National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
18.11.2023
ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի մեկնարկը հաջողված էր. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան
1 / 5

Նոյեմբերի 18-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ԵԱՀԿ ԽՎ պատվիրակների համար կազմակերպվել էր հանդիսավոր ընդունելություն: Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է ՀՀ ԱԺ նախագահը.

«Հարգարժա՛ն տիկին նախագահ,

Հարգելի՛ պատվիրակներ, գործընկերներ եւ հյուրեր,

Տիկնայք եւ պարոնայք,

Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ Հայաստանում:

Պատահական չէ, որ այսօր մենք հավաքվել ենք Երեւանի պատմական շենքերից մեկում՝ Ազգային պատկերասրահում: Այն հիմնադրվել է ավելի քան 100 տարի առաջ եւ իր տանիքի տակ պահում է  ոչ միայն հայկական արվեստի մարգարիտները, այլեւ աշխարհը ներկայացնող արվեստի մեծ գործեր` հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը:

Մշակութային դիվանագիտությունն ազդեցիկ եւ պատկերավոր լեզու է, որով խոսում են քաղաքակրթություն եւ մեծ պատմություն ունեցող երկրները: Հպարտ եմ, որ այստեղ անգին նմուշներ կան աշխարհի տարբեր երկրներից:

Վեհաժողովի երեւանյան՝ աշնանային հանդիպման  մեկնարկը հաջողված էր, եւ մասնագիտական քննարկումները լիովին արտացոլում են մեր միասնական օրակարգը: Մենք հնարավորություն ունեցանք անկեղծ խոսել եւ մտքեր փոխանակել մեզ հուզող կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ, ինչը կարեւոր է խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու տեսանկյունից:

Այս նստաշրջանն անցնում է մեր ընդհանուր անվտանգային գոտում աննախադեպ հետընթացների եւ ճգնաժամերի ժամանակներում: Ցավոք, մենք շարունակաբար ականատես ենք լինում այն հանձնառությունների ոտնահարմանը, որոնք անշեղորեն ամրագրված են Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներում:

Հարգելի՛ գործընկերներ, բարեկամներ,

Կազմակերպության աշնանային նիստի անցկացումը Հայաստանում եւ անձամբ ձեր ներկայությունը, մեր երկրի համար մարտահրավերներով լի այս պահին, ընկերության եւ համերաշխության նշան է: Բարձր ենք գնահատում միջազգային մեր գործընկերների անսասան աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը եւ բարեփոխումների օրակարգին: Կարծում եմ՝ բոլորս գիտակցում ենք, թե ինչ սպառնալիքներ է առաջացնում անվտանգային ճգնաժամը մեր երիտասարդ ժողովրդավարությանը եւ կայուն զարգացմանը, սոցիալական համախմբվածությանն ու արդարության ամրապնդմանը, սակայն մենք հավատացած ենք, որ մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի:

Առերեսվելով բոլոր խոչընդոտների եւ սադրանքների հետ՝ Հայաստանի կառավարությունը շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը: Եվ ես երախտագիտություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին այս դժվարին պահին մեր կողքին լինելու համար:

Մեր նստաշրջանին մաղթում եմ արդյունավետ աշխատանքների շարունակություն, իսկ մեզ՝ հաճելի երեկո»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am