննարկելու պատրաստակամություն է հայտնել:

Մտքեր են փոխանակվել նաեւ ալիմենտային ֆոնդի ձեւավորման մեխանիզմների, ընտանեկան բռնության գործերի քննության ընթացակարգերի, դրանց օրենսդրական բացերի, ամուսնալուծված, բռնության ենթարկված կանանց, երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող եւ ոլորտային մի շարք հարցերի շուրջ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am