National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
08.12.2023
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
1 / 1

Խորհրդարանը դեկտեմբերի 8-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» եւ կից օրենքներում ու օրենսգրքերում առաջարկվող փոփոխությունները ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Նրա խոսքով նախաձեռնությամբ սահմանվում է էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության հասկացությունը՝ որպես ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում:

Ըստ Արմեն Սիմոնյանի՝ էլեկտրոնային հարթակներով ուղեւորների փոխադրման պատվերներ ձեւակերպելու եւ փոխանցելու գործունեությունը սահմանվում է որպես ծանուցման ենթակա գործունեություն: Նշվել է, որ նախաձեռնությամբ սահմանվում է նաեւ պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության եւ պատվիրատուին էլեկտրոնային կտրոնի տրամադրման պահանջ: Զեկուցողի տեղեկացմամբ յուրաքանչյուր փոխադրման համար սահմանվում է արտոնագիր տրամադրելու պահանջ, որի համար պետական տուրքը կանխիկ դրամով վճարումների դեպքում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից կկազմի ընդհանուր արժեքի 2 տոկոսի չափով, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 3,5 տոկոսի չափով, 2026 թվականի հունվարի 1-ից՝ 5 տոկոսի չափով: Անկանխիկ դրամով վճարումների դեպքում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից այն կկազմի 1,5 տոկոսի չափով, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 2,5 տոկոսի չափով եւ 2026 թվականի հունվարի 1-ից՝ 4 տոկոսի չափով:

Փոխադրման ընդհանուր արժեքից պետական տուրքի գանձման եւ պետական բյուջե վճարման լիազորությունը վերապահվում է էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպություններին:

Փոխնախարարն ընդգծել է, որ էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության մատուցման իրավունք ձեռքբերելու համար սահմանվում է 1 մլն դրամ պետական տուրքի պահանջ: Առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են տեխնիկական փոփոխություններ:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ներկայացնելով նախաձեռնության վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է. «Սա տաքսի ծառայությունների ոլորտը կարգավորող առաջին քայլերից մեկն է»: Պատգամավորը կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններով գործադիրն առաջարկում է ինքնակամ կառույցների իրականացման համար տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափը բարձրացնել յոթհարյուրհիսնապատիկից հազարհինգհարյուրապատիկի:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի տեղեկացմամբ նույն արարքները պետությանը, համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից կատարելու դեպքում սահմանված տուգանքը բարձրացվում է՝ կազմելով նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:

«Նշված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելու դեպքում տուգանքը կկազմի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով»,- ընդգծել է փոխնախարարը:

Ներկայացնելով վիճակագրական որոշ տվյալներ՝ Արմենուհի Հարությունյանը նշել է, որ 2020-2023 թվականների ընթացքում ինքնակամ կառույցներ իրականացնելու համար կայացվել է վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 4673 որոշում, որից 3427-ը՝ Երեւանում, 1246-ը՝ մարզերում:

Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը: Պատգամավորի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում նախագծում կատարվել է տեխնիկական փոփոխություն:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ ՏԻՄ-երին է վերապահվում հատուկ սահմանված երթուղով եւ հատուկ հատկացված վայրեր շինարարական աղբի տեղափոխման նկատմամբ վերահսկողությունը: Օրենքում լրացվում են Կառավարության կողմից մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը սահմանելու, իսկ լիազոր մարմնի կողմից այն մշակելու լիազորող նորմերը:

Ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանի՝ նախաձեռնությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքից հանվում է այն դրույթը, ըստ որի՝ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին է վերապահված ոչ սահմանված վայրերում շինարարական աղբի տեղափոխման մասով վերահսկողության իրականացումը:

Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնության վերաբերյալ պատգամավորները ներկայացրել են առաջարկներ: «Լրամշակվել է մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման սահմանումը, որի արդյունքում լրացվել են գնահատումն իրականացնող մարմնի եւ հասցեատեր սուբյեկտների վերաբերյալ կարգավորումները»,- ընդգծել է զեկուցողը:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն: Այս մասին ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյանը:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են նաեւ «Նոտարիատի մասին» եւ «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է վերացնել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները, անհամապատասխանությունները, ճզմիչ կնիքի պարտադիր առկայությունը, ավելացնել «QR» կոդի եւ «e-verify» համակարգի վերաբերյալ դրույթներ, սպառիչ կարգավորել հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողություններ կատարելու մերժման ընթացակարգը եւ հստակեցնել ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողություններ կատարող անձանց շրջանակը:

Հարակից զեկույցում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը նշել է, որ նախաձեռնության ընդունման արդյունքում կբարձրանա փաստաթղթերի իսկության ստուգման արդյունավետությունը, կկրճատվեն հավելյալ ծախսերը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ներկայացրել է նաեւ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:

Նշվել է, որ նախաձեռնության ընդունումը պայմանավորված է ԱԳՆ գործունեության շարունակականության ապահովման, արդյունավետության բարձրացման, Սահմանադրությամբ ամրագրված օրենքները լիազորող նորմերով ապահովվելու, ինչպես նաեւ հանրային ծառայության վերաբերյալ օրենսդրությանը ներդաշնակեցնելու անհրաժեշտությամբ:

Առաջին ընթերցումից հետո առաջարկ է ներկայացրել միայն պատգամավոր Սարգիս Խանդանյանը: Նա առաջարկել է առանց դիվանագիտական ստաժ համարելու կադրերի ռեզերվում գրանցել նաեւ դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթում հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձանց:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նշել է՝ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:

«Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվող լրացումներն ու փոփոխություններն էլ ներկայացրել  է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:

Զեկուցողի խոսքով նախաձեռնությամբ տնտեսվարողների համար պարտականություն է սահմանվում էլեկտրոնային եղանակով լիազոր պետական մարմին ներկայացնել հոսակորուստների դիտանցման վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաեւ հոսակորուստներ հայտնաբերելուց հետո դրանց վերացման պարտականություն:

Առաջին ընթերցումից հետո Կառավարության առաջարկների հիման վրա նախաձեռնությունը լրամշակվել է:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Միքայել Թումասյանը: Պատգամավորը հորդորել է կողմ քվեարկել նախաձեռնությանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի ներկայացմամբ քննարկվել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծը: Առաջարկվում է վերացնել ԱԱ մարմինների ծառայողների՝ արհեստակցական կազմակերպություններին անդամակցելու արգելքը: Վերանայվում են ԱԱ մարմինների ծառայողների ատեստավորման հետ կապված իրավահարաբերությունները կանոնակարգող իրավադրույթները, հստակեցվում են ծառայողների կողմից ուսման եւ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերը փոխհատուցելու ընթացակարգերը:

Զեկուցողի տեղեկացմամբ առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն եղել:

Հարակից զեկույցում պատգամավոր Քրիստինե Պողոսյանը բարձրաձայնել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունների հեղինակը Կառավարությունն է: Ըստ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի՝ առաջին ընթերցումից հետ նախագիծը չի փոփոխվել:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը եւս ներկայացրել է հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը:

«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրի համաձայն՝ ազգային օպերատորը պետք է ապահովի տեղեկատվական համակարգի անխափան աշխատանք: «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացմամբ նախատեսվում են համապատասխան տուգանքներ ու միջոցներ՝ տեղեկատվական համակարգի անխափան աշխատանքը չապահովելու պարագայում: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը: Զեկուցողը նշել է, որ Կառավարության առաջարկով առաջինից երկրորդ ընթերցում նախագծում լրացվել է երկու կետ: Առաջինը վերաբերում է ժամանակավոր պահեստների, բաց տարածքների նկատմամբ լրացուցիչ պահանջի սահմանմանը: Նշվել է, որ այն առկա է նաեւ մաքսային պահեստների դեպքում: «Նույն պահանջը նախատեսում ենք նաեւ ժամանակավոր պահպանման պահեստների համար, որպեսզի բաց տարածքները եւ հրապարակների մակերեսները պինդ ծածկույթ, ասֆալտ, բետոն կամ նմանատիպ այլ ծածկույթ ունենան»,- ընդգծել է Աշոտ Մուրադյանը: Երկրորդ լրացումն էլ վերաբերում է լիզինգով կամ վարկով ձեռք բերված մեքենաներին:

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն: Այս մասին ասել է հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը:

ՀՀ պետական եւ ազգային պահուստներում առկա իրերի համալրման, հաշվառման, օտարման եւ դրանց հետ կապված այլ գործառույթների իրականացումը ոլորտային պետական մարմիններին պատվիրակելու եւ այդ գործառույթների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով գործադիրը փոփոխություններ է կատարում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում եւ կից օրենքներում: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի խոսքով պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի հետագա կառավարումն իրականացնելու է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:

«Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է ազգային պահուստի կառավարման պատասխանատու սահմանել մշակութային արժեքների կառավարման լիազոր մարմնին` Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը:

Հարակից զեկույցում պատգամավոր Հովիկ Աղազարյանը ներկայացրել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am