National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
10.01.2024
Առաջարկվում է ԱՊՀ մասնակից պետությունների՝ հարկադիր վտարման ենթակա անձանց փաստաթղթավորման ժամանակ միասնական մոտեցում ցուցաբերել
1 / 6

Համաձայնագրի նպատակն է համագործակցության արդյունավետ մեխանիզմներ ստեղծել հարկադիր վտարման ենթակա անձանց փաստաթղթավորման ժամանակ: Կսահմանվի կողմերի փոխգործակցության կարգը՝ անձը հաստատող եւ պետական սահմանը հատելու համար անհրաժեշտ վավերական փաստաթղթեր չունեցող, հարկադիր վտարման ենթակա անձանց վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ հունվարի 10-ին տեղի ունեցած հերթական նիստի ընթացքում ասել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ հանձնաժողովի անդամներին ներկայացնելով ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ հարկադիր վտարման ենթակա անձանց՝ վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Զեկուցողի խոսքով թեեւ բանակցություններին մասնակցել են նաեւ ԱՊՀ անդամ մյուս պետությունները, բայց այս պահի դրությամբ համաձայնագիրը կիրառում են Ռուսաստանն ու Բելառուսը: Հայաստանը կլինի համաձայնագիրը վավերացնող երրորդ պետությունը:

«Համաձայնագրի վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը կմոտիվացնի ԱՊՀ անդամ մյուս պետություններին, որ ԱՊՀ տարածաշրջանում այս ուղղությամբ եւս միացյալ քաղաքականություն վարվի»,- ասել է Արփինե Սարգսյանն ու հավելել, որ այն քննարկվել է Արդարադատության, Ֆինանսների նախարարություններում ու ՍԴ-ում: Բոլոր կառույցները դրական արձանագրումներ են արել, նշվել է, որ այն Սահմանադրությանը չի հակասում:

Փոխնախարարը հայտնել է նաեւ, որ համաձայնագրով նախատեսվող վերապահմամբ եթե ՀՀ-ից հետո ԱՊՀ որեւէ այլ անդամ երկիր միանա համաձայնագրին, ապա այդ պահին Հայաստանը կկարողանա դիտարկել տվյալ երկրի մասով որեւէ վերապահում անելու հնարավորության հարցը: Նշվել է, որ ԱՊՀ-ն ցանկանում է մեկ միասնական համաձայնագիր ունենալ, որի շրջանակում գործընթացները կնույնականացվեն, ու միասնական քաղաքականություն կվարվի:

Նախագծի հարակից զեկուցումը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը: Նա հայտնել է, որ երկկողմ հարաբերությունների տիրույթում համաձայնագիրը սահմանափակումներ չի մտցնում:

«Խոսքը յուրահատուկ իրավիճակի մասին է. համաձայնագրին միացող յուրաքանչյուր երկիր պետք է որոշում կայացնի, որ իր երկրում հարկադիր վտարման ենթակա անձ կա: Նրա՝ փաստաթուղթ չունենալու պարագայում միայն համաձայնագիրը կսկսի գործել: Այն քաղաքական բովանդակություն չունի եւ չի առնչվում անձանց՝ քրեական գործերով հետընդունման եւ հանձնման ոլորտում կողմերի համագործակցության հարցերին»,- ասել է պատգամավորն ու առաջարկել հաստատել օրենքի նախագիծը:

Օրենքի նախագիծը միաձայն կողմ քվեներով հաստատվել է հանձնաժողովի նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am