«Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ իրականացնելու գաղափարն առաջացել է Ազգային ժողովում «2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումներին դատախազության բյուջետային հատկացումների վերաբերյալ հարցի քննարկման ընթացքում. ասել է «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը ներկայացնելով` Դատախազության եւ Քննչական կոմիտեի մասին օրենքներում փոփոխությունները:
Հեղինակն առաջարկում է դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի համար Արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից եւ քննություններ հանձնելուց ազատվելու համար սահմանված` վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի ստաժի պահանջը փոխարինել առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքի ստաժի պահանջով:
Զեկուցողի խոսքով վերջին շրջանում դատախազության համակարգում իրականացվող բարեփոխումները հանգեցրել են դատախազի պաշտոն զբաղեցնելու ցանկություն ունեցող անձանց թվի ավելացմանը` հատկապես երիտասարդ եւ բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած անձանց շրջանում:
Նշվել է, որ նախաձեռնության քննարկման ընթացքում Քննչական կոմիտեի գործընկերների ներկայացրած առաջարկը վերաբերել է կոմիտեում երեք տարվա ստաժի պահանջը եւս փոխարինել առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքի ստաժի պահանջով: Առաջարկն ընդունվել է հեղինակի կողմից:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը: Նա հորդորել է կողմ քվեարկել նախաձեռնությանը:
Նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է հունվարի 15-ի ԱԺ նիստում: