National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
13.11.2023
Հայաստանում պետք է ձեւավորվի բարեգործություն իրականացնելու մշակույթ. աշխատանքային քննարկում ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ
1 / 11

Քննարկման հիմք է դարձել բարեգործության ոլորտում բարեփոխումների քաղաքականության մասին ՀԿ-ների կողմից հանձնաժողով ներկայացրած փաստաթուղթը, որտեղ մատնանշված են ոլորտի խնդիրներն ու ներկայացվել են մի շարք առաջարկություններ. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը՝ իր նախաձեռնությամբ նոյեմբերի 13-ին տեղի ունեցած՝ բարեգործության ոլորտի բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ:

Քննարկմանը մասնակցել են ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Գայանե Եղիազարյանը, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի, բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչներ, Հայկական կարմիր խաչ ընկերության   աշխատակիցներ:

Քննարկման մասնակիցների հավաստմամբ բարեգործությունն այն ոլորտն է, որն անհրաժեշտ է բոլորին: Կարեւորվել է Հայաստանում բարեգործության մշակույթի ձեւավորման եւ զարգացման, պետություն-բարեգործական կազմակերպություն, պետություն-անհատ բարեգործ փոխգործակցության, բարեգործության իրականացման թափանցիկության անհրաժեշտությունը: Առաջարկվել է պետություն-ՀԿ համագործակցության շնորհիվ բարեփոխել ՀՀ-ում «Բարեգործության մասին» օրենքը եւ համապատասխանեցնել այն ժամանակակից պահանջներին: Մասնավորապես առաջարկվում է ձեւավորել համատեղ գործընկերության հարթակ բարեգործության համալիր բարեփոխումներ իրականացնելու համար: Առաջարկվել է նաեւ պարզեցնել «Ծրագրերը՝ որպես բարեգործական» ճանաչելու նպատակով ներկայացված դիմումների ուսումնասիրման ընթացակարգը, ներդնել բարեգործական կազմակերպության որակավորման համակարգ, վերանայել օրենքով սահմանված ծախսեր/նվիրատվություններ հարաբերակցության 20/80 տոկոսի շեմը, որը գործնականում ստեղծում է անհարմարություններ եւ չի համապատասխանում բարեգործությամբ զբաղվող ՀԿ-երի ֆունկցիոնալ գործունեության ներկա պահանջներին:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը կարեւոր է համարել հասարակական կազմակերպությունների հետաքրքրվածությունն ու նպատակադրված լինելը ոլորտում առկա խնդիրների լուծման առնչությամբ:

Պատգամավոր Զարուհի Բաթոյանի հավաստմամբ ոլորտում առկա են խնդիրներ, եւ Կառավարությունն ամեն ինչ անում է դրանց լուծում տալու ուղղությամբ:

Նշվել է, որ առաջիկայում Ֆինանսների նախարարությունը հստակ կսահմանազատի եւ կտարանջատի «բարեգործական դրամաշնորհներ», «ծառայությունների մատուցում» հասկացությունները:

ՀԿ-ները նաեւ կարեւոր են համարել բարեգործությանը հարկային արտոնությունների տրամադրումը, ինչպես նաեւ օրենսդրորեն թույլատրել կազմակերպություններին իրականացնել բարեգործություն: Շեշտադրվել է նաեւ ճգնաժամային իրավիճակներում բարեգործության արագ արձագանքման գործիքակազմի ներդրման կարեւորությունը:

Նշվել է նաեւ բարեգործության անվան տակ զեղծարարությունների անթույլատրելիությունը, ընդգծվել է դրանց դեմ պայքարի խստացումն ու բարեգործության նկատմամբ վստահության բարձրացումը:

Նշվել է, որ բարեգործության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ քննարկումները շարունակական են:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am