National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
24.10.2023
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
1 / 1

Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է երկու տասնյակից ավելի օրենսդրական նախաձեռնություններ:

««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը եւ Լուսինե Բադալյանը: Նախաձեռնությամբ սահմանվում է, որ պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում մատուցվող նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների համար օգտագործվող ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակների ձեռքբերումն իրականացվում է արտադրողի կողմից տրվող համապատասխանության հավաստագրի (ավտարիզացիոն նամակի) եւ ծագման սերտիֆիկատի առկայության դեպքում:

Հիմնական զեկուցող Լուսինե Բադալյանի խոսքով փոփոխություններով փորձ է արվում պետության կողմից վճարվող գումարներն ավելի նպատակային դարձնել եւ թույլ չտալ, որպեսզի անորակ իմպլանտներ տեղադրվեն մարդու օրգանիզմում:

Գլխադասային` Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Հունանյանը:

Պատգամավորները քննարկել են նաեւ Կառավարության հեղինակած «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումները: Այն ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:

Հարակից զեկուցող, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը նշել է, որ հանձնաժողովն առաջարկել է մեկ փոփոխություն, այն է` օդանավակայանի հատուկ սրահից կարող է օգտվել նաեւ պաշտոնաթող վարչապետը: Առաջարկն ընդունվել է հեղինակի կողմից: Վերոնշյալ կարգավորումը վերաբերելու է միայն 2018 թվականից հետո պաշտոնաթող վարչապետերին: Պատգամավորը նշել է, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն եւ կոչ արել կողմ քվեարկել:

««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծով սահմանվում է ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ: Ուժը կորցրած է ճանաչվում այլեւս գոյություն չունեցող Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործառույթի համար սահմանված դրույքաչափը: Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի` նախաձեռնությամբ ավելացվում է գործնականում մատուցվող մեկ այլ հյուպատոսական ծառայության դրույքաչափ, որը ներկայումս սահմանված չէ:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են տեխնիկական փոփոխություններ: Պատգամավորը տեղեկացրել է, որ հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ եւ Քրեական օրենսգրքերում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը: Նպատակն է խստացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների եւ ինժեներական կառույցների վնասման, ինչպես նաեւ ճանապարհից օգտվելու կարգի խախտման համար օրենսդրորեն սահմանված պատասխանատվության միջոցները: Փոխնախարարը տեղեկացրել է, որ պատասխանատվության միջոցները գրեթե եռապատկվել են:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Ալխաս Ղազարյանը:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ որոշումների համար կսահմանվի բողոքարկման մեխանիզմ: Այս մասին Դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ ներկայացնելիս հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունն իրականացնելու է ԲԴԽ 4 անդամ ընդգրկող կազմը: ԲԴԽ նշված կազմը յուրաքանչյուր կարգապահական վարույթով լինելու է տարբեր եւ ընդգրկելու է դատավորների ընդհանուր ժողովի եւ ԱԺ-ի կողմից ընտրված երկուական թեկնածու: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշման դեմ բերված բողոքի քննությունն իրականացնելու է ԲԴԽ-ն` տվյալ կարգապահական վարույթով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության կազմում չընդգրկված անդամների կազմով:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հարցի առնչությամբ տվել է դրական եզրակացություն: Այս մասին հայտնել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Հասմիկ Հակոբյանի հեղինակած ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Գեւորգ Պապոյանի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվելուց հետո հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, ինչի արդյունքում փաթեթն իր կողմից լրամշակվել է: Նախաձեռնությամբ սահմանվում  է, որ յուրաքանչյուր խաղացող կարող է խաղալ միայն իրեն պատկանող բանկային հաշվից կամ քարտից լիցքավորելուց հետո: Այսինքն` խաղային հաշիվը պետք է պարտադիր լիցքավորվի անկանխիկ եղանակով: Օրենքի` ուժի մեջ մտնելը մի փոքր հետաձգվել է` կապված որոշ հարցերի կարգավորման հետ: Երկրորդ կարգավորումն այն է, որ խաղերի կազմակերպիչները հարցումներ են անելու բանկերին, եւ բանկերը պարտավոր են լինելու նրանց տվյալներ տալ: Երրորդ կարգավորմամբ սահմանվում է, որ այս նախաձեռնությունը վերաբերում է միայն ՀՀ քաղաքացիներին:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Գրիգորյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, իսկ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը` Կառավարության դրական դիրքորոշումը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հեղինակած ««Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակը ներառական կրթության իրականացմանը նպաստելն է: Զարուհի Բաթոյանը նշել է, որ Հայաստանը որդեգրել է համընդհանուր ներառական կրթության ապահովման քաղաքականությունը, ինչը ենթադրում է նաեւ ակտիվ համագործակցություն մանկավարժների եւ ծնողների միջեւ:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հեղինակի նախաձեռնությամբ նախագիծը լրամշակվել է:

ԱԺ գլխադասային հանձնաժողովի եւ Կառավարության եզրակացությունները դրական էին:

««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը եւ Էմմա Պալյանը: Գործող օրենսդրությամբ ՊՈԱԿ-ների, ՀՈԱԿ-ների եւ ՓԲԸ-ների տնօրենների, միեւնույն գործառույթն իրականացնող առաջնային բուժօգնություն իրականացնող բժշկական հիմնարկների տնօրենների թեկնածուներին ներկայացվող պահանջները տարբերվում են միմյանցից: Ներկայացված նախագծով պահանջները դառնում են միասնական:

Նարեկ Զեյնալյանի խոսքով նախաձեռնությունը քննարկվել է Կառավարության ներկայացուցիչների եւ շահագրգիռ կողմերի հետ:

Հարակից զեկուցող, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հրաչյա Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ հորդորել կողմ քվեարկել փաթեթին:

««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծով սահմանվում են դրույթներ` համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու համար:

«Փոփոխությունը մեզ հնարավորություն կտա մանկապարտեզների, արվեստների դպրոցների, մշակույթի կենտրոնների կարիքների համար պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել տվյալ կազմակերպություններին` առանց ավելորդ քաշքշուկների»,- ընդգծել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:

Հարակից զեկուցող, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյանի խոսքով ներկայացված կարգավորումն օրենսդրական եւ իրավական հիմքեր է ստեղծում, որպեսզի Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում գտնվող շենք-շինությունները սեփականության իրավունքով փոխանցվեն համայնքներին եւ ծառայեցվեն բուն նպատակին:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում : Նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում բովանդակային փոփոխության չի ենթարկվել, առաջարկներ չեն եղել. նշել է Ռուստամ Բաքոյանը:

Պատգամավորը հիշեցրել է, որ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետում առաջարկել է զավակ բառից հետո ավելացնել «կամ ծնող» բառերը, որի դեպքում ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ քաղաքացիություն չունեցող այն անձը, որն ունի քաղաքացի զավակ կամ ծնող:

«Ներկայացված լրացումը հնարավորություն է ստեղծում ծնողի քաղաքացիության հիմքով չափահաս զավակին եւս տրամադրել քաղաքացիություն»,- ընդգծել է զեկուցողը:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Գործող կարգավորմամբ վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու համար մի շարք օտարերկրյա իրավաբանական անձանց համար նախատեսված է տվյալ պետության օրենսդրությամբ համապատասխան գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում Հայաստանում պարզեցված ընթացակարգերով թույլտվություն տրամադրելու հնարավորություն: Գործունեության մի շարք տեսակների համար, սակայն, նախատեսված են բացառություններ: Դրանց շարքում առաջարկվում է ներառել նաեւ միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի եւ թափոնների ներմուծման ու արտահանման գործունեության տեսակը, որ դրանց վրա չտարածվի պարզեցված ընթացակարգով թույլտվության տրամադրման պահանջը:

«Լիցենզավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումները մանրամասնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, իսկ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը` Նարեկ Ղահրամանյանը:

«Պետական նպաստների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով կանխիկ կամ անկանխիկ եղանակով ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակումով կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով անձանց ընտանեկան եւ սոցիալական նպաստը, ինչպես նաեւ հրատապ օգնությունը կվճարվի դիմումի հիման վրա: Կհստակեցվեն երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու պայմաններն օտարերկրյա քաղաքացի ծնողի համար եւ այն դեպքում, երբ նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը: Խնամքի նպաստ նշանակելը մերժելու հիմքերը կհամապատասխանեցվեն նախագծով առաջարկվող նպաստ նշանակելու պայմաններին: Հիմնական կարգավորումները ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, իսկ Գայանե Եղիազարյանը` Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Նախագիծը, որ վերաբերում է հեռավար աշխատանքին, թույլ կտա ժամանակակից մեխանիզմներով ապահովել աշխատանքային հարաբերությունների կարգավորումն ու ավելի ճկուն մեխանիզմներ կիրառել: Ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը` «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ զեկուցելու համատեքստում:

Նախագծով սահմանվել է` հեռավար աշխատանքն աշխատողի կողմից աշխատանքի վայր չներկայանալով աշխատանքի կատարումն է:

Փոխնախարարը հայտնել է, որ նախագիծը երկար սպասված է թե' գործատուների, թե' աշխատողների կողմից: Մինչեւ դրա մշակումը գլխադասային հանձնաժողովի նախագահը հանրային լսումներ է կազմակերպել, ինչից հետո նման նախագծի անհրաժեշտություն է առաջացել:

Հարակից զեկուցումը ներկայացրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը: Պատգամավորը հայտնել է, որ հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:

Հաջորդ հարցը վերաբերել է ««Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» նախագծին: Այն երկրորդ ընթերցմամբ խորհրդարանականներին է ներկայացրել Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:

«Նախագծով պարտավորություն ենք սահմանում նոտարների եւ Կադաստրի կոմիտեի համար նվիրատվությունների վերաբերյալ բոլոր կատարված գործարքներով հաշվետվություն ներկայացնել ԿԲ, քանի որ դրանով առավել արդյունավետ կկարողանանք կառավարել այն ռիսկերը, որոնք առկա են նվիրատվությունների գործարքներով»,- ասել է փոխնախարարը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանն էլ երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Զեկուցողը հայտնել է, որ առաջարկվող փոփոխությունները հիմնականում նպատակ ունեն օրենսգրքով կիրառվող հասկացությունները համապատասխանեցնելու «ՀՀ սնանկության մասին» օրենքով նախատեսված կարգավորումներին, վերացնելու այս երկու օրենքների միջեւ առկա հակասությունները եւ հստակեցնելու պարտավորությունների դադարեցման հիմքերը:

Հարակից զեկույցը ներկայացրել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը: Պատգամավորը հայտնել է, որ նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Կարեն Թամազյանի ներկայացմամբ պատգամավորները քննարկել են նաեւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Նախաձեռնությամբ հստակեցվում են ընտրված ապրանքների գծով չափագրման ուսումնասիրության շրջանակում գույքագրում իրականացնելու դրույթները: Չփաստաթղթավորված ապրանքներ հայտնաբերելու դեպքում սահմանվում են պատասխանատվության միջոցներ: Նման միջոցներ են սահմանվում նաեւ այն դեպքերի համար, երբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում կբացահայտվի, որ ֆիզիկական անձինք վարձակալությամբ գույք են տվել, սակայն դրա հարկերը չեն վճարել կամ դրա մասին չեն հայտնել հարկային մարմնին:

Հարակից զեկուցմամբ հանդես է եկել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Նրա խոսքով նախաձեռնությամբ համալրվում է հարկային մարմնի գործիքակազմը եւ հնարավորություն է ստեղծվում ավելի արդյունավետ պայքարել ստվերի ու ստվերային գործարքների դեմ: Ըստ պատգամավորի` փոփոխությունների արդյունքում ակնկալվում է, որ կավելանան հարկային մուտքերը: «Պետք է փորձենք առաջիկայում այնպես անել, որ հարկային օրենսդրության փոփոխությունները հասցվեն նվազագույնի, լինեն ըստ անհրաժեշտության, որ տնտեսվարողներն իրենց գործունեության համար ունենան կանխատեսելիություն»,- նման կարծիք է հայտնել Բաբկեն Թունյանը: Նշվել է, որ հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն:

Խորհրդարանը քննարկել է նաեւ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումները եւ փոփոխությունները: Նախատեսվում է օրենքով սահմանված կարգով թափուր զինվորական պաշտոնին աշխատանքային պայմանագրով ժամանակավորապես նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց եւս ներառել ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների շարքում:

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի` առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են տեխնիկական փոփոխություններ:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը: Պատգամավորը հորդորել է կողմ քվեարկել նախագծին:

«Շուկայի վերահսկողության մասին» օրենքի նախագծով սահմանվում են շուկայի վերահսկողության տեսչական մարմնի վերահսկողության ոլորտները, շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքները, տեսչական մարմնի գործառույթները, իրականացվող վերահսկողության առանձնահատկությունները եւ ձեւերը, շուկայի վերահսկողության ոլորտում ՀՀ կառավարության լիազորությունները, ինչպես նաեւ տեսչական մարմնի պաշտոնատար անձանց եւ տնտեսվարող սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները:

Նախաձեռնությամբ կատարվել են նաեւ մի շարք հստակեցումներ:

«Նախագծի ընդունումը թույլ կտա կանոնակարգել եւ առավել արդյունավետ դարձնել տեսչական մարմնի կողմից ոչ պարենային արտադրանքի, թանկարժեք մետաղների, ինչպես նաեւ արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առեւտրի ոլորտներում ռիսկերի կառավարումը, անվտանգության ապահովումը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը, ինչպես նաեւ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը»,- ընդգծել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը:

Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընդունվել է ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ներկայացրած առաջարկների զգալի մասը, եւ նախաձեռնությունը փոփոխվել է: Պատգամավորը նշել է, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն եւ հորդորել կողմ քվեարկել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով օրենսգրքի 47.1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրվում է նոր խմբագրմամբ` ապահովելով օրենքի 41-րդ հոդվածով կարգավորվող պայմանների եւ կարգերի համար պատասխանատվություն ենթարկելու դրույթը, ինչպես նաեւ հակասական եւ տարաբնույթ մեկնաբանությունների, այդ թվում` անորոշության բացառումը: Նախագիծը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր:

Պետրոս Մարտիրոսյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի ընդունման արդյունքում տեսչական մարմինները հնարավորություն կստանան լիարժեքորեն իրականացնել իրենց վերապահված գործառույթները` համապատասխան ոլորտներում ապահովելով վերահսկողության անվտանգությունն ու օրենսդրության պահանջների պահպանումը: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կատարվել են որոշ փոփոխություններ, ինչի արդյունքում նախագիծը լրամշակվել է:

Գլխադասային հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:

Պետրոս Մարտիրոսյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվող փոփոխություններով կկանոնակարգվեն սննդամթերքի ներմուծման փուլում սահմանային վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձարկումների գործընթացները: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի բարելավել լաբորատոր փորձարկումների կազմակերպման գործընթացը, հնարավորություն կստեղծվի լուծել ռեֆերենս լաբորատորիայի նշանակման խնդիրը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Դավիթ Առուշանյանը:

««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում եւս փոփոխությունների է ենթարկվել:

Զեկուցող Լուսինե Բադալյանը նշել է, որ նախագծով սահմանվել է` բժշկական հաստատություններում կարգելվեն տեսախցիկներ տեղադրել ախտորոշիչ, մանիպուլյացիոն եւ ֆունկցիոնալ ախտորոշիչ սենյակներում:

Հարակից զեկուցմամբ հանդես է եկել Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էմմա Պալյանը: Պատգամավորը հայտնել է, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:

Կառավարության դիրքորոշումը հայտնել է Առողջապահության նախարարը: Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Կառավարության առաջարկներն ընդունվել են նախագծի հեղինակների կողմից, ինչի արդյունքում Կառավարությունը նախագծին տվել է դրական եզրակացություն:


06.08.2024
Կարեւորում եմ հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Ռուստամ Բաքոյան
Հատկապես վերջին ժամանակաշրջանում մենք հետեւողականորեն խորացնում ենք հարաբերությունները Եվրամիության անդամ երկրների հետ: Հայաստանի համար առանցքային էր ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ինչը, վստահաբար, նոր թափ կհաղորդի ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի կայուն փոխգործակցությանը. ...

06.08.2024
Պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. Մարիամ Պողոսյան
Կարծում եմ պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը հասարակական կազմակերպությունների նե...

06.08.2024
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանը  2024 թվականի օգոստոսի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձա...

06.08.2024
Վլադիմիր Վարդանյանն ամփոփել է իր ղեկավարած հանձնաժողովի նախորդ նստաշրջանի աշխատանքները
ԱԺ 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի ընթացքում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է գերծանրաբեռնված: Գումարել է 19 նիստ, որից 8-ը՝ արտահերթ: Հանձնաժողովում քննարկվել եւ ամբողջությամբ ընդունվել է 91 օրենքի  նախագիծ: Ամփոփելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ հանձ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am