National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
18.11.2023
Հայաստանի քաղաքացիներն արժանի են խաղաղության, եւ ժամանակն է արդեն նոր ուղիներ գտնել խաղաղության համար. Պիա Կաումա
1 / 1

Շատ երկրներում այժմ ճգնաժամային իրավիճակ է, եւ շատ կարեւոր է,  որ այժմ մենք ունենք վայր, որտեղ կարող ենք քննարկել անվտանգային հարցերը: Իմանալով, թե ինչ է տեղի ունեցել եւ ունենում ԼՂ-ում, այդ հարցը շատ կարեւոր է ԵԱՀԿ ԽՎ-ի համար ավելի, քան երբեւէ: Այս մասին ասել է  ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Որո՞նք են նիստից ակնկալիքները եւ այն հայտարարությունը, որոնցով  առաջիկայում պետք է հանդես գան Լեռնային Ղարաբաղի թեմայով»,- հետաքրքրվել է լրագրողը:

«Առաջին հերթին ցանկանում եմ ԵԱՀԿ ԽՎ-ի անունից նշել, որ շնորհակալ ենք Հայաստանին՝ ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանը հյուրընկալելու համար այն մարտահրավերային ժամանակաշրջանում, որին բախվում ենք այժմ Եվրասիայում: Մենք նաեւ կքննարկենք այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաեւ քննարկումներն ու բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ: Այժմ խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցություններն ընթացքի մեջ են:

Երկուշաբթի քննարկելու ենք նաեւ ամենը, ինչ տեղի է ունենում Իսրայելում, Գազայի տարածքում, ինչին երկար ժամանակ սպասում էին մեր խորհրդարանականները: Չենք մոռանալու նաեւ այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, որը սկսվել էր 2022 թվականի փետրվարից: Այդ հարցը եղել է մեր քննարկման օրակարգում շատ երկար ժամանակ: Այս հարցի հետ կապված մեր խորհրդարանականներն իրենց ձայնն են բարձրացրել եւ մեծ քննարկումներ ունեցել»,- նշել է Պիա Կաուման:

Լրագրողները ԵԱՀԿ ԽՎ նախագահից հետաքրքրվել են նաեւ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ եւ Հայաստանի տարածքային ամբողջականության հետ կապված սպառնալիքով: Պիա Կաուման նշել է, որ մինչ Հայաստան գալը հնարավորություն է ունեցել երկօրյա այցով լինելու նաեւ Ադրբեջանում: «Այնտեղ տպավորություն ստացա, որ նրանք պատրաստ են խաղաղության շուրջ բանակցություններին, այնուամենայնիվ, դա է այն ուղերձը, որ նրանք ցանկանում են փոխանցել: Ես ցանկանում եմ հավատալ այն հավանականությանն ու հնարավորությանը, որ կկնքվի խաղաղության պայմանագիր: Հույս ունենք, որ շաբաթների ընթացքում դա կլինի: Մենք՝ որպես կազմակերպություն, քաջալերում ենք երկու կողմերին՝ շարունակելու բանակցությունները եւ նոր հնարավորություններ փնտրելու, որոնց դեպքում կարող են պայմանագիր կնքել, քանի որ այս տարածաշրջանը շատ կարեւոր է բոլորի համար: Տնտեսական տեսանկյունից այն նույնպես շատ կարեւոր է. կան շատ հնարավորություններ, սակայն առաջին հերթին պետք է ապահովել խաղաղություն»,- ասել է նա: Պիա Կաուման նկատել է, որ ներդրողները դեռեւս կասկածներ ունեն այստեղ գալու հետ կապված: «Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիներն արժանի են խաղաղության, եւ ժամանակն է արդեն նոր ուղիներ գտնել խաղաղության համար: Մենք՝ որպես կազմակերպություն, եւ ես անձամբ, սատարում ենք հայ ժողովրդին, որպեսզի կարողանանք ուղի գտնել խաղաղության համար»,- ընդգծել է Պիա Կաուման:

Նշենք, որ Երեւանում նոյեմբերի 18-20-ն ընթանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am