National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
24.10.2023
Քննարկվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուի ընտրության հարցը
1 / 11

Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 24-ի հերթական նիստում քննարկվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուի ընտրության հարցը:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների կենսագրական տվյալներն ու աշխատանքային անցած ուղիները:

Դավիթ Խաչատուրյանն ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, իրավագիտության թեկնածու է, 2021 թվականից Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

Իր ելույթում նա անդրադարձել է Վճռաբեկ դատարանի գործառույթներին, փաստել, որ Վճռաբեկ դատարանն իրականացնում է օրենքի միատեսակ կիրառման գործընթաց:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանն ու Հովիկ Աղազարյանը հետաքրքրվել են, թե որն է պատճառը, ինչն է մոտիվացիան ժամանակից շուտ պաշտոնը թողնելու եւ մեկ այլ աշխատանքի անցնելու:

Ի պատասխան Դավիթ Խաչատուրյանը նշել է, որ ինքն իր՝ որպես ԲԴԽ անդամի շուրջ երեք տարվա գործունեության ընթացքում արդեն կատարել է հինգ տարվա աշխատանքը: «Որպես ԲԴԽ անդամ իմ առաքելությունը կատարել եմ 90 տոկոսով»,- ասել է թեկնածուն:

Այս հարցի առնչությամբ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պարզաբանել է, որ յուրաքանչյուր մասնագետի իրավունքն է ժամկետից շուտ թողնել պաշտոնն ու անցնել այլ աշխատանքի:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հետաքրքրվել է իշխանությունների միջեւ գործակցության օրենսդրության լավարկման խնդրով:

Դավիթ Խաչատուրյանը փաստել է, որ իր ամբողջ աշխատանքային գործունեությունն ուղղված է եղել իրավունքի զարգացմանն ու դատական վերահսկողության ապահովմանը:

ԲԴԽ նախագահը խորհրդարանին տեղեկացրել է, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածու Անահիտ Հակոբյանն անձնական խնդիրների պատճառով չի մասնակցի հարցի քննարկմանը:

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված հաջորդ թեկնածու Մանվել Շահվերդյանն ունի 20 տարվա մասնագիտական ստաժ, որից երեքը՝ դատավորի: Նա Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է:

Վերջինս իր ելույթում պատրաստակամություն է հայտնել մասնագիտական փորձն ու գիտելիքները ներդնել դատական համակարգի զարգացման գործում:

Մտքերի փոխանակությանն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանն ու Գեղամ Մանուկյանն անդրադարձել են վերջին օրերի ներքաղաքական զարգացումներին ու խնդիրներին, քննադատել դատական համակարգի գործունեությունը:

Ըստ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի՝ դատական համակարգն իրականացնում է անարդար դատավարություններ, կատարում քաղաքական պատվերներ, խրախուսում է բռնությունները:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է ընդդիմադիր գործընկերների հարցադրումներին:

«Մենք ասել ենք հետեւյալը՝ այսպես ասած, մեր եւ ձեր դատավորներ չկան»,- փաստել է նա:

Դիմելով ԲԴԽ նախագահին եւ դատական համակարգի ներկայացուցիչներին՝ Վլադիմիր Վարդանյանը նշել է. «Դատավորներից պահանջում ենք մեկ բան՝ առաջնորդվել միմիայն օրենքով»:

Նա անդրադարձել է ներքաղաքական որոշ դրվագների, փաստել որ վերջին երեք տարվա ընթացքում ընդդիմադիր գործընկերներից որեւէ մեկը որեւէ հարցի վերաբերյալ հանդես չի եկել որպես հարակից զեկուցող: «Չի կարելի չգալ խորհրդարան, չմասնակցել քննարկումների եւ հետո բողոքել դատական համակարգից»,- ասել է պատգամավորը:

Հարցի քննարկումը կշարունակվի հոկտեմբերի 25-ի նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am