National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.01.2024
Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է ստացել պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձանց վերաբերող նախաձեռնությունը
1 / 15

Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ենթակա են 18-27 տարեկան արական սեռի քաղաքացիները: Նրանք 18 տարեկանում զորակոչվում են պարտադիր զինվորական ծառայության: Սակայն մինչեւ 27 տարին լրանալը պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դեպքում այդ քաղաքացիները շարունակում են մնալ հետախուզման մեջ, քրեական հետապնդման տակ. ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

«Այս պահի դրությամբ ունենք 5 հազարից ավելի քաղաքացիներ, որոնց 27 տարին լրացել է, եւ նրանք չեն կարողանում գալ ու անցնել պարտադիր զինվորական ծառայություն: Նրանք ունեն միայն մեկ տարբերակ` դատապարտվել ազատազրկման»,- ընդգծել է պատգամավորը: ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթով Հայկ Սարգսյանն առաջարկում է 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն` միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումար կամ առանց զինվորական ծառայություն անցնելու պետական բյուջե վճարելով համապատասխան գումար: Նշված բոլոր դեպքերում քաղաքացին կազատվի քրեական պատասխանատվությունից:

Առաջինից երկրորդ ընթերցում հեղինակը ներկայացրել է առաջարկներ, այդ թվում` տեխնիկական բնույթի:  Զեկուցողը նշել է, որ Կառավարությունը դրանցից հավանության է արժանացրել 1 ամիս ծառայության դիմաց 10 մլն դրամը 8 մլն դրամ դարձնելու առաջարկը: Հայկ Սարգսյանի խոսքով փոփոխությունը կնպաստի օրենքից օգտվել ցանկացող հավանական շահառուների թվի ավելացմանը:

Հեղինակի մեկ այլ առաջարկ վերաբերում է նոր քաղաքացիություն ստացող անձանց: Նախաձեռնությամբ սահմանվում էր, որ 27-35 տարեկան արական սեռի այն անձինք, որոնք կդառնան ՀՀ քաղաքացի, պարտավոր կլինեն ծառայելու 1 տարի կամ վճարելու 2,5 մլն դրամ: Առաջինից երկրորդ ընթերցում ընդլայնվել է տարիքային շեմը` սահմանվելով 18-45:

Զեկուցողի կարծիքով փոփոխությունները կնպաստեն ունենալու հավելյալ զորակոչիկներ, ինչպես նաեւ պետական բյուջե գեներացնելու ֆինանսական միջոցներ:

Հայկ Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են նախաձեռնության գաղափարախոսությանը, բյուջե վճարվելիք գումարների չափի տրամաբանությանը եւ այլն: Հեղինակը նշել է` այն քաղաքացիները, որոնք 27 տարին լրանալուց հետո կգան Հայաստան, սակայն առողջական պատճառներով պիտանի չեն լինի ծառայության, պարտավոր կլինեն վճարել պետբյուջե 15 մլն դրամ: Սակայն եթե նախաձեռնությունը չընդունվի, ապա այդ քաղաքացիները ոչ գումար կվճարեն, ոչ էլ կծառայեն:

Հարակից զեկուցող Վահագն Ալեքսանյանը ողջունելի է համարել նախաձեռնությամբ 27 տարին լրացած եւ արտերկրում գտնվող քաղաքացիներին ծառայելու հնարավորության ընձեռումը: Պատգամավորը նաեւ ներկայացրել է իր դիտարկումները` նշելով, որ նախաձեռնությամբ ոլորտում առկա խնդիրների լուծման համար առաջարկվում են օրինական լուծումներ:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշել է, որ Կառավարության ներկայացրած առաջարկներից որոշները չեն իրացվել առաջին ընթերցումից հետո եւ հորդորել հեղինակին իրացնել դրանք: Կառավարության դիրքորոշումն այն է, որ օրենքն ընդունվելու պահին կիրառվի եւ վերաբերվի միայն 27 տարին լրացած անձանց:

Ըստ Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանի` Կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ քաղաքացիության շնորհման գործող կանոններում որեւէ փոփոխություն կատարելուց:

Ելույթներում պատգամավորները ներկայացրել են իրենց մտահոգությունները եւ առաջարկները: Որոշ փոփոխություններ համարվել են անընդունելի ու ոչ արդար:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ընդունելի համարելով նախաձեռնության գաղափարը, նշել է, որ, այնուամենայնիվ,  որոշ հարցերի վերաբերյալ հանձնաժողովը չպետք է սխալ որոշումներ կայացնի:

Քննարկման ընթացքում նախաձեռնության հեղինակն ընդունելի է համարել Կառավարության  գրեթե բոլոր առաջարկները: Հայկ Սարգսյանը չի ընդունել միայն քաղաքացիություն ստացող անձանց չծառայելուն եւ պետբյուջե գումար չվճարելուն վերաբերող գործադիրի առաջարկը:

Օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 11-ի նիստում:

Լրամշակված նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am