National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
15.01.2024
Կառավարությունն առաջարկում է գործնականում լայնորեն չկիրառված հարկային արտոնությունը վերացնել
1 / 4

Կարգավորման առարկան Կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի շրջանակում ստեղծված նոր աշխատատեղերի համար վճարվող աշխատավարձի եւ դրանց հավասարեցված գումարների չափով շահութահարկից նվազեցում կատարելու արտոնության վերացումն է: Նման արտոնության սահմանման մոտ 10 տարիների ընթացքում այն գործնականում լայն կիրառություն չի ունեցել տնտեսավարողների շրջանում (նշյալ ժամանակահատվածում արտոնությունից օգտվել է ընդամենը 4 կազմակերպություն):

Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ԱԺ հունվարի 15-ի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Այդ արտոնությամբ Կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողի (բացառությամբ առեւտրի կամ ֆինանսական ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների) գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող հինգ հարկային տարիների շահութահարկի գումարը նվազեցվում է գործարար ծրագրի շրջանակում ստեղծված նոր աշխատատեղերի մասով համապատասխան հարկային տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան հարկային տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը: Արման Պողոսյանը նշել է, որ օրենքի նախագծի անցումային դրույթներով այն կազմակերպությունները, որոնք սկսել են օգտվել արտոնությունից եւ չի լրացել հնգամյա ժամանակահատվածը, կշարունակեն օգտվել արտոնությունից` մինչեւ իրենց համար սահմանված արտոնյալ ժամանակահատվածի ավարտը:

Փոխնախարարը նշել է, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ մտահոգություն էր հնչել, որ, գուցե, արտոնությունից չօգտվելու պատճառը տեղեկացվածության պակասն է: Դրանով պայմանավորված` իրազեկման մակարդակը բարձրացնելու համար երկամսյա ժամկետով հետաձգվել էր նախաձեռնության քննարկումը, սակայն դրանից հետո եւս գործարար շրջանակից կամ հանձնաժողովից որեւէ առաջարկ չի ստացվել:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը կարծիք է հայտնել, որ այս նիստը եւս իրազեկման հնարավորություն է, եւ եթե առաջիկայում տնտեսավարողների կողմից կլինեն առաջարկներ, կնշվեն արտոնությունից չօգտվելու պատճառները, ապա մինչեւ երկրորդ ընթերցում հնարավոր կլինի վերանայել նախաձեռնությունը եւ գնալ այլ ուղղությամբ: Հանձնաժողովի փոխնախագահն առաջարկել է այս փուլում կողմ քվեարկել: Նա ընդգծել է, որ այս պահին գործում են բավականին լայն հարկային արտոնություններ, այդ թվում` բիզնեսի համար, եւ դրանք ոչ միայն փոխհատուցում, այլ առավել մեծ հնարավորություններ են տալիս տնտեսավարողներին:

«Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնելով` Արծվիկ Մինասյանը կարեւորել է նախաձեռնությունը Հայաստանի տնտեսությունում ներդրումների խթանման խրախուսման համատեքստում: Ըստ նրա` ներդրումների ներգրավման մրցակցության մեջ կորցնում ենք մի հնարավորություն եւս: «Հակառակը: Քանի Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը համակերպվել են, որ արտոնությունների համակարգը պետք է գործի, հարկավոր էր զարգացնել սա, ոչ թե հանել»,- նշել է խմբակցության քարտուղարը: Նա կարծիք է հայտնել, որ պետք է գնալ ոչ թե արտոնությունը վերացնելու, այլ այն առավել արդյունավետ դարձնելու ճանապարհով: Պատգամավորը տեղեկացրել է, որ այս տեսքով իրենք դեմ են նախաձեռնությանը:

Եզրափակիչ ելույթում Արման Պողոսյանը, չհամաձայնելով Արծվիկ Մինասյանի դիտարկման հետ, վստահեցրել է, որ Կառավարությունն արդեն իսկ բազմաթիվ ծրագրեր է առաջարկել տնտեսավարողների համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am