National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
07.12.2023
Խորհրդարանը քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրված Նարինե Ավետիսյանի թեկնածությունը
1 / 4

Մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Նարինե Ավետիսյանի թեկնածությունը: Այս մասին ասել է նիստը վարող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Մրցութային խորհրդի անդամ Արթուր Հովսեփյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալները եւ աշխատանքային փորձը:

Նարինե Ավետիսյանը մասնագիտությամբ իրավաբան է: 2021 թվականի հունիսից թեկնածուն աշխատել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում  որպես մեթոդական աջակցության վարչության գլխավոր մեթոդաբան, 2022 թվականի դեկտեմբերից հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետն է: Զեկուցողի տեղեկացմամբ Նարինե Ավետիսյանն անցել է աշխատանքային գործունեության հետ կապված ոլորտային մի շարք վերապատրաստումներ:

Նշվել է, որ այս տարվա հոկտեմբերի 25-ին Նարինե Ավետիսյանը հայտ է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թափուր դառնալիք պաշտոնը համալրելու նպատակով անցկացվող մրցույթին մասնակցելու համար, եւ նոյեմբերի 20-ին մրցութային խորհուրդը հաստատել է նրա թեկնածությունը:

«Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է ելույթ ունենալ Ազգային ժողովի բարձր ամբիոնից եւ ներկայացնել իմ տեսլականը հանձնաժողովի` որպես ինստիտուտի կայացման, ինչպես նաեւ կանխարգելիչ մանդատի շրջանակում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման վերաբերյալ»,- ելույթում ընդգծել է Նարինե Ավետիսյանը:

Ըստ թեկնածուի` կոռուպցիան քայքայում է հանրային վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ, խոչընդոտում է արդար ընտրական գործընթացներին` վտանգելով ընտրությունների ազատությունն ու թափանցիկությունը, թուլացնում է օրենքի գերակայությունը` արտոնելով անհատներին կամ կազմակերպություններին` խուսափել պատասխանատվությունից եւ հաճախ հանգեցնում է քաղաքական որոշումների, որոնք գերադասում են անձնական շահը հանրային շահից: Զեկուցողի գնահատմամբ կոռուպցիայի դեմ պայքարը վճռորոշ է ժողովրդավարական կառավարման պահպանման եւ ամրապնդման համար: Նշվել է, որ հակակոռուպցիոն ուժեղ միջոցառումները, թափանցիկ ինստիտուտները, ներգրավված ու զգոն քաղաքացիական հասարակությունը ճկուն ժողովրդավարության կայուն բաղադրիչներ են: Նարինե Ավետիսյանի գնահատմամբ Հայաստանը թեւակոխել է ազատ եւ արդար ընտրությունների, մրցակցային տնտեսական միջավայրի, քաղաքացու իրավունքների պաշտպանության ու իրավունքի գերակայության ժամանակաշրջան:

Թեկնածուի կարծիքով կոռուպցիայի դեմ պայքարը հեշտ չէ, եւ անհրաժեշտ է ներդնել այնպիսի կառուցակարգեր, որոնք զգայուն կլինեն կոռուպցիոն ցանկացած դրսեւորումների նկատմամբ: Նշվել է, որ կոռուպցիան հաղթահարելու ամենաարդյունավետ եւ կայուն ճանապարհն իրազեկվածության բարձրացումն է, հակակոռուպցիոն կրթության խթանումն ու տարածումը հասարակության տարբեր շերտերում` մանկապարտեզից մինչեւ ծնողական համայնք:

Նարինե Ավետիսյանը հավաստիացրել է, որ ի բարօրություն պետության եւ պետականության` պատրաստ է առաջիկա տարիների ընթացքում իր փորձն ու գիտելիքը ծառայեցնել կոռուպցիայի կանխարգելմանը: «Վստահեցնում եմ, որ հանձնաժողովի անդամ ընտրվելու դեպքում իմ կողմից կայացված որոշումները լինելու են բացարձակապես անկախ ու անաչառ եւ միայն ի շահ Հայաստանի Հանրապետության»,- ավարտելով ելույթը` ասել է թեկնածուն:

Նարինե Ավետիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով մասնավոր հատվածում կոռուպցիայի կանխարգելմանը, կուսակցությունների ֆինանսական հաշվետվողականությանն ու վերահսկողությանը, բարեվարքության ուսումնասիրության էլեկտրոնային գործիքի ներդրմանը, հայտարարագրման համակարգի բարելավմանը:

Ելույթներում պատգամավորները խոսել են կոռուպցիայի տարբեր դրսեւորումներից: Ամենամեծ մարտահրավերը համարելով կոռուպցիան` կարեւորվել է դրա դեմ արդյունավետ պայքարը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նա նշել է, որ խորհրդարանում ավանդույթ կա, ըստ որի` բազմաթիվ թեկնածուներ մինչեւ ԱԺ հերթական նիստերի մեկնարկը հանդիպում են թե' իշխանական եւ թե' ընդդիմադիր խմբակցությունների հետ: Զեկուցողի խոսքով ժողովուրդն ընտրել է պատգամավորների, որ վերջիններս էլ ընտրեն կարեւորագույն պաշտոնյանների: Նշվել է, որ եթե օրենսդիրը որեւէ պաշտոնյայի, օրինակ` Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրի ընդամենը մեկ ելույթի եւ մեկ հարցուպատասխանի արդյունքում, այդ ընտրությունը շատ դեպքերում չի կարող լինել բավականաչափ համապարփակ: Հայկ Կոնջորյանի խոսքով կարիք կա աշխատանքային հանդիպումների ու քննարկումների: «Խմբակցության հետ թեկնածուների հանդիպումներն աշխատանքային քննարկումներ են եւ դրանք գաղտնի հանդիպումներ չեն»,- ընդգծել է խմբակցության ղեկավարը` անդրադառնալով ԿԿՀ անդամի թեկնածուի հետ իրենց խմբակցության փակ, բայց ոչ գաղտնի հանդիպմանը:

«Խորհրդարանն իր լիազորությունների շրջանակում մեծագույն պատասխանատվությամբ է վերաբերվում եւ վերաբերվելու բոլոր թեկնածուներին»,- նշել է Հայկ Կոնջորյանը:

Ազգային ժողովը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը քննարկել է դեկտեմբերի 7-ի ԱԺ նիստում:

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրված Նարինե Ավետիսյանի թեկնածության ընտրությանն ԱԺ պատգամավորներից քվեարկությանը ոչ ոք չի մասնակցել. հետեւաբար քվեատուփում քվեաթերթիկներ չեն եղել: 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am