«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված համաձայնագրով ազգային օպերատորը պետք է ապահովի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծելիության կիրառման համար տեղեկատվական համակարգի աշխատանքը մշտական հիմունքներով` շաբաթական 7 օր եւ օրվա ընթացքում 24 ժամ: Նշված պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ազգային օպերատորը կրելու է անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն, ինչը նախատեսվում է սահմանել նախագծով:
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումն ԱԺ հերթական նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը:
Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ տեղորոշման կապարակնիքների կիրառմամբ հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի կողմից նշված համաձայնագրով սահմանված եւ իր կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգի անխափան աշխատանքի ապահովման պարտավորության չկատարումն առաջացնելու է երեսուն հազար դրամի չափով տուգանք: Նույն խախտումը կրկնվելու դեպքում տուգանքը կլինի հիսուն հազար դրամի չափով, իսկ երկու անգամից ավելիի դեպքում օպերատորը կզրկվի իր կարգավիճակից:
Հաջորդ խումբը վերաբերում է այն դեպքերին, երբ տեղեկատվական համակարգի անխափան աշխատանքը չապահովելու պարտավորությունն առաջացնում է մաքսային վճարների չհաշվարկում կամ չվճարում: Այս դեպքում կիրառվելու է տուգանք չհաշվարկած կամ չվճարած մաքսային վճարների կամ այլ հարկերի հիսուն տոկոսի չափով: Երրորդ դեպքը, երբ խախտումն առաջացնում է արգելքների եւ սահմանափակումների չկիրառում: Այս դեպքում եւս տուգանքը կկազմի ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով: Խախտումը երկու անգամից ավելի կրկնվելու դեպքում Կառավարության սահմանած կարգով կդադարեցվի ազգային օպերատորի գործունեությունը:
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: