National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
11.01.2024
Նախատեսվում է ՊԵԿ-ում ներդնել վարձատրության նոր համակարգ` հիմնված կատարողականի գնահատականի վրա
1 / 11

Քանի որ Հայաստանում երկար ժամանակ քննարկվում է արդար աշխատավարձի բաշխման սկզբունքը, մենք  փորձ  ենք անում ներդնել նոր համակարգ, որտեղ  վարձատրությունը հիմնված է լինելու  կատարողականի գնահատականի  վրա: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 11-ի նիստում քննարկման ներկայացնելով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները:  «Ցանկանում ենք, որ հարկային եւ մաքսային ծառայողները լինեն մասնագիտական հմտություններ ունեցող: Դրա համար կարեւոր է, թե նրանք ինչ վերապատրաստումներ են անցել եւ դրանց արդյունքում ինչ  որակավորումներ ունեն: Հարկային եւ մաքսային ծառայությունների դեպքում գիտեք, որ հարկային եւ մաքսային մարմինները մասնակցում են մի շարք միջազգային կառույցների իրականացրած դասընթացներին: Ակնկալում ենք, որ այդ դասընթացներից առավել կարեւորները կսահմանվեն Կառավարության ցանկով, եւ այդ ծրագրերին հաջողությամբ մասնակցելը եւ հավաստագիր ունենալը կազդի հարկային եւ մաքսային ծառայողների վարձատրության վրա»,- հավելել է Ռուստամ Բադասյանը: Նշվել է նաեւ, որ կատարողականի գնահատման երկրորդ բաղադրիչը լինելու է աշխատողի աշխատանքի արդյունավետությունը:

Նախագծի նպատակը ՀՀ ՊԵԿ-ում կատարողականի գնահատման հիման վրա Կոմիտեի ծառայողներին հավելավճար տրամադրելու գործիքակազմ ներդնելն է` հաշվի առնելով ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու եւ կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությունը:

ՊԵԿ նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվել է բողոքարկման հնարավորությամբ. եթե հարկային կամ մաքսային ծառայողը համաձայն չլինի կայացված որոշման հետ` հավելավճար տա՞լ, թե՝ ոչ: Ռուստամ Բադասյանը պարզաբանել է, որ բողոքարկման հստակ մեխանիզմ չկա եւ նպատակահարմար էլ չէ` հաշվի առնելով աշխատակիցների թիվը: Նրա խոսքով լինելու են ՀՀ աշխատանքային օրենսգրքով կարգավորվող հարաբերություններ: «Հնարավորինս կրճատվելու են հայեցողական մոտեցումները»,- ասել է  ՊԵԿ նախագահը:

Վլադիմիր Վարդանյանն էլ հետաքրքրվել է` այլ երկրներում վերապատրաստվելու հավասար հնարավորություն ունեն բոլո՞ր հարկային եւ մաքսային  ծառայողները, ինչին ի պատասխան` Ռուստամ Բադասյանը պարզաբանել է` նման հնարավորություն ունեն բոլոր աշխատակիցները, բացառությամբ այն ծառայողների, որոնք չեն տիրապետում պահանջվող օտար լեզվին, մասնավորապես` անգլերենին: Նման դասընթացներ կազմակերպում է Համաշխարհային մաքսային կազմակերպությունը, որը պարբերաբար մասնակցության քվոտաներ տալիս է նաեւ ՀՀ ՊԵԿ աշխատակիցներին:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը դրական է գնահատել առաջարկված նախագիծը` գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել:

«Սա լավ պետական ծառայողին ավելի լավ սոցիալական երաշխիքներ ապահովելուն ուղղված նախագիծ է, որը կարող է զգալի նշանակություն ունենալ պետական ծառայության համակարգն ավելի գրավիչ դարձնելու հարցում»,- քննարկման ավարտին ընդգծել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am