National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
29.11.2023
Առաջարկվում է կանոնակարգել առեւտրային ցանց-մատակարարներ հարաբերությունները
1 / 1

Վերջին տարիներին արագ տեմպերով զարգանում եւ ընդլայնվում է խոշոր առեւտրային ցանցերի գործունեությունը: Առեւտրային ցանցերի մուտքը մի կողմից դրական ազդեցություն է ունեցել սպառողների շահերի տեսանկյունից՝ բարձրացնելով սպասարկման որակը, ապահովելով ապրանքների պահպանման պայմանները, գնումներ կատարելու համար առավել հաճելի միջավայրը, սակայն մյուս կողմից հանգեցրել է սպառողական ապրանքների կենտրոնացմանը: Մասնավորապես, մանրածախ առեւտրի ոլորտում առեւտրային ցանցերի բաշխվածությունն ու իրացման մեծ ծավալներն անհամաչափություն են ստեղծում առեւտրային ցանցերի եւ մատակարարների միջեւ գոյություն ունեցող բանակցային դիրքերի միջեւ, ինչն էլ իր հերթին առաջ է բերում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են առեւտրային ցանցերի կողմից մատակարարների ընտրության հարցում խտրական մոտեցումների ցուցաբերումը, խտրական զեղչային քաղաքականության կիրառումը, գների անհիմն տատանումները, մատակարարներին իրականացվող վճարումների հետաձգումները, նոր տնտեսավարող սուբյեկտների մուտքի սահմանափակումը եւ այլն:

Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 29-ի հերթական նիստում ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ներկայացնելով քննարկման:

Ըստ նախարարի՝ հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել հավասարակշռելու առեւտրային ցանցերի եւ մատակարարների շահերը, զսպելու հնարավոր ռիսկերը եւ ապահովելու բարեխիղճ, արդար եւ մրցակցային միջավայր:

Նշվել է, որ բացի այդ, առեւտրային ցանցերի եւ մատակարարների միջեւ արդար առեւտրի կանոնների բացակայության պայմաններում տուժում են հատկապես գերփոքր, փոքր եւ միջին ընկերությունները, որոնք, իրենց բանակցային թույլ դիրքից ելնելով, ստիպված են լինում համաձայնել փաստացի առաջարկվող պայմաններին կամ կորցնել իրենց արտադրանքը սպառող խոշոր գործընկերներին:

Էկոնոմիկայի նախարարը փաստել է, որ վերոնշյալ խնդիրներն արձանագրվել են նաեւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից՝ առեւտրային ցանցերի գործունեության ոլորտում 2021 թվականին իրականացված ուսումնասիրության շրջանակում:

Նշվել է նաեւ, որ ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով կսահմանվեն առեւտրային ցանցի եւ մատակարարների հարաբերությունների ընդհանուր պահանջներ, կամրագրվի առեւտրային ցանցի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկ, կնախատեսվեն մատակարարի ապրանքի ընտրության չափանիշները եւ պայմանները, նոր մատակարարների մուտքն առեւտրային ցանց:

Ըստ Վահան Քերոբյանի՝ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ, կանխատեսելի եւ որոշակի օրենսդրական հիմքեր առեւտրային ցանց-մատակարարներ հարաբերությունների, ինչպես նաեւ գյուղատնտեսական արտադրանքների իրացման շուկայի համար, որոնք կնպաստեն արդար առեւտրի իրականացմանը, այդ թվում՝ մրցակցային միջավայրի բարելավմանը եւ սպառողների իրավունքների պաշտպանության բարձրացմանը:

Պատգամավորների հարցերն առնչվել են ոլորտում առկա խնդիրներին, դրանց լուծման ուղիներին:

Շեշտադրվել է առեւտրային ցանց-մատակարարներ հարաբերությունների հստակ կարգավորման անհրաժեշտությունը:

Համակողմանի քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am