National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
15.01.2024
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ մի շարք օրենսդրական նախաձեռնություններ է քննարկել
1 / 1

Խորհրդարանը հունվարի 15-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ մի շարք օրենսդրական նախաձեռնություններ է քննարկել:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ու «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Փաթեթով սահմանվել են առեւտրային ցանցի եւ մատակարարների հարաբերությունների ընդհանուր պահանջները: Սահմանվել է, որ առեւտրային ցանցերը պետք է մատակարարման պայմանագրեր կնքեն մատակարարների հետ, ինչպես նաեւ հստակեցվել են առեւտրային ցանցի կողմից մատակարարին վճարման ենթակա առավելագույն ժամկետները, մասնավորապես` առեւտրային ցանցի կողմից մատակարարին վճարումն իրականացվելու է ոչ ուշ, քան` սննդամթեքրի համար 30 օրվա ընթացքում, ոչ պարենային արտադրանքի համար` 60 օրվա ընթացքում: Նախատեսվել են ապրանքների ցուցադրման պայմաններն առեւտրային ցանցերում, այդ թվում` ապրանքների գովազդման, ակցիաների իրականացմանն ուղղված պայմանները եւ կարգը:

Ըստ Վահան Քերոբյանի` լրացվել են նաեւ բանակցային ուժեղ դիրքի չարաշահման կարգավորումները, նախատեսվել են գյուղատնտեսական արտադրանքի իրացման շուկայում բանակցային ուժեղ դիրքի առկայության շեմերը: Առաջինից երկրորդ ընթերցում Կառավարության առաջարկով նախագծում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:

Գերատեսչության ղեկավարը նշել է նաեւ, որ կարգավորումների արդյունքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին հնարավորություն կընձեռվի կիրարկել օրենքն իր կողմից ունեցած տեղեկատվության հիման վրա:

Հարակից զեկույցով Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը հայտնել է, որ նախագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում ու ստացել դրական եզրակացություն:

««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով գործադիրն առաջարկել է քրեակատարողական ծառայողների` աշխատանքից ազատման հիմք սահմանել հատուկ ուսուցման եւ վերապատրաստման արդյունքում հերթական ստուգարքին երկու անգամ չստուգված արդյունք գրանցելը:

Արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծում որեւէ փոփոխություն չի արվել:

Գլխադասային` Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը: Պատգամավորը տեղեկացրել է, որ հոդվածի փոփոխությունը վերաբերում է քրեակատարողական ծառայողի շարունակական կրթությանն ու մասնագիտական աճին:

«Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներով վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի, անմիջական ղեկավարի, նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության դեպքում վերջիններիս նշանակման, վերանշանակման եւ ազատման գործընթացն առավել կհստակեցվի, կամրագրվի ժամանակավոր պաշտոնակատարի` տվյալ պաշտոնում նշանակման կարգը:

Լեւոն Բալյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում փոփոխություններ չեն արվել:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տրդատ Սարգսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունն ու կոչ արել պատգամավորներին հավանության արժանացնել օրենքի նախագիծը:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են նաեւ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» եւ կից օրենքներում նախատեսվող փոփոխությունները եւ լրացումները: Փաթեթը ներկայացրել է նախագծի հեղինակ Վիլեն Գաբրիելյանը:

Ըստ պատգամավորի` բովանդակային առաջարկները մի քանիսն են. կարգելվի անչափահասների կողմից մեխանիկական փոշեցրիչների, արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված աէրոզոլային եւ այլ սարքերի, էլեկտրահարող զենքերի ու կայծային պարպիչների շրջանառությունը: Կարգավորման արդյունքում գործնական քննությունից կազատվեն այն քաղաքացիները, որոնք ծառայում կամ ծառայել են պետական ռազմականացված կազմակերպություններում, այդ թվում` պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցածները կամ դիմելու պահին վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ ՊՆ կազմակերպած վարժական եւ զինվորական վարժանքներին մասնակցած անձինք, որոնք ունեն կամ ունեցել են զենք կիրառելու իրավունք եւ ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ, իսկ պարտադիր զինծառայության ավարտից հետո չի անցել 5 տարի. «Սա հաշվի ենք առնում որպես պարտադիր ժամկետային զինվորական ծառայության եւ վարժական հավաքների մասնակցած քաղաքացիների կողմից զենքի հետ վարվելու անվտանգության կանոններին տիրապետելու փորձ եւ դիտարկում որպես խրախուսող նորմ»,- ասել է Վիլեն Գաբրիելյանն ու նշել Կառավարության` իր համար ընդունելի առաջարկը. «Մինչեւ 2025 թվականի հունիսի 1-ը պարգեւատրված զենք ունեցող անձինք պարտավոր են ոստիկանություն ներկայացնել համապատասխան բժշկական տեղեկանք եւ հանձնել համապատասխան քննություն, հակառակ պարագայում իրենց սեփականություն հանդիսացող պարգեւատրված զենքը մալվելու է»:
 

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն: Այս մասին ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:

Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ գործադիրն աշխատել է նախագծի հեղինակի հետ, առաջարկների մեծ մասն իրացված է: Փոխնախարարը վստահեցրել է նաեւ, որ Կառավարությունը պատրաստակամ է գործող օրենքը շարունակաբար մշտադիտարկման ենթարկել եւ համապատասխան լուծումներ առաջարկել:

««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

ՊԵԿ նախագահը հայտնել է, որ առաջարկվող կարգավորման արդյունքում Գյումրու մաքսատան տարածքում պետական տուրքի դրույքաչափերը կբարձրացվեն, մաքսատան ծանրաբեռնվածությունը կթոթափվի, իսկ տնտեսվարողները ժամանակային ու ֆինանսական ռեսուրսների կորուստ չեն ունենա:

«Փոփոխությունների արդյունքում 3 օրվա ընթացքում ավտոմեքենան մաքսազերծելու պարագայում ընդհանրապես պետական տուրք չի գանձվի, տուրքի գանձումը կսկսվի 4-րդ օրվանից: Նախագիծը ֆիսկալ նպատակներ չի հետապնդում»,- ասել է Ռուստամ Բադասյանը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահը: Բաբկեն Թունյանը նշել է, որ թեեւ ՊԵԿ-ից հայտնել են` ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացը մի քանի ժամ է ենթադրում, այնուամենայնիվ, հանձնաժողովն առաջարկել է մաքսատան տարածքում կայանելու համար երեք անվճար օր տրամադրել քաղաքացիներին, քանի որ կարող են լինել նաեւ անկանխատեսելի դեպքեր:

«Պետական տուրքի ավելացումը կամ նոր պետական տուրք սահմանելը լրացուցիչ ֆինանսական պարտավորություն է: Դրան հարմարվելու համար տնտեսվարողներին առնվազն 6 ամիս ժամանակ է հարկավոր»,- ասել է Բաբկեն Թունյանն ու խնդրել գործադիրի ներկայացուցիչներին նկատի ունենալ այդ փաստն այսուհետ պետական տուրքի շեմի բարձրացում նախատեսող նախաձեռնություններն ԱԺ բերելիս:

ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվող կարգավորմամբ եթե անձը վարչական իրավախախտում կատարելուց հետո 24 ժամվա ընթացքում վերացնի իրավախախտման հատկանիշները, ապա կազատվի ԱՊՊԱ պայմանագիրն իրավասու մարմին ներկայացնելու պարտավորությունից:

«Քաղաքացիները կազատվեն անիմաստ բյուրոկրատական քաշքշուքներից, կթեթեւացվի Պարեկային ծառայության վարչարարությունը»,- ասել է Էդուարդ Աղաջանյանն ու հայտնել, որ ՆԳՆ բոլոր առաջարկներն ընդունվել են իր կողմից:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունն ու հայտնել, որ նախագծի ընդունման պարագայում վարչական իրավախախտում կատարած քաղաքացին կազատվի ավելորդ պարտավորությունից:

««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով Կառավարությունն առաջարկել է բարելավել սնանկության գործընթացը:

Ըստ փոխնախարարի` ակնկալվում է ապահովել սնանկության վարույթը` սկսած դրա հարուցումից մինչեւ ավարտը, էլեկտրոնային եղանակով իրականացնելու հնարավորություն, ինչպես նաեւ լուծել իրավակիրառ պրակտիկայում ծագած որոշ հրատապ խնդիրներ:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Պատգամավորը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում Կառավարությունը մի քանի տեխնիկական բնույթի փոփոխություններ է կատարել նախագծում:

Կառավարության ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը եւս զեկուցել է Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:

Ըստ զեկուցողի` նախագիծը ստեղծվել է Քրեական եւ Քրեադատավարական օրենսգրքերի ընդունումից հետո իրականացված մշտադիտարկման արդյունքում:

Արփինե Դավոյանը ներկայացրել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումը: Խորհրդարանականը հայտնել է, որ Կառավարության ներկայացուցիչն ընդունել է իր առաջարկները, ուստի կոչ է արել գործընկերներին դրական քվեի արժանացնել նախագծերի փաթեթը:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ Քրեական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթով ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հնարավորություն ընձեռել 1 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնել եւ պետական բյուջե վճարել 8 մլն դրամ` նախկին 10 մլնի փոխարեն:

Պատգամավորի խոսքով գործադիրի տասնյակ առաջարկներ ընդունվել են, մի քանիսը` վերապահումներով:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Կառավարության դիրքորոշումը ներկայացրել է ՊՆ նախարարի տեղակալը: Արման Սարգսյանը խնդրել է պատգամավոր Հայկ Սարգսյանին ձեռնպահ մնալ 27 տարին լրացած եւ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձանց նկատմամբ 1 տարի ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու կամ դրա փոխարեն 2,5 մլն դրամ պետական բյուջե վճարելու պարտավորության սահմանումից: «Դա չի համապատասխանում ՀՀ քաղաքացիության ընդունման քաղաքականությանը: Նման պարտավորության սահմանումը հնարավոր է բացասական ազդեցություն ունենա ՀՀ քաղաքացիություն ընդունելու գրավչության մասով»,- ասել է պաշտպանության փոխնախարարը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am